Հրանտ Մաթևոսյան ընթերցելը պարապ վախտվա խաղալիք չէ

Գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի անվան ամենամյա մրցանակն այս տարի հանձնվեց գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Վազգեն Գաբրիելյանին:

Մաթևոսյանի ծննդյան կապակցությամբ Գրողների միությունը գեղեցիկ միջոցառումն անցկացրեց փետրվարի 12-ին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: Մտավորականները ծաղիկներ խոնարհեցին գրողի շիրմին:

«Առանց գրաքննադատության և գրականագիտության դժվար է պատկերացնել գրականությունը: Երբեմն անգամ գրողը լիարժեք չի կարող ասել, թե ինչ է ստեղծել: Անհրաժեշտ են գրականագետներ, փիլիսոփաներ, որոնք կբացահայտեն դա: Վազգեն Գաբրիելյանը նրանցից մեկն է: Նա Մաթևոսյանի և այլ գրողների ստեղծագործությունների բազմաթիվ հետազոտություններ է իրականացրել, մշտապես մասնակցել մաթևոսյանական ընթերցումների, կազմել ու խմբագրել դրանց ժողովածուները»,-նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Անդրադառնալով Հրանտ Մաթևոսյանին` Միլիտոնյանն ասաց, որ նա հայ ինքնության անցյալ, ապագա քարտեզը ստեղծող, շարունակող, լրացնող, խորացնող, պեղող արձակագիր է:

Վազգեն Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց մրցանակի համար և շեշտեց, որ Հրանտ Մաթևոսյանը հրաշալի գրական ժառանգություն է թողել, որն ապրեցնում էր տարիներ առաջ և շարունակում է ապրեցնել: «Կարծում եմ` այն հատկապես կարևոր է մեր գրական զարգացման ընթացքի համար»,-ընդգծեց գրականագետը:

Related image

Spread the love