cuyc 1

Այս ամիս լրանում է ոչ միայն համազգային շարժման 30-րդ տարեդարձը, այլ նաև` փետրվարյան դրամատիկ իրադարձությունների քսան տարին, որոնք 1998-ի փետրվարի 3-ին հանգեցրեցին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ինքնակամ- հարկադրական հրաժարականին:

Հայկական հակահեղափոխության արմատներն իրականում թաքնված են 88-ի ստվերում, իսկ ավելի ստույգ հետևանք են այն բանի, որ Երրորդ հանրապետության առաջին իշխանությունները շատ արագ մսխեցին 88-ի պոտենցիալը:

Շարժման հարթակը այնքան միատարր ու կուռ չէրինչքան կարող էր թվալ առաջին հայացքից ու պատահական չէ, որ 1998-ի հակահեղափոխության առաջին գծում շարժման երկրորդ շերտի գործիչներն էին, ովքեր համազգային զարթոնքի տարիներին ակտիվ էին եղել Արցախում: Շարժման առաջնորդները հաճախ են պնդում, որ 88-ի նպատակներն իրագործված են Հայաստանն անկախ է, Արցախն` ազատագրված:

Հանրահավաքային լոզունգների տրամաբանության համատեքստում նրանք գուցե նույնիսկ ճիշտ են, սակայն 88-ի շարժման պոտենցիալը, էներգետիկան թույլ էին տալիս լուծել ոչ միայն ազգային հարցերը, հաղթել պատերազմում, այլ նաև ունենալ ժամանակակից եվրոպական պետություն` ինչպես դա հաջողվեց մերձբալթյան ժողովուրդներին: Եթե Հայաստանը կարողանար ապահովել դեմոկրատական այդ ճեղքումը, լուծված կլիներ նաև ռուսական կայսրությունից վերջնականապես պոկվելու հարցը, որովհետև Մոսկվայի ազդեցությունը բոլոր դեպքերում տարածվում է այն երկրների վրա, որոնք ունեն ավտորիտար ռեժիմներ, օլիգոպոլ համակարգեր:

90-ականների սկիզբը խոստումնալից էր. նույնիսկ պատերազմը չէր խանգարում քաղաքական, տնտեսական բարեփոխումների իրականացմանը, սակայն ՀՀՇ-ն չկարողացավ հաղթահարել իշխանությունը պահելու բարդույթը, ինչի հետևանքով տեղի ունեցավ իշխանության քաղաքական թևի դուրսմղումը նոմենկլատուրայի, այսպես կոչվածերկրապահական էլիտայի, ղարաբաղյան կանի կողմից, ընտրությունների ինստիտուտի վարկաբեկումը 1995-96թթ-ի խորհրդարանական և նախագահական ընտրությունների ու սահմանադրական հանրաքվեի ժամանակ: Սրան զուգահեռ` շուկայական տնտեսությունը տեղը զիջեց պետական կապիտալիզմի մոդելին:

1996-ին իշխանության ճգնաժամն արդեն ակնհայտ էր և, ըստ էության, տեսանելի չէին այն հաղթահարելու դեղատոմսերը. 1998-ին տեղի ունեցավ, ըստ էության, պալատական հեղաշրջում, որը քաղաքական ակտ էր` ուղղված 88-ի համազգային շարժման արժեքների, Երրորդ հանրապետության հիմքերի դեմ:

Մյուս կողմից` 1998-ի քաղաքական դավադրությունն երբեք իրականություն չէր դառնա, եթե համազգային շարժումից ընդամենը տաս տարի անց ՀՀՇ-ն և նրա ղեկավարությունն անհուսալիորեն հեռացած չլինեին 88-ի սկունքից:

…Մեկ տարի հետո` 1999թ-ի հոկտեմբերի 27-ին, Հայաստանի խորհրդարանում հնչած դավադիր կրակոցները փաստացի ընդհատեցին Երրորդ հանրապետության քաղաքական կենսագրությունը:

Spread the love