Ահա թե ինչի հաշվին է նման աննախադեպ տնտեսական աճ ներկայացվում

Karen Karapetyan

Հայաստանին սպառնում է երկնիշ տնտեսական աճի վիճակագրական ուրվականը: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2017թ. գրանցվել է 7․5 տնտեսական աճ, իսկ վերջին հրապարակման համաձայն էլ՝ 2018թ. հունվար փետրվար ամիսներին 8․6 տոկոս տնտեսական ակտիվություն:

2011 թվականից, երբ ԱՎԾ-ն փոխեց մեթոդաբանությունն ու ամսական կտրվածքով տնտեսական աճի փոխարեն սկսեց տնտեսական ակտիվության ցուցանիշ հրապարակել, 2018թ. հունվար փետրվարին գրանցված 8․6 տոկոս աճն աննախադեպ բարձր ցուցանիշ է: Այս տեմպերով առաջ շարժվելու դեպքում, 2019թ. ԱՎԾ-ն հաստատ երկնիշ տնտեսական աճ է ներկայացնելու:

Իսկ ինչի՞ հաշվին է նման տնտեսական ակտիվություն գրանցվել: Տնտեսության առանձին ոլորտների դեպքում անգամ շոկային աճ է նշվում: Օրինակ՝ արտաքին առևտրի ոլորտում գրանցվել է 43․2 տոկոս աճ, իսկ առանձին արտահանումը՝ 41, ներմուծումը՝ 44․4 տոկոս: ԱՎԾ-ն դեռ չի հրապարակել այդ վիճակագրության առավել մանրամասն տվյալները, ամենայն հավանականությամբ, դրանք այս շաբաթ կներկայացվեն, բայց թե՛ անցած տարվա, և թե՛ այս տարվա միայն հունվար ամսվա օրինակով կարելի է եզրակացնել, որ թե՛ արտահանման, թե՛ ներմուծման կառուցվածքում նորից զգալի ծավալ կունենան հանքաարդյունաբերության և պատրաստի սննդի արտադրանքը: Անցած տարվա օրինակով կարող ենք եզրակացնել, որ առանձին ապրանքատեսակների արտահանման ու ներմուծման դեպքում կտրուկ աճ եղած կլինի: Հունվարի տվյալներով՝ նույն կառուցվածքում առանձին ապրանքախմբերի արտահանման ու ներմուծման թռիչքաձև աճը բավականին արտասովոր, ինչու չէ՝ խնդրահարույց կարող է լինել: Օրինակ՝ կենդանիների և կենդանական ծագման ապրանքների արտահանումն աճել է ավելի քան 82 տոկոսով, կաշվի հումք, կաշի, մորթի և դրանցից պատրաստված իրերը՝ մոտ կրկնակի անգամ: Թռիչքաձև՝ 64․8 տոկոսով աճ են ունեցել նույն՝ կենդանական ծագման ապրանքների, ինչպես նաև 36․8 տոկոս բուսական ծագման, 46․1 տոկոս պատրաստի սննդի, 55․6 տոկոս էլ՝ պլաստմասա և դրանցից իրերի, կաուչուկ և ռետինե իրերի: Իսկ սարքերի և ապարատների ներմուծումն ավելացել է ավելի քան 4 անգամ:

Տնտեսության մյուս ոլորտներից զգալի՝ 17․4 տոկոս աճ է նշվում առևտրի և 15․1 տոկոս աճ էլ ծառայությունների ծավալի դեպքում: Ահա այս ոլորտները նպաստել են, որ մեր տնտեսությունն այս տարվա առաջին երկու ամիսներին ունենա 8․6 տոկոս ակտիվություն: Տարվա առաջին ամիսները միշտ էլ տնտեսապես պասիվ ամիսներ են, այդպիսով կարող ենք եզրակացնել, որ ԱՎԾ-ն երկրորդ կամ երրորդ եռամսյակներին մեզ ավելի մեծ թվերով աճ է ներկայացնելու:

Բայց մեջբերված այս ապրանքատեսակների դեպքում նման շռնդալից աճը բավականին կասկածելի է այն առումով, որ այդ ինչու, կամ ինչի հաշվին մեր քաղաքացիները սկսեցին մեծացնել իրենց սպառումը, կամ՝ մեր տնտեսվարողներն ավելացնել իրենց արտադրությունն ու արտահանումը: Օրինակ՝ ինչու հանկարծ մեր հայրենակիցներն այս տարի այդպես միանգամից ու համատարած կերպով որոշեցին սարքեր ու ապարատներ գնել, որ դրա ներմուծումը հունվար ամսին ավելացավ 400 տոկոսով: Կամ արդյոք մեր երկրում կենսամակարդակն այնքան է բարձրացել, որ մեր քաղաքացիների բարեկեցությունն ավելացել, որ նրանք ոչ միայն իրենց կենցաղային ապարատներն են թարմացնում, այլև սկսել են ավելի շատ թանկարժեք ու կիսաթանկարժեք քարեր, մետաղներ ու դրանցից պատրաստված իրեր ձեռք բերել, որ այդ ապրանքատեսակների ներմուծումն ավելացել է 2․3 անգամ: Եվ այդպես շարունակ:

