Տեր-Պետրոսյանը՝ շարժմանն ու Արցախին

- in Վերլուծական
Levon Ter-Petrosyan

Համազգային շարժումը բեկումնային նշանակություն ունեցավ մեր ժողովրդի մտածողության, քաղաքական նոր մտքի ու մշակույթի ձևավորման հարցում: Այնուամենայնիվ, կան կարծրատիպեր, որոնք մնացին «անձեռնմխելի»: Հայաստանի հասարակությունը հաղթանակի բանալին շարունակում է տեսնել հայ-ադրբեջանական հակադրության, հակամարտության մեջ` խաղաղությունը նույնացնելով կապիտուլյացիայի հետ:

Հենց այս բարդույթի հիմքով շատերը պնդում են, որ «Ղարաբաղը մերն է» կարգախոսով իշխանության եկած ՀՀՇ-ն ու Լևոն Տեր-Պետրոսյանը դավաճանել են շարժմանը: Նախնկատենք, որ «Ղարաբաղը մերն է» կարգախոսն էմոցիոնալ հարթության վրա է և քաղաքական առումով նույնիսկ իմաստազուրկ է. Ղարաբաղն ապրանք չէ, տարածք է, որը պատկանում է այն ժողովուրդին, ով դրա վրա ապրում է: Կարծեսհենց սա էր շարժման հիմնական նպատակը ապահովել Արցախի հայկականությունը և անվտանգությունն, ինչը լավագույնս իրականություն է դարձել ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին` Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության շրջանում:

Եթե «Ղարաբաղը մերն է» կարգախոսն, այնուամենայնիվ, դիտարկում ենք քաղաքական հարթության վրադրա տակ հասկանալով Արցախի վերամիավորումը Հայաստանին, ապա հակամարտությունը տրանսֆորմացվեց ոչ թե ՀՀՇ-ի կամ Տեր-Պետրոսյանի ուրացման, այլ ԽՍՀՄ փլուզման հետևանքով: Հայաստանին Արցախի վերամիավորման պահանջը կարող էր ակտուալ լինել ԽՍՀՄ գոյության պայմաններում, որովհետև անհեթեթ էր պատկերացնել, որ միության շրջանակներում հնարավոր կլիներ հայկական երկրորդ հանրապետության ստեղծումը:

Մյուս կողմիցԽՍՀՄ փլուզումն արմատապես փոխեց իրավիճակը. Արցախի վերամիավորման պահանջը միջազգային հանրության կողմից չէր ընկալվում համարվելով տարածքային պահանջատիրություն հարևան երկրի նկատմամբ: Բացի այդԽՍՀՄ փլուզումը հանգեցրեց նաև Ադրբեջանի անկախությանն, ինչը Արցախին հնարավորություն տվեց, ինքնորոշման սկզբունքի լեգիտիմ հիմքով, նույնպես հռչակել անկախություն, մանավանդ, որ Արցախը երբեք մաս չի կազմել ինքնիշխան Ադրբեջանին: Վերամիավորման պահանջի տրանսֆորմացիան Արցախի անկախության հռչակման ոչ թե Տեր-Պետրոսյանի կամ որևէ մեկի ուրացման, այլաշխարհաքաղաքական նոր իրողությունների, եթե կուզեք արցախյան շարժման քաղաքական հասունացման հետևանք է:

Սակայն Տեր-Պետրոսյանի «դավաճանության» թեզը պոպուլյար դարձավ հատկապես 1997-ի նոյեմբերից, երբ նրա «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» կոնցեպտուալ հոդվածին հակադրվեց իշխանության, այսպես կոչված, «մաուզերիստական» թևը` քաղաքականության հետ չառերեսվող մաքսիմալիստական կարգախոսներով, որոնք, իհարկե, չհանգեցրեցին 8000 քառակուսի կիլոմետր տարածքով Ղարաբաղի միջազգային ճանաչմանը, սակայն Հայաստանն, ըստ էության, դուրս թողեցին տարածաշրջանային բոլոր նախագծերից: Խաղաղության օրակարգը կապիտուլյացիայի հետ նույնացնում են միայն այն ժողովուրդները, որոնք ունեն պետական մտածողության, ավանդույթների դեֆիցիտ, կասկածի տակ են դնում հիմնավոր փաստարկներով միջազգային հանրությանը ներկայանալու իրենց մտավոր, դիվանագիտական պոտենցիալը:

Լևոն Տեր-Պետրոսյանի խաղաղության օրակարգը չի ենթադրել Արցախի վերադարձ ադրբեջանական ենթակայության ներքո, այլ նախապայմաններ է ստեղծել` ռացիոնալ ու ողջամիտ փոխզիջումների համար, որոնք ինստիտուցիոնալ հիմքերի վրա կդնեին Արցախի ինքնիշխանությունն ու անվտանգությունը և միջազգային երաշխիքներ կստեղծեին Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի խաղաղ գոյակցության համար:

Բնավ նպատակ չունենք` պաշտպանության տակ վերցնել Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան քաղաքականությունը, պարզապես հարկ ենք համարում արձագանքել մեր նախորդ հրապարակումներին հաջորդած կարիքներին և փորձագիտական մակարդակով արձանագրել, որ առաջին նախագահի պաշտոնավարման տարիներին տեղի է ունեցել հաղթական պատերազմ, կնքվել է բարենպաստ ստատուս-քվոն ամրագրող զինադադար և գոյություն չունի որևէ փաստաթուղթ, որտեղ Տեր-Պետրոսյանն ընդունած լինի ադրբեջանական ինքնիշխանությունն Արցախի տարածքում: Եթե սա համարվում է ուրացում կամ դավաճանություն, ուրեմն համաշխարհային պատմությունը ցայսօր անհաղորդ է ռազմական կամ դիվանագիտական հաջողություններին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20