Սերժ Սարգսյանը գնում է վարչապետի պաշտոնին առաջադրվելու

Serj Sargsyan

Հայաստանում գերվարչապետական համակարգի հիմնադրման մասին խոսակցությունները թերևս չափազանցված են: Եվ ոչ այն պատճառով, որ այդ պաշտոնին հավակնող Սերժ Սարգսյանը ամենևին հակված չէ դրսևորել հակաժողովրդավարական վարքագիծ: Խնդիրը բոլորովին այլ է:

Գերվարչապետության մասին հավաստիացումները որքան իրականության, նույնքան իրավիճակի միֆական ընկալման դրսևորում են, կամ միֆականացման միտման: Խնդիրն ամենևին այն չէ, որ վարչապետին վերապահվող լիազորությունները ամենևին այնքան ուժեղ չեն, որքան ներկայացվում է: Մյուս կողմից, դրանք ամենևին ճակատագրապաշտական չեն, որքան ներկայացվում է, որովհետև վարչապետը ի վերջո չի լինելու ավելի ուժեղ, քան խորհրդարանը: Հետևաբար, իրավիճակը այստեղ ամենևին միարժեք չէ, և, եթե չլիներ Սերժ Սարգսյանի հանգամանքը, ապա թերևս հնարավոր կլիներ նկատել գերվարչապետական համակարգի մասին խոսակցությունների կտրուկ նվազում:

Խնդիրը տվյալ պարագայում այն է, որ Հայաստանի ընդդիմադիր դիսկուրսը կամ հռետորաբանությունը տարիներ շարունակ, գրեթե արդեն երկու տասնամյակ կառուցվել է համոզումի վրա, որ ինչքան շատ միֆականացվի իշխանության ուժը և կենտրոնացվի այն մեկ անձի մեջ, այդքան առավել մեծ կլինի հանրային դիմադրության աստիճանը, արձագանքի սրությունը, այսպես ասած՝ մոբիլիզացիայի և փողոցում կրիտիկական զանգվածի կուտակման հավանականությունը: Ինչպես հայտնի պատմական անձն էր ասել՝ որքան մեծ է սուտը, այնքան շատ մարդ է հակված տրվել դրան: Հայաստանի ընդդիմությունները արդեն մոտ երկու տասնամյակ առաջնորդվում են այդ հայտնի տրամաբանությամբ, պարզապես տվյալ դեպքում անհարկի անկոռեկտություն չցուցաբերելու համար արժե ասել, որ այս պարագայում խոսքը ոչ այնքան ստի, որքան խնդրի հնարավորինս միֆականացման, «էպիկականացման» մասին է:

Ընդդիմադիր մտածողության տիրույթում շարունակում է գերիշխող մնալ այն մտայնությունը, որ հանրությանը պետք է փոխանցել հնարավորինս անելանելիության մեսիջներ: Թվում է, թե իրականում վիճակը հակառակն է, ընդդիմությունը կամ ընդդիմությունները հայտարարում են, որ պետք չէ հուսահատվել, պետք է պայքարել, ելք կա և այլն: Գործնականում սակայն, եթե հանրագումարում ամբողջը տարվում և թիրախավորվում է մեկ մարդու ճակատագրի վրա, երբ հենց սկզբից պարզ է, որ այդ հարցը չի դառնալու հանրային առանձնահատուկ աշխուժության խթան, ապա դա նշանակում է լատենտ անելանելիության սերմանում՝ մի կողմից իբրև հուսադրող հռետորաբանություն, մյուս կողմից՝ գործնականացված մակարդակում հանրային գիտակցության մեջ ամրագրում, որ տվյալ դեպքում Սերժ Սարգսյանի դեմ խաղ չկա:

Այսինքն՝ պրակտիկ քաղաքականության մակարդակում, ռացիոնալության տիրույթում հստակ է, որ եթե Սերժ Սարգսյանը գնում է վարչապետի պաշտոնին առաջադրվելու տարբերակով, ապա գործնականում չկա դա կասեցնելու և արգելակելու հնարավորություն, գոնե Հայաստանում: Միևնույն ժամանակ, դրանով հանդերձ, եթե քաղաքական զարգացումների հանրագումարը հասցվում է այդ խնդրի թիրախավորմանը՝ կամ-կամ տրամաբանությամբ, ապա դա գործնականում նշանակում է հանրության անելանելիության ընդգծում: Մնացյալ հռետորաբանությունը դառնում է արդեն ածանցյալ, քանի որ հանրային գիտակցության ու ենթագիտակցության մեջ դրվում է այն, որ ինչ էլ ուզում է լինի՝ Սերժ Սարգսյանը կանի այն, ինչ ինքն է ցանկանում: Այդ պարագայում, գերվարչապետության մասին պնդումները՝ աներկբա համոզումով և չբարձրաձայնված, սակայն ակնհայտ սինքրոն ռացիոնալությամբ թելադրված անխուսափելիության պայմաններում, վերածվում են հասարակության գիտակցության ու ենթագիտակցության մեջ դատապարտվածության և անզորության զգացում առաջացնելուն կամ խորացնելուն, այդպիսով ստեղծելով վտանգավոր վակուում:

Այդպիսով, գործնականում ոչինչ տեղի չի ունենում Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետությունը կանխարգելելու ուղղությամբ, փոխարենը հերթական անգամ ծավալվում է հանրության կամքը կաթվածահար անելու ահռելի վտանգ պարունակող մի գործընթաց: Մինչդեռ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը, դրա այսպես ասած ոչիշխանական մասնակիցները ունեն հանրությանը ոչ միայն հռետորաբանության, այլ գործնական քաղաքականության առումով նպատակային և իրատեսական թիրախների շուրջ մոբիլիզացնելու անհրաժեշտություն, որտեղ մոբիլիզացիան ավելի շատ կամային և որակական, ոչ թե քանակական հատկանիշներ բնութագրող երևույթ է: Այլ կերպ ասած՝ իրավիճակը բոլոր առումներով առավել արդյունավետ ու հեռանկարային է հանրային ու պետական շահի տեսանկյունից այն դեպքում, երբ հասարակությանը կամային հատկանիշներ խթանելուն միտված հռետորաբանությունը կարողանում է սահմանել թեկուզ փոքր, սակայն այդ հռետորաբանությանը համարժեք և համադրելի խնդիրներ, այդպիսով ձեավորելով հանրային կամքի հաջողության պատմություններ ու զարգացնելով դրանք, ոչ թե վերածելով հաջողությամբ ձևավորվող նորանոր փակուղիների:

Spread the love