Այստեղ արդեն հաջորդ միտքն է ծագում, թե արդյոք այս թվաբանությունը ոչ թե տնտեսական աճի, այլև այդ ապրանքատեսակների շրջանառությունն է ստվերից հանվել: Իհարկե, ոչ ամբողջությամբ: Չէ որ կառավարության ու պետեկամուտների կոմիտեի պատկան անդամներն ամեն անգամ հայտարարում են, որ վարչարարության հետևանքով ավելացնում են հարկային եկամուտները: Տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը մեզ հետ զրույցում կարծիք է հայտնում, որ իրականում աճ գոյություն չունի, այս մեծ թվերի դեպքում պարզապես արտահանման ու ներմուծման ստվերն է կրճատվել: «Նախորդ ցուցանիշներից մի այսպիսի օրինակ բերեմ՝ 2015թ. ներկրվել է 5․8 մլն լիտր Էթիլային սպիրտ, 2016-ին արդեն՝ 12․9 մլն լիտր: 2015թ. ներկրվել է 171 հազար համակարգիչ, 2016-ին՝ 229 հազար: Կամ՝ 2015թ. 706 հազար կոստյում, 2016թ.՝ 1 մլն 26 հազար: Ակնհայտ է չէ, որ նման թռիչքաձև աճ չի կարող լինել այն պարագայում, երբ մեր քաղաքացիների եկամուտները՝ աշխատավարձերն ու կենսաթոշակները չեն ավելացել: Երբ աղքատությունն ու արտագաղթը համարժեք չափով չեն նվազել: Զբոսաշրջիկը չի գա Հայաստան ու այստեղից կոստյում կամ վերնաշապիկ գնի: Սա ստվերից շրջանառության կրճատումն է, բայց դա տնտեսական աճ չէ, չէ՞»,- ասում է Վ. Խաչատրյանը:

Վիճակագրական նման տվյալների դեպքում ստվերի կրճատումը տնտեսական աճ կամ առնվազն ոլորտի շրջանառության աճ ներկայացնելով՝ կառավարությունը թվային մանիպուլյացիայի է դիմում: Իհարկե, ի վերջո լավ է, որ ստվերային տնտեսությունը կրճատվում է, թեկուզ փոքր չափերով, բայց որքան է ազնիվ ստվերից դուրս հանված շրջանառությունը որպես տնտեսական աճ ցույց տալը: Արդյոք նախորդ տարիներին եղած, բայց ստվերում շրջանառված ծավալների լույս աշխարհ բերելը տնտեսական աճ է: «Մեզ համար, քաղաքացիների համար, ի վերջո, նույնն է, թե մեր գնած ապրանքը ստվերային շրջանառությունից էր, թե ոչ»,- ասում է Վ. Խաչատրյանը:

Հավանաբար տնտեսական աճ կամ ակտիվություն ցույց տալու համար սա այս կառավարության միակ փրկօղակն է: Ահա թե ինչի հաշվին է նման աննախադեպ տնտեսական աճ ներկայացվում: Հավելենք նաև, որ անցած երկու ամիսներին 22․7 տոկոսով աճել է շինարարությունը: Նման ցուցանիշի պարագայում թվում է, թե մեր երկրում շինարարական նոր բում է սկսվել, բայց երբ տեսնում ես, որ ընդամենը 21․6 մլրդ դրամի կամ 44 մլն դոլարի շինարարություն է եղել: Իսկ դա անցած տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 22․7 տոկոս աճ է տվել, քանի որ այդ ոլորտում 2017 թվականին 2016թվականի հունվար-փետրվար ամիսների համեմատ մոտ 14 տոկոս անկում է եղել: Նման անկման պարագայում ընդամենը 21․6 մլրդ դրամի շինարարությունը, իհարկե, այդպիսի «ահռելի» աճ է դառնում: Ահա այսպիսի թվային մանիպուլյացիաների է դիմում կառավարությունը տնտեսական աճ ցույց տալու համար:

Spread the love