Մեծ մտավորականի ծննդյան օրն է այսօր

- in Մշակույթ

Այսօր հայ գրական արձակի մեծ վարպետ, մեր ամենասիրելի գրող – մտավորական Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է:

* * *

Անկախությունը հանրապետություն ընկած պատուհաս չէ, որ ամենքիս ու ամեն ինչ տակնուվրայեր և Հայոց աշխարհով անցնող փրկիչ չէ, որ փեշերից կախվելով խնդրեինք չանցնել, կուռք դարձնեինք ու պաղատանքի ծնկեինք: Անկախությունը հանրապետության բոլոր ուստրերի ու դուստրերի ամենօրյա, ամենժամյա` համարիր ճորտական աշխատանքն է, հենց որն էլ մեզ բոլորիս տեր կկարգի միմյանց ու այս երկրին, որն արդեն ոչ ոքի չենք զիջի:

* * *

Ես ծափողջույններով չեմ մտել երրորդ հանրապետություն, այլ վախով, երկյուղով, որովհետև ես տեսնում էի այն կորուստները, որ այսօր ահռելի թափով ավելի են մեծանում: Այն ժամանակ ես տեսնում էի, որ ժողովուրդը ճամպրուկները կապած է: Մարդկանց ուշքն ու միտքը դրսում էր: Հետո այն ժամանակ էլ եկամուտների հիմնական մասը արտագնա աշխատանքից էր ստացվում: Այստեղ այդքան աշխատանք չկար: Այս հողը այդքան ժողովուրդ չէր բռնում իր վրա: Բնական է, որ մարդն իր գլխի ճարը տեսնելու համար այս երկրից պետք է գնար: Ես վախով էի վերաբերում այդ ամենին: Մի փոքր ցնցում էր պետք, որ մի կերպ առաջացած այդ փխրուն մարմինը, որ կոչվում էր Հայաստան երկիր, փուլ գար, փլվեր: Ես վախենում էի դրա համար:

* * *

Քո բոլոր ճակատամարտերն այլևս տանուլ են տրված: Քո երկրից հաղթանակ տարած ոչ մի զորավար չի մեծարվել հաղթակամարով: Ոչնչացվել են կռվողների քո փոքրիկ խմբերը լեռներում ու կիրճերում: Դու ոչ մի հաղթանակ չունես: Քո պարզած սպիտակ դրոշները թշնամու մեջ չեն խաղացել սրտառուչ հարգանք և հաշտության քո բանագնացները խեղդվել են թաց հռհռոցի մեջ: Քո երկիր մտել են ոչ թե փաղանգների կուռ սպառնալիքով կորզելու հավասարի քո դաշինքը կամ գնելու քո մեծահոգի չեզոքությունը, այլ թափթփված խուժանի խմբերով են եկել՝ կնիկ, ճարմանդ, կարպետ, ձի խլելու, արտ հրդեհելու: Պատառոտվել են նոր գնդեր գումարելու քո ծրագրերը: Բարձախեղդ է արվել որևէ ելք փնտրելու քո մտմտուքը: Ուրկից որ գուցե հանեիր զրույցի հրեղեն թուրը՝ ճզմել են քո գանգի այդ մասը: Դու ջախջախված բանակի միավոր ես: Դու պիտի այն անես, ինչ անում են պարտված բանակները: Պարտված բանակները հաղթողների համար կանգնեցում են իրենց պարտության հուշասյունը:

* * *
Պիտի սպասեինք այս օրին, պիտի սպասեինք այս չարությանը, այս դաժանությանը, այս աղքատությանը: Պիտի սպասեինք, այսպես էլ պիտի լիներ: Մեր վիճակի դրամատիզմն այն է, որ հեռուստատեսությունը, մամուլը, մի խոսքով՝ խոսքի աշխարհը, որ իր հմայիչ դրսեւորումներն է ունեցել ոչ մեզանում, հեռուստատեսության, լրագրի, կոմունիկացիաների արագացման այս պայմաններում եկել պարտադրում են մեզ, իսկ մենք աղքատ ազգականի վիճակում ենք:Հոգիներս, որ ահա պիտի թեւածելիս լիներ, կամ թեւածում է արեւմուտքի ստեղծած սիմվոլների աշխարհում, աշխատանքի ու ազատության մաքուր երկինքներում, մտքներս դարձյալ ասիական այս աղբի մեջ է: Իսկապես վիճակներս շատ ողբերգական է: Էլի պիտի աննյութ հույսը առագաստ դարձնենք, թե մեր ժողովրդի բարոյական կառույցը ավելի պինդ կլինի, քան այսօր մեզ խփող այս փոթորիկները, եւ կկանգնենք: Կորուստները կան: Մի կողմից դրախտի տեսքով Ամերիկան է դռները բացել, մյուս կողմից ասիացի վայրենին է խփում, կորուստները կան, բայց դրանց հետ պիտի հաշտվենք եւ էլի հույսներս շրջենք դեպի այն ժողովուրդը, որ վաղվա օրով մնացորդ է լինելու եւ որի վրա պիտի ծաղկի վաղվա Հայաստանը:

* * *
… Կաղ, կուզ, գեղեցիկ, ճաղատ, ծիծաղելի, մռայլ, սուտ անկոտրում, սուտ հանդիսավոր, դժգոհ, անվերջ դժգոհ, ուրախ, անմտության չափ ուրախ բանաստեղծների քո տոհմը, ծաղրածուների այդ մեծ ընտանիքը հիմա ամբողջ աշխարհով մեկ արև է փռում. արևի մեջ սամիթի բույր է փռում, ծիրանի ծառ է տնկում, լուսին է օծում, հմայիլի աղոթքով փափկեցնում է մարդու ժանիքները, իմաստավորելով մահըլռին գերեզմանատներ է դնում արևի տակ, իմաստավորելով ծնունդը ուրախության բաժակներ է փշրում, աղավնիներ ու աստղաթիթեռներ է շպրտում երկինք, հավերժելու տարտամ ցանկությունը դարձնում է հայրենիքի կարոտ, փառաբանում է հացի լինելը և փառաբանում է հացի չլինելը, տղամարդ-ավազակներից շինում է հայր-ավանակներ և արևային երկիրը լցնում է մոլոր արահետներով ու բարի ավանակներով, բանաստեղծների այդ տոհմն ահա աղուտ հարթավայրը դարձրել է Արարատյան դաշտ, և մարդիկ խմբավորվում են ըստ արհեստների, և չկա խմբավորման մի այլ կերպ: …Բանաստեղծների քո տոհմն ահա կախաղանների տակից խեղկատակորեն աչքով է անում, սխալմամբ բանտ է նստել և քմծիծաղով սպասում է, թե հիմա թյուրիմացության համար ներողություն են խնդրելու, ատրճանակ բռնել չգիտե և գնում է մենամարտի, Հիտլերի ականջն ի վեր մրջյունի ձայնով գոռում է, թե ինքը համաձայն չէ նրա կարծիքին և ունի բոլորովին այլ տեսակետ, կապում է կործանված կամուրջները և չի նկատում, որ իր հետևից քանդելով գալիս են նույն կործանողները, կախաղանի տակից շփոթ ժպիտով նայում է քեզ, թե հիմա կհասկանան իրենց սխալը, ու սխալն էլ մարդկային է, ոչինչ: Հաղթած բանակի գեներալները շանսատակ են անում իրենց բանակի բանաստեղծներին:

gCRtF-QEoCQ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20