Սահմանամերձ Տավուշում 87-ամյա բնակչին մեղադրել են գյուղապետին մկնդեղով սպանելու փորձի մեջ

- in Իրավունք
Tavush gyux

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Զոյա Զաքինյանի նախագահությամբ ավարտվել է Սահակ Խաչատրյանի գործի դատական քննությունը:

86-ամյա Սահակ Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրված սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով:

Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղում բնակվող տարեց գյուղացին, ըստ մեղադրանքի, սպանության փորձը կատարել էր իրենց գյուղապետի նկատմամբ…

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի մայիսի 7-ին, ժամը 20-ի սահմաններում Սահակ Խաչատրյանը, առանց որևէ դրդապատճառի իրենց գյուղապետին սպանելու դիտավորությամբ նրա անձնական օգտագործման «Պրադո» մանկիշի մեքենայի առջևի ձախ կողմի դռան բռնակի վրա դրսից լցրել է ցինկի ֆոսֆիդ՝ հանրամատչելի լեզվով ասած՝ մկնդեղ, սակայն Խաչատրյանն իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ սպանությունն ավարտին չի հասցրել…

Ըստ դատական ակտի՝ 2016 թվականի մայիսի 7-ին, ժամը 20-ի սահմաններում Վերին Ծաղկավանի համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանի մեքենան գտնվել է նույն գյուղի բնակիչ Սահակ Խաչատրյանի տան մոտ: Սկզբում՝ որոշ գյուղաիցներ, հետո՝ Արթուր Ղազարյանը նկատել են, որ մեքենայի առջևի ձախ դռան բռնակին քսված է սև փոշի: Ենթադրել են, որ ցինկի ֆոսֆիդ է՝ մկնդեղ: Դեպքի վայրում տուժողի կողմից ոստիկաններին ներկայացվել է ցինկի ֆոսֆիդի պարունակությամբ պոլիէթիլենային տոպրակ:

Նույն օրը Արթուր Ղազարյանը հաղորդում է տվել, որ գյուղի բնակիչ Սահակ Խաչատրյանն իր մեքենայի դռան բռնակին սև փոշի է լցրել՝ իրեն սպանելու ցանկությամբ:

Քրեական գործ է հարուցվել: Մայիսի 17-ին Արթուր Ղազարյանը քննիչին հասցեագրած դիմումով հատնել է, թե Սահակ Խաչատրյանն իրենից ներողություն է խնդրել, ասել է, թե սպանության մտադրություն չի ունեցել, և ինքը ներել է նրան: Ինքը դեպքի օրը հաղորդում է տվել, քանի որ Սահակ Խաչատրյանն իր հարցերին չի պատասխանել, ինքն էլ մտածել է, որ նա ցանկացել է իրեն սպանել…

Այնուամենայնիվ, վարույթն իրականացնող մարմինը հաստատակամորեն 86-ամյա Սահակ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրել սպանության փորձ կատարելու համար: Եվ մեղադրական եզրակացությունն է հաստատվել այդ մեղադրանքով, ու գործն ուղարկվել է դատարան:

Տարեց ամբաստանյալը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել ու հայտնել է, որ ինքը նախկին գյուղապետ Արթուր Ղազարյանի հետ թշնամություն չի ունեցել՝ վարելահող չունի, հողագործությամբ չի զբաղվում, իրեն ոչ ոք մկնդեղ չի տվել, ինքը մկնդեղ չի ունեցել ու ոչինչ չի արել: Սովորաբար մկնդեղը գյուղապետն է բաժանում՝ նշել է ամբաստանյալը: Նա իրեն երբևիցե մկնդեղ չի տվել…

Սահակ Խաչատրյանը հայտնել է, որ դեպքի օրը՝ 2016 թվականի մայիսի 7-ին, ժամը  20-ի սահմաններում ինքը տանը հեռուստացույց էր դիտում, երբ իրեն ձայն են տվել: Դուրս է եկել պատշգամբ, ասել է՝ շորերը կհագնի ու դուրս կգա: Երեքով՝ Արթուրն ու երկու վկաներ, պատի վրայով ցատկել, մտել են իր բակ: Հենց որ ինքը բակ է իջել, երեքից մեկը՝ ինքը կոնկրետ չի հիշում՝ ով, իրեն բռնել ու ձեռքերը կապել է: Հետո իրեն մի տոպրակ են ցույց տվել, որն ինքը առաջին անգամ էր տեսնում: Տոպրակը համարյա մտցրել են իր բերանը: Ինքն այդ օրը և ընդհանրապես՝ ալկոհոլ չի օգտագործել: Որևէ բան ինքը չէր արել:

