Այդ տեսանկյունից ամենևին պատահական չէ, որ ՍԴ նոր նախագահ է դառնում հենց Հրայր Թովմասյանը

- in Պնակալեզներ
Hrayr Tovmasyan

Հայաստանի Սահմանադրական դատարանն ունի նոր նախագահ՝ Հրայր Թովմասյան, որն ընտրվել է Ազգային Ժողովի քվեարկությամբ և փաստորեն մինչև 65 տարեկան կարող է զբաղեցնել այդ պաշտոնը:

Մինչ այդ Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահը Գագիկ Հարությունյանն էր, որը փաստորեն այդ կառույցը գլխավորում էր հենց սկզբից: Հայաստանի Սահմանադրական դատարանի գործառույթը, ստեղծման օրվանից մինչ այժմ, դե ֆակտո եղել է մեկը՝ լեգիտիմացնել Հայաստանում նախագահական ընտրությունները, որոնք փաստորեն մշտապես եղել են հետընտրական թեժ իրավիճակների աղբյուր:

Ներկայումս Սահմանադրական դատարանի գործառույթը արմատապես փոխվում է, քանի որ խորհրդարանական կառավարման մոդելի միջոցով օրակարգից դուրս է բերվել նախագահական ընտրության հարցը, ըստ այդմ ՍԴ-ն այլևս չունի դրա լեգիտիմացման անհրաժեշտություն, պետք է այլ հիմնական կամ հիմնարար գործառույթ, իհարկե ի թիվս այլ տարբեր խնդիրների, որ արդեն օպերատիվ-մարտավարական անհրաժեշտություններից ելնելով լուծել և լուծում է, ու կլուծի այդ կառույցը: Ներկայումս, արդեն նոր մոդելի պայմաններում ՍԴ հիմնարար գործառույթը ըստ էության լինելու է այլևս միտված կամ ուղղված դեպի ներս, ոչ թե դեպի «դուրս»:

Այսինքն, ՍԴ ֆունկցիոնալ սլաքի ուղղությունը լինելու է դեպի իշխանության համակարգ, ոչ թե իշխանությունից դեպի հասարակություն: Նախագահական ընտրությունները թելադրում էին դեպի «դուրս» վեկտոր, այժմ անհրաժեշտ է հակառակը, որովհետև նոր մոդելի պայմաններում գործընթացների առանցքային գործոններն ու հանգամանքները արդեն պարփակվում են իշխող համակարգում: Իհարկե համակարգն ինքն էլ որոշակիորեն ընդլայնվում է իր սահմաններով, և այդ միտումը իհարկե քայլ առ քայլ կշարունակվի, սակայն դրանով հանդերձ նաև փոխվում է տրամաբանությունը և ըստ այդմ նաև առաջանում է ՍԴ հիմնարար գործառութային իմաստի փոփոխության անհրաժեշտություն: Այդ տեսանկյունից ամենևին պատահական չէ, որ ՍԴ նոր նախագահ է դառնում հենց Հրայր Թովմասյանը:

Բանն այն չէ, որ իշխանությունը չունի ավելի լավ թեկնածու, կամ ավելի հուսալի, վստահելի թեկնածու: Իշխանությունը այդպիսի կադրային հարցերում իրեն երբեք չի թողնում մեկ թեկնածուի հույսին: Տվյալ պարագայում խնդիրն այն է, որ Հրայր Թովմասյանն է ներկայիս մոդելի, վերարտադրության ներկայիս մեխանիզմի ճարտարապետը, որը հստակ տիրապետում է կառուցվածքին, հնարավոր խութային ռիսկերին, հավելյալ հնարավորություններին: Իսկ ՍԴ նոր գործառութային իմաստը պահանջում է արդեն ոչ միայն զուտ վստահելիություն և իրավաբանական հմտություններ, իրավիճակները մեկնաբանելու ու ելքեր գտնելու առումով, այլ նաև կառավարման մոդելի տիրապետում ընդհուպ ամենանուրբ «հյուսվածքների» մակարդակում, քանի որ Սահմանադրական դատարանն այժմ ըստ էության դառնում է «ներհամակարգային» արբիտրաժ, որտեղ խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում պետք է բյուրեղանան ներհամակարգային նոր հարաբերությունները՝ այդ մոդելի այսպես ասած ադապտացիոն անցումային փուլին զուգահեռ:

Spread the love