Քոչարյանի արյունոտ սցենարը` ռուսական հետագծով

Robert Qocharyan

Տասը տարի առաջ` 2008-ի փետրվարի 23-ին, Լևոն Տեր-Պետրոսյանի բազմամարդ հանրահավաքում ընթերցվեց մի հայտարարություն, որը բացահայտեց իշխանության տոտալ ճգնաժամը, իրական դարձրեց նրա միջազգային մեկուսացման հեռանկարը:

Հայաստանի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ՝ փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանը, Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Շուգարյանը, Ղազախստանում և Ղրղըզստանում Հայաստանի դեսպան Լևոն Խաչատրյանը, Ուկրաինայում և Մոլդովայում Հայաստանի արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Ռազմիկ Խումարյանը հայտարարությամբ միացան Լևոն Տեր-Պետրոսյանի շարժմանը` «կոչ անելով իշխանություններին զերծ մնալ ուժի միջոցով խնդիրներ լուծելու գայթակղությունից»։

Նախագահական լիազորություններն ավարտող Ռոբերտ Քոչարյանն այլևս հապաղել չէր կարող. հողը գնում էր նրա իշխանության տակից, ու նա որոշեց դիմել կտրուկ քայլերի: Քոչարյանը խորհրդակցություններ անցկացրեց ԱԱԾ-ում, ոստիկանությունում, բանակում: Ազգային անվտանգության ծառայությունում խորհրդակցության ժամանակ խաղաղ, շուրջօրյա հավաքները նա համարեց «իշխանության զավթմանն ուղղված փորձ»՝ հավելելով, որ պատասխան գործողությունները լինելու են «վճռական և կտրուկ»։ Քոչարյանի խոսքերը համարվեցին հրահանգ. փետրվարի 23-ին սկսվեցին ընդդիմադիրների հետապնդումները և «իրավական» հիմքեր ստեղծվեցին Ազատության հրապարակի «գրավման» համար: Ավելորդ չէ նշել, որ հենց փետրվարի 23-ին՝ Արգավանդում իրավապահների կողմից, ըստ էության, առևանգվեց Գագիկ Ջհանգիրյանը:

Դրան զուգահեռՔոչարյանը գործուն քայլեր ձեռնարկեց ԵԿՄ-ն պառակտելու ուղղությամբ: Սեյրան Օհանյանի գլխավորությամբ մի խումբ բարձրաստիճան սպաներ հայտարարեցին ԵԿՄ վարչությունը լքելու մասին` դրանով փաստացի արտահայտելով Քոչարյանի դժգոհությունը Մանվել Գրիգորյանից:

Ընդհանրապես հետընտրական շրջանում Քոչարյանը որդեգրել էր բազմաշերտ մարտավարություն. մի կողմիցնա փորձում էր հետևողականորեն հաշվեհարդար տեսնել Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հանդեպ, մյուս կողմից ընդհանուր հանցագործության, արյան միջոցով ձգտում էր իրենց կախվածության մեջ պահել հաջորդ նախագահ Սերժ Սարգսյանին և նրա իշխանությունը: Փետրվարի 23-ից Ռոբերտ Քոչարյանը նախապատրաստել է «Մարտի 1»-ի արյունոտ օպերացիան, որը ջախջախելու էր Տեր-Պետրոսյանի համաժողովրդական շարժումն և ականապատելու էր Սերժ Սարգսյանի նախագահությունը:

Ռոբերտ Քոչարյանի իշխանության տասնամյակում նախապատրաստվում էր երկրորդ ոճիրը պետության դեմ: 1999-ի հոկտեմբերի 27-ին գլխատվեց պետական էլիտան, 2008-ի մարտի 1-ին բռնության թիրախը Հայաստանի հասարակությունն էր: Քոչարյանի իշխանության զույգ հանցագործությունների «արյունոտ» հետքերը տանում են Մոսկվա: Պատահական չէ, որ Մարտի 1-ի հրամանը Քոչարյանը տվեց` Մոսկվայում Պուտինի հետ հանդիպելուց մեկ օր հետո:

Spread the love
  • 6
    Shares