Սահակ Խաչատրյանը տարակուսել է՝ եթե վկաներ են եղել, որ ինքը գյուղապետի մեքենայի դռան բռնակին մկնդեղ է լցնում, ինչո՞ւ այդ պահին իրեն չեն բռնել, իրեն ոչինչ չեն ասել, չեն կանգնեցրել:

Գյուղապետը իր դարպասի մոտ մեքենան չէր կանգնեցնում, բայց  գործով վկա Արտակ Խ.-ն միշտ մեքենաները կանգնեցնում էր իր դարպասի առաջ, ինքը նրա հետ դրա պատճառով կռվել է, քանի որ մինչև իր կնոջ մահանալը հաճախ շտապօգնություն էին կանչում, Արտակի մեքենաները խանգարում էին: Երբ կինը մահացել է, ինքն Արտակին ասել է՝ դե հիմա ինչքան ուզում ես՝ մեքենաներդ կանգնեցրու… Արտակը երեք հատ բեռնատար մեքենա ունի:

Ինքը Արթուր Ղազարյանի հետ թշնամություն չի ունեցել, հակառակը՝ նա իր տան դիմաց ցայտաղբյուր է տեղադրել, ինքն ամեն օր դրանից օգտվում է ու շնորհակալ է նրան…

Գործով տուժող ճանաչված Արթուր Ղազարյանը հայտնել է, թե իրենց գյուղի փողոցները լուսավորված են լինում: Դեպքի օրվա երեկոյան ինքն իջել է գյուղամեջ: Մեքենան կայանել է Սահակ Խաչատրյանի տան մոտ: Այնտեղ տղաներ կային հավաքված: Տղաներից մեկը հրավիրել է սուրճ  խմելու: Մի քանի հոգով գնացել են նրա տուն: Սուրճ են խմել, բլոտ են խաղացել:

Որոշ ժամանակ անց Արտակ Խ.-ն կանչել է իրենց հետ գտնվող Անդրանիկին: Դուրս են եկել: Ինքը տեսել է, որ Անդրանիկն իր մեքենայի վրա ջուր է լցնում: Հարցրել է՝ ի՞նչ է պատահել: Անդրանիկը պատասխանել է, թե լվանում է: Ինքը տեսել է, որ Անդրանիկը պատի վրայով թռել է ու Սահակի բակից մի տոպրակ է բերել: Նա ասել է, թե Սահակ Խաչատրյանն իր մեքենայի վրա մկնդեղ է լցրել: Սահակին դուրս են կանչել: Ինքը զգացել է, որ Սահակը խմած է: Նա հայհոյանքներ է տվել: Հարգելով նրա տարիքը՝ ինքը չի ցանկացել ավելորդ խոսակցություն ունենալ նրա հետ: Եվ այդ պատճառով զանգել է ոստիկանություն ու հաղորդում է տվել իր նկատմամբ… սպանության փորձի վերաբերյալ…

Ոստիկանները եկել են, ստուգել են, մեքենան ու տոպրակը տարել են:

Ըստ տուժողի՝ ինքն ու Սահակ Խաչատրյանը ջերմ հարաբերությունների մեջ են եղել միշտ: Մկնդեղն ազատ վաճառքի չէ, ոչ էլ գյուղապետարանի կողմից է գյուղացիներին բաժանվել: Ինքը 11 տարի գյուղապետ է եղել, միշտ մկնդեղը ստացել են մարզպետարանից: Այն ցորենի հետ խառնած՝ իրավասու աշխատողները շաղ են տվել գյուղացիների դաշտերում: Ինքը դեպքի օրը միայն Անդրանիկին է տեսել՝ իր մեքենայի վրա ջուր լցնելիս: Սահակին չի տեսել մեքենայի վրա փոշի քսելիս:

Անդրանիկի կողմից մեքենայի վրա ջուր լցնելուց հետո մեքենայի վրա մկնդեղ չի մնացել, մնացել է… հոտը…

