Սերժ Սարգսյանն է Մարտի մեկի թիվ 1 պատասխանատուն. Ռոբերտ Քոչարյանն իր համար արյուն չէր հեղում

Serj Robert

Ազգային ժողովում այսօր՝ փետրվարի 23-ին, «Ելք» խմբակցությունը հրավիրվել է խորհրդարանական լսումներ 2008-ի Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը իր ելույթում հայտարարեց, որ թեև իշխանական մեծամասնության կողմից ևս հնչեցին ջերմության խոսքեր Մարտի 1-ի զոհերի և նրանց հարազատների հասցեին, բայց ինքն այդ վերաբերմունքն անկեղծ չի համարում. «Որովհետև առաջին իսկ օրից զոհերը ներկայացված են որպես զանգվածային անկարգությունների մասնակիցներ: Ճիշտ է նկատում պարոն Քլոյանը՝ նախաքննության ամբողջ կոնտեքստն այն է, որ պետությունը ճիշտ է արել, որ այդ մարդկանց սպանել է, որովհետև նրանք հանցանք էին կատարում: Էս ի՞նչ ցավակցության խոսքեր են, դուք ձեռ եք առնում մեզ՝ բոլորիս»:

«Ի՞նչ է տեղի ունեցել. Հայաստանի քաղաքացին ընդվզել է բռնության դեմ և ասել է՝ հերիք է մեզ վախեցնեք, հերիք է մեզ թալանեք, հերիք է մեզ ծեծեք»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Դիմելով Գևորգ Կոստանյանին՝ Փաշինյանն ասաց. «Դուք ասում եք, որ էդ գաղտնի հրամանը սահմանները պաշտպանելու համար է արվել: Բայց հրամանը ձեռքիս տակ է. էդ հրամանով ստեղծվում է Երևան քաղաքի կայազորի պետի վարչակազմ: Նրանց տաբելային զենք էր տրվում, որ ի՞նչ անեին»:

Նիկոլի Փաշինյանի խոսքով՝ փորձ է արվում հետևյալ կոնտեքստը տալ. «Դե, Ռոբերտ Քոչարյանը բոբո ա, Սերժ Սարգսյանը… ինքը ոնց որ տենց առանձնապես չէր ուզում, բայց դե չէր կարող ոչինչ անել: Չհասկացա, Սերժ Սարգսյանը կարող ա՞ ժէկ-ի պետն էր՝ ՀՀ վարչապետն էր և իշխող կուսակցության ղեկավարը: Սերժ Սարգսյանն է թիվ մեկ պատասխանատուն. Ռոբերտ Քոչարյանն իր համար չէր արյուն հեղում: Եվ եթե այդ արյունը չէր ուզում Սերժ Սարգսյանը, մինչև հիմա թող Բաղրամյան 26-ում նստած չլիներ»:

«Ես հպարտ եմ, որ այդ դիմադրությունը կազմակերպել եմ: Եվ սրանից հետո նույնպես պատիվ ունեմ ծառայելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ ընդդեմ բեսպրեդելի, ընդդեմ ապօրինությունների»,- իր խոսքը եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը իր եզրափակիչ ելույթում նշեց, որ Փաստահավաք խումբը չի ինքնալուծարվել, ինչպես նշեց ամվել Նիկոյանը, այլ Փաստահավաք խումբն իր աշխատանքը դադարեցրել է Սերժ Սարգսյանի կայացրած որոշումով:

«Եթե մեր զեկույցների եզրակացությունները վարկածներ են, բարի եղեք, ցույց տվեք՝ որտեղ են կորել Համլետ Թադևոսյանի մարմնի բեկորները»,- դիմելով Սամվել Նիկոյանին՝ ասաց Անդրանիկ Քոչարյանը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը նշեց, որ ինքը ելույթ չէր ունենա, եթե Կոստանյանի հայտարարությունը չլիներ. «Պարոն Կոստանյանն ասում է, որ նախագահ Քոչարյանը պետք է արտակարգ դրություն մտցներ սահմանների պաշտպանության համար, բայց սահմանների պաշտպանությունը Երևանում չէր, սահմանամերձ գոտիներից զորքը բերվել է Երևան»:

«Շնորհակալություն, պարոն Կոստանյան, որ եկաք: Ժողովրդական ասացվածք կա՝ այն, ինչ անում են, մնում է իրենց. այս դառնությունները թող մնան ձեզ, ժամանակի ընթացքում այդ դառնությունները դուք կքաղեք. կհասկանաք, թե այս զոհվածների ծնողները ինչ են ուզում»:

Spread the love