Վերջին հանձնարարականից այլ, անմաքուր նպատակների հոտ է փչում

- in Տնտեսական
Karen Karapetyan

Կառավարության վերջին նիստում Կարեն Կարապետյանը հանձնարարեց պատասխանատուներին համատեղ մշակել և ներկայացնել ոռոգելի հողերի օգտագործման խթանմանն ուղղված առաջարկություններ, միաժամանակ, չօգտագործվող ոռոգելի հողատերերի համար պատասխանատվության միջոցներ կիրառելու մեխանիզմներ, հստակեցնելով վերջիններիս իրավունքների դադարեցման ընթացակարգը:

Վարչապետի ներկայացմամբ՝ միայն Արարատյան դաշտում առկա են շուրջ 24 հազար հա չափազանց ցածր արդյունավետությամբ ոռոգելի հողեր, իսկ գործող օրենսդրությունը անգործության համար պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ, ինչպես նաև հողամասի նկատմամբ իրավունքների դադարեցման՝ հստակ, ոչ հայեցողական գործիքակազմ չի նախատեսում:

Հողը ազգային հարստություն է, հետևաբար, վարչապետի խստությունը ընդունելի է: Հողի սեփականատեր ցանկացած ոք կարող է սխալ մշակության արդյունքում քայքայման, փոշիացման հասցնել այն և, թողնելով հողագործությունը, զբաղվել այլ գործով: Դրանից նա չի տուժի, մինչդեռ երկիրը կկորցնի այդ հարստության (որ առանց այդ էլ չնչին է) մի մասնիկը: Նման «հողագործները» մեզանում հազարներով են: Բայց գյուղատնտեսության այսօրվա վիճակը քննելիս պարզվում է, որ պարոն Կարապետյանի առաջարկած լուծումները ոչնչով չհիմնավորված հարցը բոլորովին այլ, վտանգավոր դաշտ են տեղափոխում:

Գործող Սահմանադրությունը ամրագրում է սեփականության բոլոր ձևերի ազատության և հավասար պաշտպանության սկզբունքը: Նրանում հստակ կարգավորված է ընդերքի և ջրային ռեսուրսների նկատմամբ պետության բացառիկ սեփականության իրավունքը, մինչդեռ, հողի մշակության որակի կամ չմշակության առումով որևէ դրույթ չի նախատեսում: Նույն Սահմանադրությունը ֆիքսում է, որ քաղաքացուն սեփականությունից զրկելը թույլատրվում է միայն դատական կարգով: Հետևաբար, վարչապետի վերջին հանձնարարականների տեսքով դրսևորած «հողաչմշակային անհանգստությունը», հակասահմանադրական է:

Մայր օրենքը նոր միայն սկսում է գործել ու վարչապետը ոտնում է այն, վտանգելով տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիների՝ 24 հազար հա հողատերերի շահերը: Պարոն Կարապետյանը ինչ-ինչ պատճառներով «ծուռ հայելիների» սկզբունքով է ներկայացնում խնդիրը և ծուռ ու վտանգավոր լուծում առաջարկում:

Անմշակ հողից տվյալ տարում ավելացված արժեք չի ստեղծվում, բայց այդ հողը չի կորցնում իր որակական հատկանիշները, և ցանկացած պահի կարելի է վերսկսել նրա «շահագործումը»: Մինչդեռ մեզանում մշակվող հողերի բացարձակ մեծամասնությունում չեն պահպանվում մշակության տեխնոլոգիական նվազագույն պահանջները. ջրման, ոռոգման նորմաները, ցանքաշրջանառության կիրառումը, թունաքիմիկատների ու պարարտանյութերի թույլատրելի քանակությունների կիրառումը: Այս պարագայում ո՞րն է ավելի վտանգավոր. հողը չմշակե՞լը, թե՞ նման մշակությամբ հողը «շարքից հանելը»: Մեր տվյալներով՝ Արարատի մարզում չի մշակվում մոտ 3 հազար հա հող, Արմավիրում՝ քիչ պակաս: Մինչդեռ Արարատյան դաշտում մշակվող հողերի ավելի քան 50-60 հազար հա հողատարածքում առաջնային և երկրորդային աղակալման, դրանց ստրուկտուրաների քայքայման, հողերի փոշիացման լուրջ պրեցեսներ են ընթանում: Ցանկացած համայնքում ջրաղբյուրին մոտ գտնվող հողակտորները մի քանի անգամ շատ են ջրվում հեռու գտնվողներից: Դրա արդյունքում, ջուրը պարբերաբար կուտակվելով նաև հարևան հողակտորներում, առաջնային աղակալում է առաջացնում: Տարիներ շարունակ նույն հողակտորի վրա նույն մշակաբույսն են մշակում, նույն ընթացքում բարձր բերք ստանալու նպատակով պարբերաբար առատորեն պարարտացնելով սելիտրայով: Մի կողմից այդ հողը քամվում, զրկվում է ունեցած բոլոր միկրոէլեմենտներից, մյուս կողմից՝ նրանում ազոտի ավելցուկային մեծ քանակություն է կուտակվում, որից ազատվելը տասնամյակների դժվարին խնդիր է: Կուտակված ազոտն էլ ամեն մթերքի հետ անցնում է մարդու օրգանիզմ: Նման դրսևորումների բացառման ուղղությամբ պետք է աշխատանքներ իրականացվեն և դա կառավարության անելիքն է: Մինչդեռ վարչապետը լղոզված խոսում է ինչ-որ ցածր արդյունավետության մասին, չհստակեցնելով այն սահմանը, թե որտեղ է ավարտվում ցածրը, որտեղից է սկսվում բարձրը: Օրինակ՝ Արարատյան դաշտում առվույտ, այլ խոտաբույս կամ ցորեն մշակելը ցա՞ծր արդյունավետության դաշտում է, թե՞ բարձր:

Սովետական Հայաստանի «վարչապետերից» Անտոն Քոչինյանը դեռ 1971թ.-ին Արտաշատում գյուղի մարդկանց հետ հանդիպմանն է անդրադարձել այդ հարցին, և ի տարբերություն Կարեն Կարապետյանի՝ շատ հստակ ձևակերպել է «սահմանումը». «Արարատյան դաշտի ոսկե հողերը անգամ բանջարեղենի մշակության տակ դնելը անխղճություն է, մայր դաշտավայրում պետք է մշակվեն բարձրարժեք կուլտուրաներ՝ պտուղ և խաղող», ասել է նա, բացատրելով, որ այդ համոզմանն են եկել հանրապետության գյուղատնտեսության ոլորտի բազմաթիվ ճանաչված մասնագետների ու հողի ճանաչված մշակների հետ ունեցած խորհրդակցությունների արդյունքում: Մինչդեռ հիմա խոսվում է ցածր արդյունավետությամբ մշակվող 24 հազար հա-ի մասին: Որտեղի՞ց է այդ թիվը վերցված, ի՞նչ սկզբունքով են հաշվարկները կատարվել, անհասկանալի է ու խիստ կասկածելի: 2017թ.-ին Արմավիրի մարզի բազմաթիվ գյուղերում հարյուրավոր հեկտարներով պտղատու ու խաղողի այգիներ ծարավից չորանում էին, չնայած Սևանից բաց թողնված ահռելի քանակությամբ ջրին: «Նոյան» ընկերության (որ գյուղացու համեմատությամբ լուրջ հնարավորությունների տեր է), հողերի մի զգալի մասում խնձորի հասունացող պտուղը թոռոմել, քամվել էր, ծառերը տերևաթափվում էին: Նույնը խաղողի պարագայում. օգոստոսին պտուղը բույսի վրա չամիչի էր վերածվել:

Հողերի քայքայման, փոշիացման, աղակալման դեմ աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ պետք է հանձնարարականներ իջեցվեն և ոչ թե չմշակման: Որ պահին գյուղացին զգաց, որ հող մշակելով այնքան կվաստակի, որքան օրական 4-5 հազար դրամով ասֆալտ փռելով, հաստատ կգերադասի հողը: Սակայն քանի որ մշակում են ու տարվա կեսին ջուր չի լինում և ամբողջ չարչարանքը ապարդյուն է անցնում, մթերողը սեպտեմբերին վերցրածի դիմաց վճարում է մարտ-ապրիլին, երբ ապրիլ-մայիսին վարունգի գինը 30-40 դրամ է լինում, գյուղացին հասկանում է, որ այլոց մոտ աշխատել, խոպան գնալն ավելի արդյունավետ է:

Այլապես, ջրային տնտեսության ոչ պրոֆեսիոնալների երեսից այգիները չորանում են, իսկ նույն ձախողածին հանձնարարվում է ծրագիր մշակել տուժածների ձեռքից հողերը խլելու համար: Որ օրը, որ վարչապետը հանդես կգա երաշխավորի դերում, որ այս տարի ոչ մի հա առանց ջրի չի մնալու, որ բերքի իրացման խնդիր չի լինելու (իհարկե ոչ 30 դրամով վարունգի վաճառքի տարբերակով), որ վերամշակողների գնած մթերքի դիմաց վճարվելու է առավելագույնը 30 օրում, այն օրն արդեն նա բարոյական իրավունք կունենա չմշակված հողերը տերերից խլելու: Իսկ նրա վերջին հանձնարարականից այլ, անմաքուր նպատակների հոտ է փչում:

Spread the love