1992 թ. Կոշկակարը հարևանուհուց չկարողանալով ստանալ պարտքով տված փողը՝ մորթել է նրան

Danakaharutyun

26-ամյա Ռոբերտ Մ.-ն կոշկակար էր, բայց արհեստը նրա բարեկեցությունը արդեն չէր ապահովում:

Ժամանակի շնչին տուրք տալով՝ որոշեց զբաղվել առևտրով:

Ռոբերտի հարևանուհին՝ Լաուրան, չէր աշխատում, բայց վատ չէր ապրում՝ առևտուր էր անում, արտասահման էր գնում-գալիս: Ռոբերտը որոշեց նրա գործընկերը դառնալ:

1992 թվականի հունվարից Ռոբերտն ու Լաուրան սկսեցին միասին «գործ անել»: Լաուրան Ռոբերտից գումար էր վերցնում, ավելացնում իր ունեցածին, օծանելիք էր գնում, կարագ, հագուստ: Հետո դրանք վերավաճառում էր, գոյացած գումարից վերադարձնում էր Ռոբերտի գումարը, իսկ ստացված շահույթը հավասար կիսում էին:

Հունվար-մարտ ամիսներին համատեղ «գործունեությունից» Ռոբերտը մոտ 70 հազար դրամի շահույթ ստացավ: Պարզ էր արդեն՝ առևտուրը կոշիկի կաղապարի վրա կռացած գործ անելը չի՝ ավելի եկամտաբեր է:

1992 թվականի մարտի 2-ին Լաուրան Ռոբերտից 200 հազար ռուբլի վերցրեց՝ պայմանով, որ 10 հազար ռուբլի էլ ինքը կավելացնի, Գյումրիից գրամը 700 ռուբլով բարձր հարգի 300 գրամ ձուլածո ոսկի կգնի ու գրամը 1100 ռուբլով կվերավաճառի:

Հաշվարկեցին՝ 120 հազար ռուբլի շահույթ կարող էին ստանալ: Հավասար պիտի կիսեին…

Այս անգամ Ռոբերտի ներդրումը անհամեմատ մեծ էր: Ու նրա սիրտը շատ անհանգիստ էր: Կասկածները հանգիստ չէին տալիս:

Բացի այդ՝ որոշել էր ընկերոջ հետ Զանգեզուրից պանիր բերել, Երևանում վաճառել: Ռոբերտն անհամբեր սպասում էր Լաուրայի «ոսկու գործարքի» ավարտին, իր ներդրած գումարի վերադարձին ու շահույթի բաժանմանը: Սակայն Լաուրան «էսօր-էգուց» էր անում: Ռոբերտը ավելի ու ավելի էր մտատանջվում՝ հարևանուհին խաբե՞ց իրեն, «քցե՞ց»՝ մի քանի անգամվա հաջող գործարքներով պտտելով գլուխը:

Ընկերն էլ մյուս կողմից էր շտապեցնում՝ պանիրը հարկավոր էր գնել, բերել Երևան…

Մարտի 11-ին Ռոբերտը Լաուրայի առաջ հարցը կտրուկ դրեց՝ փողս տո՛ւր: Լաուրան խոստացավ՝ էգուց կգաս՝ կտամ:

Մարտի 12-ի առավոտյան՝ 10-ն անց 15-ին, Ռոբերտն արդեն Լաուրայի տանն էր: Լաուրան ասաց՝ գնամ հարևանուհու տանից զանգեմ՝ փողը բերեն:

Ռոբերտը սպասեց: Լաուրան գնաց հարևանուհու տուն, հետ եկավ: Նայեց Ռոբերտի աչքերին ու ասաց՝ ճիշտն ասած՝ ոսկի չեմ առել, բայց քո 200 հազարն էլ հիմա վերադարձնել չեմ կարող:

Խոսում էին խոհանոցում, սուրճ էին խմում:

Ռոբերտը հանկարծակիի եկավ, Լաուրան զգաց նրա լարվածությունը, սկսեց արդարանալ. «Մոտս էսքան ոսկեղենն ա, ուրիշ բան չկա»:

Նա բացեց կարմիր դրամապանակը, ցույց տվեց մի քանի կտոր ոսկե զարդ: Ռոբերտը զայրույթից սևակնեց ու խոհանոցի բաց օդանցքից կարմիր դրամապանակը՝ ոսկե զարդերով, դուրս նետեց: Դրամապանակն ընկավ պատուհանի տակ գտնվող ավտոտնակի տանիքին:

Երեք օրից Լաուրան պետք է Թուրքիա գնար: Դրամապանակում այն ոսկեղենն էր, որ հետը տանելու էր՝ երկու ոսկե մատանի, շղթա, 2,4 գրամ ձուլածո ոսկի: Ուրիշ ապրանքներ էլ ուներ, որ պիտի տաներ հետը, փող էլ ուներ՝ ռուբլով ու դոլարով: Նաև ոսկեղեն ուներ, որը չբացեց Ռոբերտի առաջ՝ այս անգամ որոշել էր մենակ գործ անել, ոչ մեկի հետ շահույթը չկիսել…

Խոհանոցում վեճը թեժացավ: Լաուրան Ռոբերտին «լակոտ» անվանեց, պահանջեց դուրս գալ իր տանից: Հետո սպառնաց Ռոբերտին. «Ո՛չ վկա ունես, որ ինձ փող ես տվել, ո՛չ՝ փաստաթուղթ: Դու ինձ ոչ մի կոպեկ էլ չես տվել, ես էլ քեզ տալիք չունեմ, հասկացա՞ր…»:

Սա Լաուրայի ճակատագրական սխալն էր: Նրա խոսքերը դարձան վերջին կաթիլը՝ Ռոբերտը ափերից դուրս եկավ: Ինքն էլ չհասկացավ՝ ինչպես սեղանից վերցրեց խոհանոցային դանակն ու սկսեց խոցոտել Լաուրայի մարմինը:

Դանակի բազմաթիվ հարվածներ հասցրեց Լաուրային, հիմնականում՝ կենսականորեն կարևոր օրգաններին:

Լաուրան անձայն չհանձնվեց՝ նա այնպիսի ճիչեր էր արձակում, որ հարևանները խառնվեցին իրար: Հավաքվեցին նրա բնակարանի դռան մոտ: Պահանջեցին բացել դուռը: Ու լսեցին իրենց հարևան Ռոբերտի ձայնը. «Դուռը չեմ բացի: Միլիցիա կանչեք»:

Հարևաններն այդպես էլ արեցին:

Մինչև իրավապահների՝ դեպքի վայր հասնելը, Լաուրան արնաքամ էր լինում փակ դռան հետևում՝ իր իսկ խոհանոցում: Նա արդեն չէր ճչում: Թույլ տնքում էր:

Ռոբերտը նստել էր մեռնողի սենյակում: Լաուրային նա արդեն մեռած էր համարում: Հասկանում էր, որ ինքն էլ է կործանվել…

Ոստիկանները ուժի գործադրմամբ բացեցին Լաուրայի բնակարանի փակ դուռը: Նրանք Երևանի Խորհրդային շրջանի ՆԳ բաժին տարան Ռոբերտ Մ.-ին: Շտապօգնության բժիշկն արձանագրեց Լաուրայի մահը:

12-ն անց 15 էր…

Ողբերգությունը ծավալվեց ու հանգուցալուծվեց երկու ժամում՝ երկու կարճ, երկու շատ երկար ժամերի ընթացքում…

Նախաքննության ու դատաքննության ժամանակ Ռոբերտի հարազատները հայտնեցին, որ Ռոբերտը զբաղվում էր կոշկակարությամբ, աշխատած գումարները գրեթե չէր ծախսում տան կարիքների համար, փող էր կուտակում, որ… բնակարան գնի… Թե ինչ հարաբերությունների մեջ էր նա հարևան Լաուրայի հետ՝ իրենք չեն իմացել…

Ռոբերտի ընկերները նրան բնութագրեցին որպես համեստ, հավասարակշռված մարդու…

Լաուրայի մերձավորները հայտնեցին, որ իրենց կարծիքով՝ Լաուրան բռնության ու կողոպուտի զոհ էր դարձել: Նա մարտի 15-ին Թուրքիա պիտի մեկներ, դեպքից մի քանի օր առաջ էլ Գյումրիում էր՝ բարձր տրամադրությամբ…

Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ՝ Ռոբերտ Մ.-ն ճանաչվեց մեղսունակ:

ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերով կոլեգիան 1992 թվականի օգոստոսի 24-ի դատավճռով Ռոբերտ Մ.-ին մեղավոր ճանաչեց այն ժամանակվա քրեական օրենսգրքի 99 հոդվածի 6-րդ կետով ու դատապարտեց 13 տարի ազատազրկման:

Spread the love