ԱՄՆ-ի հնարավոր միտումները և ծրագրերը Հայաստանի համար ունեն ուղղակի առանցքային նշանակություն

- in Միջազգային
donald-trump

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնանկ է արել պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին՝ նրա փոխարեն այդ պաշտոնին նշանակելով Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայքլ Պոմպեոյին: Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ Պոմպեոն կկատարի աներևակայելի աշխատանք:

Միացյալ Նահանգների պետքարտուղարի կամ պարզապես արտաքին գործերի նախարարի փոփոխությունը, այն էլ նախագահի պաշտոնամուտից ընդամենը մեկ տարի անց, անկասկած համաշխարհային մասշտաբի նշանակալի և դիտարժան իրադարձություն է, քանի որ առնչվում է թիվ մեկ գերտերության արտաքին քաղաքականությանը, հնարավոր վերափոխումներին, նոր իրողությունների ի հայտ գալուն:

Այդ խնդիրը հատկապես զգայուն է Հայաստանի համար, որն ունի նախ արցախյան խնդիր և այստեղ ԱՄՆ-ը Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկն է, և ընդհանրապես Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական առանցքային տարածաշրջանում և զուտ կովկասյան, և ավելի լայն՝ Մերձավոր Արևելյան հարևանության իմաստով, ու այստեղ ԱՄՆ-ի հնարավոր միտումները և ծրագրերը Հայաստանի համար ունեն ուղղակի առանցքային նշանակություն: Թրամփի այս փոփոխությունն ունի առանցքային մի քանի դիտարժան հանգամանք, մինչ համաշխարհային վերլուծական հանրությունը առավել հանգամանալից և խորքային կգնահատի նոր Թիլերսոնի պաշտոնանկությունն ու նոր նախարարի նշանակումը:

Նախ, պաշտոնանկությունը մեկ տարի անց հուշում է, որ առայժմ, կարծես թե, ամբողջական ձևավորված չէ ԱՄՆ նոր վարչակազմի արտաքին քաղաքականությունը: Կամ, դրա ձևավորման մասին կարող ենք խոսել միայն նորերս՝ Թիլերսոնի փոփոխությունից և Պոմպեոյի նշանակումից հետո: Այդպիսով՝ կամ գործ ունենք ԱՄՆ արտաքին քաղաքականության ամբողջական չձևավորվածության հետ, և ըստ այդմ նաև Թրամփի անկանխատեսելիության, կամ իրավիճակը նոր է միայն մտնում կանխատեսելի հուն: Այդտեղ մյուս հետաքրքիր հանգամանքն է՝ պետքարտուղարության ղեկավարի, արտաքին գործերի նախարարի պաշտոնին է նշանակվում, փաստացի, ուժային կառույցի, հատուկ ծառայության ղեկավարը՝ Կենտրոնական հետախուզական վարչության կամ ավելի հայտնի՝ ՑՌՈՒ ղեկավարը: Ընդ որում՝ Թրամփը խոսում է այն մասին, որ նա կանի աներևակայելի, ֆանտաստիկ աշխատանք: Դա զուտ պերճախոսությո՞ւն է, թե՞ Պոմպեոյի առաջ դրված են խնդիրներ, որոնք պահանջելու են առավել կոշտ դիրքերով և մեթոդներով արտաքին քաղաքականություն և դրա համար էլ նշանակվում է հենց նա:

Միառժամանակ, հնարավոր է պատկերացնել, թե ԿՀՎ ղեկավարի պաշտոնում ինչպիսի ահռելի տեղեկատվություն է տիրապետել Պոմպեոն, համաշխարհային մասշտաբով: Մի բան է, երբ արտաքին քաղաքականությունը վարում է մարդ, որը կարող է օգտվել հատուկ ծառայության տրամադրած տեղեկատվությունից, մեկ այլ բան է, երբ որևէ մեկի հետ բարձր մակարդակի բանակցություն է վարում մարդ, որն անմիջականորեն ինքն է տիրապետել այդ տեղեկատվությանը, և տևական ժամանակ նրա ձեռքի տակ է եղել այնպիսի կառույցի տեղեկատվական արսենալը, ինչպիսին՝ ԱՄՆ ԿՀՎ-ն: Մյուս հետաքրքրաշարժ հանգամանքը այն է, որ Թրամփը արտաքին գործերի նախարարի փոփոխություն է կատարում սիրիական տարածաշրջանում իրավիճակի թեժացման ֆոնին, որն ուղեկցվում է նաև Ռուսաստանի հանդեպ արևմտյան կոշտ վերաբերմունքի հերթական ալիքով:

