Միամիտ չկա. Այս իշխանության օրոք Մարտի 1-ը չի բացահայտվի

AJ

Ազգային ժողովում այսօր՝ փետրվարի 23-ին, «Ելք» խմբակցությունը հրավիրվել է խորհրդարանական լսումներ 2008-ի Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը նշեց. «Ո՛չ այստեղ միամիտ կա, ո՛չ էլ ժողովրդի մեջ, որ պատկերացնի, թե Մարտի 1-ը կբացահայտվի, քանի դեռ գործող իշխանությունը իշխանավարման պրոցեսի մեջ է»:

Դատախազության ներկայացուցչի պատասխանին արձագանքելով՝ Մակեյանն ասաց. «Ես չէի էլ մտածում, որ դուք իմ կարծիքը պետք է կիսեք: Էստեղ նստածների մեծ մասը նախկին քաղբանտարկյալներ են, որ ձեր իրավաբանների միջոցով դատվել են»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը դատախազության ներկայացուցիչ Կարեն Բիշարյանից հետաքրքրվեց. «Համարո՞ւմ եք, արդյոք, որ Մարտի 1-ին խախտվել է մարդու կյանքի իրավունքը, և առնվազն 510 վիրավորներից որևէ մեկը փոխհատուցում ստացե՞լ է»:

«Արդյոք քննության առարկա դարձե՞լ են, թե որքանով են բարձրաստիճան անձանց արձակած հրամանները նպաստել սպանություններին»,- դատախազության ներկայացուցիչ Կարեն Բիշարյանին հարցրեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոննիսյանը, ինչին հնչեց հետևյալ պատասխանը. «Նախաքննության առարկա են բոլոր իրական վարկածները, բայց ոչ՝ երևակայական»:

ՀԱԿ անդամ, գրող-հրապարակախոս Առաքել Սեմիրջյանը, հարց ուղղելով ՀՀ գլխավոր դատախազության հատուկ կարևորագույն գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանին, հետաքրքրվեց. «Ես ուզում եմ կրկնել Նիկոլ Փաշինյանի հարցը, որն ուղղված էր Անդրանիկ Քոչարյանին. կա՞ արդյոք որևէ ապացույց, որ ընդդիմության որևէ ներկայացուցիչ զենք է կիրառել կամ որևէ զինված քայլեր է պլանավորել»:

Հարցը՝ որևէ զոհ զինված եղե՞լ է, թե՞ ոչ, Կարեն Բիշարյանը համարեց նախաքննության տվյալ և խուսափեց որևէ պատասխան հնչեցնել: Առաքել Սեմիրջյանը նաև հետաքրքրվեց՝ արդյոք զոհերի ծնողների նկատմամբ ճնշումներ եղե՞լ են:

«Պարոն Քոչարյան, Դուք տեղյակ եք, որ եվրոպական մասնագետները ասել են՝ «Չերյոմուխա-7»-ը շատ հեշտորեն նույնականացվում է. 21-րդ դարում անհնարին է, որ դա չբացահայտվի: Դաժե իրենք ծիծաղել են»,- դիմելով Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանին հարցրեց Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայր Սարգիս Քլոյանը:

Ի պատասխան՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ «Չերյոմուխա-7»- ի կիրառման կարգը խախտվել է:

Դիմելով Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանին՝ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը հարցրեց. «Ձեր հավաքած նյութերի կրկնապատճենը կա՞. ես արխիվների հետ աշխատող մարդ եմ և գիտեմ՝ ինչպես կարող են անհետանալ ամբողջական նյութեր»:

Ի պատասխան՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ նյութերը պահվել են չհրկիզվող պահարանում. «Նյութերը Վահե Ստեփանյանի կողմից հանձնվել են պարոն Նիկոյանին»:

Փորձագետների Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց, թե ինչպես ձևավորվեց Փաստահավաք խումբը և ինչպիսի աշխատանքներ կատարեց և չհասցրեց կատարել:

Հիշեցնելով Գևորգ Կոստանյանի խոսքերը, թե Մարտի 1-ի դեպքերից 5 տարի հետո է ինքը դարձել գլխավոր դատախազ, և այդ 5 տարվա ընթացքում մարդիկ բացակայել են, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Դրանից չի բխում, որ նախորդ 5 տարվա աշխատանքը պետք է չարժանանա գնահատականի: Փոխվել է արդեն 3 գլխավոր դատախազ, և լավ կլիներ, որ գոնե ներկա լիներ նոր գլխավոր դատախազը»:

Նա նշեց, որ Փաստահավաք խմբում երբեք քաղաքական վեճեր չեն եղել, ինչպես փորձեցին ներկայացնել Դավիթ և Արմեն Հարությունյանները:

«Մարտի 1-ի բացահայտումը կենսական անհրաժեշտություն է մեր պետականության համար»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ դրա հնարավորությունն այսօր էլ կա, և կան մարդիկ, որոնց հրամանների առկայությունը ապացուցման կարիք չունի:

Նրա խոսքով՝ առավոտյան գործողությունները հրամանի տեսքով իրականացրել է Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսովը:

