ՀՀԿ–ական ու անկուսակցական թեկնածուները գրեթե հավասար են

Yntrutyun

«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ մեկ ամիս անց՝ մարտի 11–ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Տավուշի մարզերի թվով 20 համայնքներում: 

Թեկնածուների առաջադրումն արդեն իսկ ավարտվել է: Համայնքապետ կամ ավագանու անդամ դառնալ ցանկացողները պետք է հասցնեին այդ գործողությունն անել մինչև փետրվարի 9–ը: Փետրվարի 9–14–ն ընկած ժամանակահատվածն էլ սահմանված է առաջադրված թեկնածուներին գրանցելու համար:

Թեկնածուները նաև պարտավոր կլինեն տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնել իրենց հայտարարագրերը, որի համար ժամկետ է սահմանվել փետրվարի 19–ը:

Ինքնաբացարկի դիմում ներկայացնելու համար ժամկետ է սահմանվել մարտի 1–ը, իսկ նախընտրական քարոզարշավի մեկնարկը կտրվի փետրվարի 21–ին և կտևի մինչև մարտի 9–ը՝ ժամը 24:00–ն:

20 համայնքներից չորսի ավագանու և գյուղապետի թեկնածուները նախընտրական գրավ չեն վճարի: Խոսքը Արարատի մարզի Սիփանիկ, Կոտայքի մարզի Հացավան, Արագածոտնի մարզի Դդմասար և Շիրակի մարզի Վարդաքար համայնքների մասին է: Այս համայնքներում բնակչության թիվը չի գերազանցում 450–ը:

Կախված ընտրողների թվաքանակից՝ կտատանվի մյուս համայնքների ավագանու կամ համայնքապետերի թեկնածուների՝ ԿԸՀ մուտքագրվող գրավի չափը: Մասնավորապես 500–ից ավելի և մինչև հազար ընտրող ունեցող համայնքների գյուղապետերի թեկնածուները կվճարեն 50 հազար, իսկ ավագանու անդամները՝ 10 հազար դրամ: Հազար և ավելի ընտրող ունենալու դեպքում թեկնածուները կվճարեն համապատասխանաբար 100 և 15 հազարական դրամ:

Մինչև հազար ընտրող ունեցող համայնքները կունենան 5 ավագանու անդամ, իսկ հազարից ավելիի դեպքում՝ 7:

Մարտին սպասվող ընտրություններին նախապատրաստվող համայնքներից ընտրողների թվով ամենամեծը Արարատի մարզի Հայանիստն է: Այստեղ ընտրելու իրավունք կունենա 1997 քաղաքացի: Հայանիստն ունի երկու թեկնածու՝ մեկը ՀՀԿ–ական, մյուսը՝ ԲՀԿ–ական: Հանրապետական Բալաբեկ Սարկիսյանին առաջադրել է հարազատ կուսակցությունը, իսկ մյուս թեկնածուն՝ Տիգրան Բաբաջանյանը, հանդես է եկել ինքնառաջադրմամբ:

Ամենից քիչ ընտրող ունեցող համայնքում էլ՝ Արագածոտնի մարզի Դդմասարում, երկու թեկնածու կա՝ անկուսակցական ու հանրապետական: Վերջինը 130 ընտրող ունեցող համայնքի ներկայի ղեկավարն է՝ Ռաշիդ Օսեյանը, ում առաջադրել է իշխող կուսակցությունը: Նրա «մրցակիցն» է համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Ռուբիկ Սադոյանը:

Գրեթե բոլոր համայնքներում կա երկու կամ երեք թեկնածու: Միակ համայնքը, որտեղ կա չորս համայնքի ղեկավարի թեկնածու, Լոռու մարզի Դեբետն է: Այստեղ բոլոր առաջադրումներն էլ արվել են հենց թեկնածուների կողմից, և ոչ մի կուսակցություն չի պատրաստվում սատարել իրենց շարքերը համալրած անձանց: Տարօրինակ է, բայց այդ չորս թեկնածուների մեջ չկա նախկին գյուղապետը, փոխարենը նրա պաշտոնն են ցանկանում զբաղեցնել անկուսակցական և այս պահին գործազուրկ Աշոտ Ղազարյանը, ԲՀԿ–ական, կրկին անաշխատանք մնացած Յուրիկ Նազլուխանյանը, դաշնակցական, Դեբետի մշակույթի կենտրոնի տնօրեն Արայիկ Սարգսյանը և ՀՀԿ–ական, Դեբետի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Կամո Պետրոսյանը:

Ընդհանուր առմամբ համայնքի ղեկավարի ընտրություններին կմասնակցի 15 ՀՀԿ–ական, 12 անկուսակցական, չորս ԲՀԿ–ական և ընդամենը մեկ ՀՅԴ–ական թեկնածու:

Spread the love