Հայաստանի և Ադրբեջանի ապրիլյան քաղաքական ցիկլերից հետո

- in Կարծիք
Serzh Aliyev

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական տարածաշրջանային այցը ուշագրավ էր այն իմաստով, որ դրա ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես եկավ աղմկահարույց ելույթով:

Ալիևն, ըստ էության, ներկայացրեց իր պետության ռազմավարական նպատակը, որը ձևակերպված էր «Երևանի և Զանգեզուրի պատմական հողեր վերադառնալու» տեսլականով: Նախընտրական արշավի մեկնարկի առիթով հնչած այս ելույթը դժվար է դիտարկել բացառապես ներքաղաքական և էմոցիոնալ հարթության վրա, մանավանդ, որ Ալիևը մարտի 11-ի նախագահական արտահերթ ընտրություններում դրա անհրաժեշտությունն, ըստ էության, չունի: Ավելի շուտԱդրբեջանի նախագահն քարոզարշավի մեկնարկն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության տարածաշրջանում գտնվելու փաստն օգտագործեց իր ռազմավարական ծրագիրը ներկայացնելու նպատակով:

Երևանում ակնհայտորեն պատրաստ չէին Ադրբեջանի նախագահի նման հայտարարությանը և, ըստ էության, դիվանագիտական և քաղաքական հարթության վրա հնչեցրեցին ոչ համարժեք պատասխան` ստանդարտ շեշտադրումներով, որոնք ավելի շատ կարող է բավարարել ներքին լսարանի ավանդական հայրենասիրական պահանջարկը:

Դատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտինի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի երեկ երեկոյան տարածած հաղորդագրությունից` միջնորդների համար ևս անակնկալ է եղել Ալիևի հայտարարությունը:

Այնպիսի տպավորություն է, որ նրանք իրենց տարածաշրջանային այցը ամփոփող հայտարարության նախօրոք պատրաստված տեքստը վերջին պահին «խմբագրել» են` հենց Ադրբեջանի նախագահի ելույթի և դրա երևանյան արձագանքների համատեքստում:

«Համանախագահները կողմերին կոչ են արել լրացուցիչ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, ինչպես որ պայմանավորվել էին Ժնևում, և հարգել հրադադարը: Նրանք նաև կոչ են արել կողմերին զերծ մնալ բորբոքիչ հայտարարություններից և սադրիչ գործողություններից»,-կարդում ենք համանախագահության տարածած հաղորդագրության տեքստում: Բացի այն հանգամանքից, որ փաստաթղթում կրկին բացակայում է հասցեականությունն, ինչն, անշուշտ, թուլացնում է միջնորդների արած շեշտադրումների քաղաքական ակցենտը, աչքի է զարնում նաև այն հանգամանքը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անտեսում են այն փաստը, որ իրենց օրակարգը կորցրել է ակտուալությունը Ալիևի ելույթի ֆոնին:

Իհարկե, տողատակով ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծված իրավիճակը փորձում է բացատրել Հայաստանում և Ադրբեջանում տեղի ունեցող նախընտրական գործընթացներով. «Համանախագահները ողջունել են կողմերի մտադրությունը՝ շարունակելու ակտիվ բանակցությունները՝ հաշվի առնելով ներկա ընտրական շրջանը»:

Իրավիճակի ամբողջ նրբությունն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի ապրիլյան քաղաքական ցիկլերից հետոթե Երևանում և թե համանախագահ երկրների մայրաքաղաքներում կհամոզվեն, որ Ալիևի ելույթի հիմնական մոտիվն ամենևին էլ ընտրությունները չեն եղել, սակայն իրավիճակի ոչ համարժեք ընկալումը գուցե խանգարի, որպեսզի միջնորդական առաքելությունը կկարողանա ձեռնարկել անհրաժեշտ քայլեր տարածաշրջանային լարվածության նոր ռիսկերը կանխելու ուղղությամբ:

Spread the love