Այդ ալիքի պատճառը սակայն Սիրիան չէ, թեև այնտեղ նույնպես Ռուսաստանը տարեմուտից ի վեր ստանում է տարատեսակ հարվածներ և արձանագրում թե՛ մարդկային, թե՛ ռազմական տեխնիկայի կորուստներ: Նոր ալիքի առիթը կամ պատճառը սակայն Մեծ Բրիտանիայում արձանագրված թունավորումն է: Խոսքը ՌԴ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից, Ռուսաստանում Բրիտանիայի օգտին լրտեսության համար մեղադրված Սկրիպալի և նրա դստեր թունավորման փաստի մասին է, որի համար Մեծ Բրիտանիան մեղադրել է ՌԴ իշխանությանը և ստացել թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Ֆրանսիայի, թե՛ Եվրամիության այլ երկրների աջակցությունը: Դա կարող է բերել ՌԴ հանդեպ նոր պատժամիջոցների և, ըստ այդմ, հետաքրքիր է, թե առավել կոշտ «հիմքով» Պոմպեոյի նշանակումը պետքարտուղարի պաշտոնում ինչ կոնկրետ անդրադարձ է ունենալու ամերիկա-ռուսական հարաբերության, ըստ այդմ նաև այն հարցերի վրա, որոնք գտնվում են երկու կենտրոնների ուշադրության և ազդեցության, կամ հավակնության, կամ մրցակցության գոտիներում:

Իսկ այդպիսին է, անշուշտ, Հայաստանը, նաև Կովկասն ընդհանրապես: Ըստ այդմ, ինչ է սպասվում Կովկասին և Հայաստանին՝ ԱՄՆ նոր պետքարտուղարի պաշտոնավարման ընթացքում, ինչպե՞ս կարտացոլվի այդ փոփոխությունը թե՛ արցախյան խնդրի վրա, թե՛ հայ-թուրքական հարաբերության ուղղությամբ, թե՛ ռեգիոնալ անվտանգության խնդիրների մասով ընդհանրապես: Շատ կարևոր է նաև, թե ինչպիսին կլինի Իրանի հանդեպ ԱՄՆ վերաբերմունքը, որն իր ազդեցությունը կթողնի նաև հայ-իրանական հարաբերության հեռանկարի վրա: Դեռևս նախորդ տարի հունվարին, երբ նոր էր ձևավորվում ԱՄՆ վարչակազմը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը ասել էր, թե առաջիկա ամիսներին հնարավոր կլինի տեսնել ամերիկյան աշխուժություն Արցախի հարցի ուղղությամբ: Հոգլանդը հայտարարել էր, որ այդ քայլերը տեսանելի կլինեն նոր վարչակազմի արտաքին քաղաքականության ամբողջացումից հետո:

Ինչպես տեսնում ենք, այդ հարցը ներկայումս առնվազն բաց է և պարզ չէ՝ Պոմպեոն ամբողջացո՞ւմ է, թե՞ դարձյալ ժամանակավոր լուծում, և մինչև առաջին ժամկետի ավարտ Թրամփը աշխարհին դեռ էլի նոր պետքարտուղար կմատուցի: Բոլոր դեպքերում, մի բան թերևս, համենայնդեպս, առայժմ հստակ է, որ նոր նշանակումը ԱՄՆ արտաքին քաղաքականության ոչ թե տեղատվության, այլ մակընթացության նշան է: Հետաքրքիր է, երբ շաբաթներ առաջ Սերժ Սարգսյանը արտգործնախարարությանը հորդորում էր ավելի ակտիվ լինել նոր հնարավորություններն օգտագործելու հարցում, ի՞նչ պատկերացումներ ուներ ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ հնարավոր փոփոխությունների մասով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20