«Դիպուկահարները չեն եղել 1-ը կամ 2-ը»,- նշեց նա՝ հավելելով, որ Փաստահավաք խմբին չհաջողվեց ճեղքել պատնեշը՝ իրենց աշխատանքներին չխոչընդոտելու:

«Միքայել Հարությունյանը պետք է կանչվի և հարցաքննվի. սա է բացահայտման մեխը: Ի՞նչն էր պատճառը, որ Զինված ուժերը մտան ներս»,- հարց բարձրացրեց Անդրանիկ Քոչարյանը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցերին՝ ի հայտ եկե՞լ են փաստեր, որ ցուցարարների կողմից օգտագործվել է որևէ զենք, զինամթերք՝ ընդդեմ ոստիկանների, և ինչո՞ւ ի վերջո տասնյակ տեսախցիկների ներքո, հազարավոր մարդկանց ներկայությամբ տեղի ունեցած սպանությունները չեն բացահայտվել, Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Մենք որևէ փաստեր չունեինք, որ ցուցարարները զենք են ունեցել»:

«Կարո՞ղ ենք ասել, որ ըստ էության ձևավորվել էր իշխանության կառավարման կենտրոն, որի խնդիրն էր այդ ողջ ընտրական պրոցեսը պահել վերահսկողության ներքո»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը նշեց, որ Մարտի 1-ի դեպքերի քննության բարդությունը պայմանավորված է նրանով, որ Գոռ Քլոյանի, Տիգրան Խաչատրյանի և Արմեն Ֆարմանյանի մարմնից հանված «Չերյոմուխա-7» գազային նռնակի բեկորների վրա առկա կրակման հետքերը պիտանի չեն կոնկրետ զենքի նույնացման համար:

Նրա խոսքով, սակայն, իրենք իրենց ջանքերը սպառված չեն համարում, և Գլխավոր դատախազությունը ակտիվ աշխատանքներ է տանում: «Ցավոք, քննվող գործերով դեռևս արդյունք չկա, սակայն արդյունավետությունը կապված չէ արդյունքի հետ»,- նշեց նա:

«Մեր պահանջը բացարձակ կապ չունի քաղաքականության հետ, մեր պահանջն է բացահայտել՝ ով հրաման տվեց, և ովքեր սպանեցին մեր երեխաներին»,- հայտարարեց Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:

Հիշեցնելով Գևորգ Կոստանյանի խոսքերը՝ Սարգիս Քոյանն ասաց. «Պարոն Կոստանյան, եթե անցնի մի քանի տարի, երևի դուք էլ չեք հիշի, թե ինչ է կատարվել 2008-ի մարտի 1-ին: Անցնի 10-20 տարի՝ ընդհանրապես գոյություն չի ունեցել Մարտի 1: Սա ի՞նչ արտահայտություն է: Դուք խոստացաք, որ սայլը տեղից կշարժվի, բա ի՞նչ եղավ»:

Նրա խոսքով՝ ՀՔԾ-ն քննում է միայն շարքային քաղաքացիներին. «Քննեք ոստիկաններին, նրանք ամեն ինչ կպատմեն»:

Սարգիս Քլոյանը նշեց, որ իրենց բարոյական օգնություն է ցույց տվել ՀԱԿ-ը. «Գիրք են նվիրել. սա միլիոն արժե: Սա կմնա պատմություն, մեր երեխաները կկարդան և կիմանան, որ իրենց հայրերը զոհվել են Հայաստանի ազատագրական պայքարի համար»: Դիմելով իշխանություններին՝ նա ասաց. «Հույս չունենաք, մենք պայքարելու ենք բոլոր մեղավորներին պատժելու համար»:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինչ-ինչ պատճառներով Վարդգես Գասպարիին ներս չէին թողնում. «Էս ի՞նչ լարվածություն է  որոշ ծառայությունների կողմից: Մեզ համար դա անհանդուրժելի է. Գասպարին պետք է ներս մտնի»:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, թե ովքեր են զոհվել Մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ և առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը:

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն իր ելույթում նշեց, որ այս հանրային լսումները ընդամենը մխիթարանք են, որովհետև ամենքին ամեն ինչ հայտնի է. «Դիրիժորը եղել է Ռոբերտ Քոչարյանը, երկրորդ պատասխանատուն՝ ի պաշտոնե վարչապետ Սերժ Սարգսյանը»։

Ապա դիմելով Գևորգ Կոստանյանին՝ Լևոն Բարսեղյանն ասաց. «Լա՞վ եք, պարոն Կոստանյան, դուք ձախողված դատախազ եք, բա առյուծի սիրտ պետք է ունենալ, որպեսզի նման հարցազրույց տալուց հետո համարձակվել գալ այստեղ՝ հանրային լսումներին: Շնորհակալություն պիտի հայտնենք, որ Ռուսաստանի Սահմանադրությունից մեջբերումներ չարեցիք: Հուսանք՝ գիշերները լավ եք քնում»։

Այնուհետև նա ընթերցեց ավագ դպրոցներում դասավանդվող պատմության դասագիրքը. «Ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել՝ քանի դեռ պետությունը զավթված է, արդարադատություն չի լինելու։ Բայց միշտ հատուցում լինում է»:

Spread the love