Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը` վարչապետի ենթակայության ներքո

- in Կեղտոտ լվացք
Serj Sargsyan

Խորհրդարանն այսօր արտահերթ նիստում քննարկելու է մի օրինագիծ, որով նախատեսվում է Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը դնել վարչապետի ենթակայության ներքո: Խոսքն, իհարկե, ապրիլի 9-ից հետո ուժի մեջ մտնելիք մոդելի մասին է, որը գործելու է նոր վարչապետի նշանակումից հետո:

Այս օրենսդրական նախաձեռնությունը հանրության մի շարք շրջանակներ գնահատում են իբրև Սերժ Սարգսյանի վարչապետության համար պատրաստվող, այսպես ասած, պատվանդան, երբ նրա ենթակայությանն են թողնվում իրավապահ-ուժային երկու առանցքային կառույց, որոնք, փաստորեն, թույլ կտան վարչապետ Սերժ Սարգսյանին վերահսկել ներքին ամբողջ դաշտը: Ավելին՝ հենց այդ փոփոխությունները տալիս են շատերի համար հիմք եզրակացնելու, որ վարչապետի պաշտոնին հավակնում է Սերժ Սարգսյանը, քանի որ հակառակ դեպքում հազիվ թե այդ կարևորագույն լծակները դրվեին հնարավոր այլ վարչապետի ենթակայության ներքո:

Սա, իհարկե, ծանրակշիռ փաստարկ է, տրամաբանելու բավականին հիմնավոր ելակետ, հատկապես, որ ամենևին անխուսափելի չէր այդ կառույցների այլ կարգավիճակը, մասնավորապես ներքին գործերի նախարարության ձևավորումը, իսկ Ազգային անվտանգության ծառայության դեպքում էլ ուղղակի խորհրդարանի առաջ հաշվետվողական կարգավիճակի սահմանումը:

Մյուս կողմից, սակայն, իրավիճակը իսկապես երկիմաստ է, եթե նկատի առնենք այն, որ այդ կարևոր լծակները ձեռքի տակ ունեցող վարչապետն ինքն էլ գտնվելու է խորհրդարանի մեծամասնության ձեռքի տակ: Այսինքն՝ վարչապետը ենթակա է այդ մեծամասնությանը, հաշվետու է այդ մեծամասնությանը՝ դե յուրե: Հետևաբար, եթե դիտարկում ենք իրավիճակը այս տեսանկյունից, ապա ըստ էության ստացվում է, որ կա՛մ ոստիկանության ու ԱԱԾ կարգավիճակը արդեն դառնում է տեխնիկական խնդիր, և բոլոր դեպքերում, միևնույն է, վերջին կամ առաջին խոսքը մեծամասնությանն է, կա՛մ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը իրականում լինելու են Սերժ Սարգսյանի գործիքը հենց այդ մեծամասնության դեմ, այդ մեծամասնությանը կառավարման ներքո պահելու, վերահսկելի պահելու համար:

Այդ պայմաններում, իհարկե, կարևոր չէ, թե ումն է առաջին մանդատը կամ վերջին խոսքը, քանի որ առաջին և վճռական գործը կլինի ԱԱԾ-ինը կամ ոստիկանությանը: Ինտրիգը եթե կա, ապա այն կա՛մ հենց այդտեղ է, կա՛մ պարզապես որևէ ինտրիգ էլ չկա, և մեծ հաշվով, սկզբունքային նշանակություն չունի, թե ում են ենթարկվում ոստիկանությունն ու ԱԱԾ-ն:

Այլ կերպ ասած՝ այստեղ իրավիճակը ուշագրավ է ոչ թե իշխանություն-հասարակություն, այլ վարչապետ-խորհրդարանական մեծամասնություն տեսանկյունից: Սերժ Սարգսյան վարչապետի հենարանն իրականում լինելու է ոչ թե խորհրդարանական մեծամասնությունը, այլ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն:

Spread the love