Իր կարծիքով՝ Սահակը դեպքի օրը խմած էր, անգիտակից… Մկնդեղն այն տոպրակով էր, որով արտադրվում է: Տոպրակն ամբողջական չէր, վրայից վերցրած էր:  Քանի որ նախընտրական շրջան էր, ինքը մտածել է՝ ինչ-որ մեկը Սահակին խմեցրել է, որ իրեն վատություն անի… Իրեն Արտակն ու Անդրանիկն են ասել, որ մկնդեղը լցրել է Սահակը…

Վկա Անդրանիկն ասել է, թե Սահակին տեսել է գյուղապետի մեքենայի մոտով անցնելիս, բայց ձեռքին ոչինչ չի տեսել, չի տեսել, որ նա մեքենայի վրա ինչ-որ բան լցնի… Մկնդեղի պարկը գտել են Սահակի տան դարպասի հետևում…

Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո վկան ասել է, թե Սահակին տեսել է մեքենայի վրա ինչ-որ բան քսելիս: Վկա Անդրանիկն ասել է, թե իր կինը գյուղապետի հորեղբոր թոռն է…

Վկա Արտակ Խ.-ն Սահակ Խաչատրյանի հարևանն է: Նա հայտնել է, թե դեպքի օրը տեսել է, որ Սահակը… անցնում է գյուղապետի մեքենայի մոտով: Հետո մեքենայի վրա սև փոշի են տեսել… Սահակը ինչ-որ տոպրակ է նետել դարպասի հետևը, Անդրանիկն այդ տոպրակը բերել է, համոզվել են, որ մկնդեղ է: Ինքը տեսել է, որ Սահակը գյուղապետի մեքենայի շուրջը պտտվում է… Ինքը չի պատկերացրել, որ դատ կլինի…

Դատարանը եզրակացրել է, որ գործով ապացուցված չէ, թե Սահակ Խաչատրյանը տուժողին սպանելու մտադրություն ու դիտավորություն է ունեցել: Բացակայում է սպանության շարժառիթը: Տուժողն ու վկաները տվել են հակասական ցուցմունքներ: Մկնդեղով պարկը ոստիկաններին ներկայացրել է տուժող Արթուր Ղազարյանը: Այդ պարկի հայտնաբերումն ու առգրավումը չի կատարվել օրենքի պահանջներին համապատասխան:  Այն ներկայացվել է գործի ելքով շահագրգիռ անձի՝ Արթուրի կողմից՝ Սահակ Խաչատրյանի բացակայությամբ:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ կոնկրետ նշել, թե ֆոսֆորի ու ցինկի ինչ քանակությունները կարող են հանգեցնել մահվան՝ հնարավոր չէ: Խոսք կարող է գնալ թունավորման մասին, այսինքն՝ հիմնավորված չէ առաջադրված մեղադրանքը այն մասին, թե կատարվել է սպանության փորձ: «Անհասկանալի է՝ ինչպես կարող է ամբաստանյալը գիտակցված ձևով հիշատակված քիմիական նյութը մեքենայի բռնակին քսելու միջոցով կատարել սպանության փորձ»,- արձանագրված է դատական ակտում:

Մկնդեղը ձեռքով մեքենային քսելու դեպքում Սահակ Խաչատրյանի ձեռքերին պետք է մնային մկնդեղի հետքեր, նա ինքը կարող էր թունավորվել, նա մեքենայի մոտով անցել է առանց դիմակի ու պաշտպանական միջոցի…

Դատարանը առնվազն տարակուսանքի արժանի է համարել այն, որ մի խումբ երիտասարդ տղամարդիկ տեսել են՝ ինչպես է ձեռնափայտով հազիվ քայլող ծերունին ինչ-որ նյութ քսում մեքենային, ու չեն փորձել նրան խանգարել, բռնել…

Դատարանը եզրակացրել է, որ առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ:

Դատարանը Սահակ Խաչատրյանին արդարացրել է՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Այս քրեական գործը՝ առաջադրված մեղադրանքով հանդերձ՝ կարող է ճանաչվել ամենաաբսուրդ մեղադրանքով քրեական գործը: Կաֆկայի «Դատավարությունն» է հիշեցնում՝ այնքան որ աբսուրդ է, և աբսուրդ է, որ սա իրական դատավարություն է՝ կատարված ներկա ժամանակում…

Գյուղապետի ու նրա շրջապատի մի քանի մարդկանց կասկածանքով տարեց մարդուն ամենածանր մեղադրանք է առաջադրվել: Եվ մեղադրական եզրակացություն է հաստատվել, ու գործը հասել է դատարան…

Spread the love