Serj Robert

Մարտի 1-ի գործը չի վերաբացվի, քանի դեռ նոր հանգամանքներ երևան չեն եկել` ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, «Ելք» դաշինքի հայտարարության տեքստի քննարկման ժամանակ ասել է նախկին Գլխավոր դատախազ, ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանը:

Եթե Կոստանյանի հայտարարությունը դիտարկենք զուտ իրավական հարթության վրա, այն նույնիսկ տարօրինակ կարող է թվալ, որովհետ Մարտի 1-ի գործը չի էլ փակվել:

Համենայն դեպս, մի քանի օր առաջ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսում էր քննչական մարմնի ակտիվ գործողությունների մասին: Սակայն խնդիրը պետք չէ պարզունակ դիտարկել` հատկապես, որ Մարտի 1-ն ի սկզբանե իրավական հարթության վրա չի եղել և հանդիսացել է մի գործիք, որն ընկած է եղել հանրապետության երեք նախագահների բարդ հարաբերությունների ձևավորման հիմքում:

Պատահական չէ, որ Մարտի 1-ի թեման իր ակտուալությունն, ըստ էության, կորցրեց 2015-ի սահմանադրական փոփոխություններից հետո, երբ Սերժ Սարգսյանը փակեց իշխանություն վերադառնալու Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի ճանապարհները: Այս առումովԳևորգ Կոստանյանը թերևս նույնիսկ ճիշտ է, որովհետև Մարտի 1-ի գործը դե ֆակտո փակված է: Նույն տրամաբանությամբ գործը կարող է «վերաբացվել» նոր հանգամանքի, տվյալ դեպքում` քաղաքական իրավիճակի կտրուկ փոփոխության պարագայում: ՀԱԿ-ի երեկվա հանրահավաքը ցույց տվեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա թիմը կորցրել են քաղաքական սուբյեկտությունը և, պատկերավոր ասած, նոր հանգամանք ստեղծել չեն կարող: Կասկածից վեր է, որ նույն իներցիայով տեղի է ունենալու ՀԱԿ-ի մարտի 1-ի երթն, որն որևէ առնչություն չունի ընթացիկ քաղաքականության հետ և ընդամենը հարգանքի տուրք է զոհերի հիշատակին:

«Նոր հանգամանք» կարող է դիտվել միայն Ռոբերտ Քոչարյանի հնարավոր քաղաքական հայտը. Մարտի 1-ի գործը Սերժ Սարգսյանի «զենքն» է Ռոբերտ Քոչարյանի դեմ: Սակայն երկրորդ նախագահը, կարծես թե, ընթացիկ քաղաքական գործընթացներից առհասարակ բացակա է: Խորհրդարանական ընտրություններից հետո նա հանդես է եկել ընդամենը մեկ հայտարարությամբ, երկար բացակայությունից հետո նրա հրապարակային «հայտնությունը» տեղի ունեցավ երեկՍտեփանակերտում, որտեղ Քոչարյանը մասնակցել է համազգային շարժման 30-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված պաշտոնական ընդունելությանը: Այս էպիզոդիկ ակտիվությունն որևէ կերպ չի ենթադրում Ռոբերտ Քոչարյանի հայտի մասին, մանավանդ, որ դրա համար նա չունի քաղաքական և վարչական ռեսուրսներ: Ավելին հակված ենք ենթադրել, որ Քոչարյանը հարմարվել է թոշակառուի կարգավիճակին, մանավանդ, պարբերաբար նրան հիշեցվում է իր գլխին կախված Մարտի 1-ի մահակի մասին: Գլոբալ իմաստով` Մարտի 1-ի էջը հայաստանյան քաղաքականության մեջ փակված է:

Ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանն այն կարող էր օգտագործել հեղափոխություն իրականացնելու կամ Սերժ Սարգսյանից զիջումներ կորզելու նպատակով: Քոչարյանը երկար ժամանակ Մարտի 1-ի գործոնն օգտագործում էրՍերժ Սարգսյանի իշխանությունը կաշկանդելու համար: Թերևս սա էր գլխավոր մոտիվը, որը Սերժ Սարգսյանին դրդեց գնալ համակարգային տոտալ տրանսֆորմացիայի. Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանն այլևս «նոր հանգամանք» ստեղծող չեն: Հակառակը` Մարտի 1-ը Սերժ Սարգսյանի մահակն է դարձել Ռոբերտ Քոչարյանի գլխին:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •