«Անառակը մերդ ա». Արմավիրում փեսան սպառնացել է մորթել զոքանչին, եթե նա ասածը չապացուցի

- in Իրավունք
danakaharutyun

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է Գեղամ Բ.-ի գործի դատական քննությունը:

37-ամյա Գեղամին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի սառը զենք ձեռք բերելու, կրելու, գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 4-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ Գեղամ Բ.-ն կնոջ ու չորս տարեկան երեխայի հետ բնակվում է Արմավիրի մարզում: Երիտասարդ ընտանիքը հեռուստացույց չուներ, և 2016 թվականին Գեղամի զոքանչն իր անունով ապառիկով հեռուստացույց է գնել, տվել է դստեր ընտանիքին՝ մեկ պայմանով՝ որ ապառիկի վճարումները պետք է կատարեր փեսան՝ Գեղամը:

Վերջինս չի կարողացել կատարել վճարումները, զոքանչն ընկել է պարտքի տակ: Նա զայրացել ու հեռուստացույցնը հետ է վերցրել՝ հայտարարելով, թե պետք է վաճառի:

Գեղամը պարբերաբար կնոջից պահանջել է, որ նա զանգի ու դեռ չվաճառված հեռուստացույցը հետ ուզի մորից, խոստանա, որ վճարումները կկատարեն: Բայց զոքանչը հեռուստացույցն այլևս նրանց չի տվել:

2017 թվականի սեպտեմբերի լույս 21-ի գիշերը՝ ժամը 4-ն անց 30-ի սահմաններում, Գեղամը, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, հեռուստացույցը վերադարձնելու հարցով հեռախոսով վիճել է զոքանչի հետ, նրան անվանել է «անառակ»: Զոքանչն էլ փեսայի մորն է անվանել «անառակ»:

Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Գեղամը զայրացել է, տանից վերցրել է գործարանային արտադրության, սառը զենք հանդիսացող շեղբավոր դանակը՝ իր պատյանով, այն ապօրինի ամրացրել է տաբատի գոտուց և ժամը 6-ն անց 30-ի սահմաններում մեկնել է մարզի այն գյուղը, որտեղ ապրում էին ինչպես զոքանչը, այնպես էլ իր մայրը:

Մտնելով զոքանչի տուն՝ Գեղամը զոքանչի մազերից բռնել ու նրան բռնի նստեցրել է բազմոցին, դանակը պահել է նրա կոկորդին ու ասել է, թե կմորթի, եթե զոքանչը չապացուցի իր խոսքը՝ իբր՝ իր մայրը «անառակ է»:

Այդ ընթացքում զոքանչի անչափահաս թոռը ահազանգել է ոստիկանություն: Դեպքի վայր եկած ոստիկաններին Գեղամը հանձնել է իր մոտ եղած դանակը:

Դատարանում Գեղամ Բ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Նշել է, որ ընտանիքի՝ կնոջ ու մանկահասակ դստեր հետ ժամանակավոր հիմունքներով ապրում է Արմավիրում:

Զոքանչի հետ ունեցել է լավ հարաբերություններ, բայց դեպքից հետո նրա հետ չի շփվում: Մինչև Արմավիր տեղափոխվելը՝ ընտանիքով ապրել է այն գյուղում, որտեղ ապրում են զոքանչն ու իր մայրը:

Իրենք հեռուստացույց չունեին, զոքանչն ապառիկով հեռուստացույց էր գնել ու տվել էր իրենց՝ պայմանով, որ վճարումները կատարի ինքը: Բայց ինքը չի կարողացել վճարումները ժամանակին կատարել: Զոքանչը հեռուստացույցն իրենց տանից տարել է՝ հայտարարելով, թե ծախելու է:

Ինքն իմացել է, որ նա հեռուստացույցը չի վաճառել: Կնոջն ասել է, որ մորից հետ վերցնի հեռուստացույցն ու ասի, թե մաս-մաս պարտքերը կմարեն: Կինը դիմել է մորը, բայց զոքանչը մերժել է իրենց խնդրանքը:

2017 թվականի սեպտեմբերի 20-ին կնոջ ծննդյան օրն էր: Ինքը տանը հաց է կերել, օղի է խմել: Նորից կնոջն ասել է, որ զանգի մորն ու փորձի հետ վերցնել հեռուստացույցը:

Կինը ծննդյան օրով զանգել է, բայց զոքանչը մերժել է նրան:

Ինքը մի քիչ էլ է օղի խմել ու արդեն սեպտեմբերի լույս 21-ի գիշերը սկսել է զայրանալ, որ զոքանչը հեռուստացույցը չի ուզում իրենց վերադարձնել:

Կնոջն ասել է, որ նորից զանգի մորը: Կինը զանգել ու խոսել է մոր հետ: Ինքը հեռախոսը նրա ձեռքից վերցրել ու զոքանչին ասել է՝ հարսդ քեզ անբարոյական ա սարքել, դու էլ էդ տելեվիզորը դրել ես իրա դեմը…

Զոքանչն էլ պատասխանել է՝ անբարոյականը քո մերն ա…

Ինքը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, շատ է զայրացել զոքանչի խոսքերից: Իրենց տան պահարանի միջից հանել է իր կողմից գնված որսորդական դանակը՝ պատյանով, ամրացրել է իր տաբատի գոտուն ու դուրս է եկել տանից: Գնացել է իրենց գյուղ:

Առավոտյան ժամը 6-ն անց 30-ին մտել է զոքանչի տուն՝ պատյանից հանելով ու ձեռքին բռնելով դանակը:

Զոքանչը խոհանոցում կռացած գործ էր անում: Ինքը ձախ ձեռքով բռնել է զոքանչի մազերից, բարձրացրել է նրան, դանակը պահել է կոկորդին ու մյուս ձեռքով ուսից բռնած՝ պահանջել է, որ նա նստի բազմոցին:

Զոքանչը նստել է: Ինքը դանակը պահել է նրա կոկորդի ուղղությամբ, կանգնել է նրա հետնամասում ու պահանջել է, որ զոքանչն ապացուցի ասածը: Զոքանչն ասել է, թե ջղայնացած է եղել՝ նման բան է ասել:

Ինքը նրանց հարսին խնդրել է, որ իր մորը կանչեն, բոլորով այդ հարցը պարզեն:

Իր նպատակը միայն զոքանչին վախեցնելն էր, ինքն ուզում էր, որ նա հասկանա՝ ինչ սխալ արտահայտություն է արել…

Մայրը եկել է, պահանջել է, որ դանակը հեռացնի, զոքանչին բաց թողնի: Հետո մայրը վատ է զգացել ու հեռացել է: Քիչ անց եկել են ոստիկանները: Ինքը դանակը հանձնել է նրանց… Ինքը չի ցանկացել վնասել զոքանչին, միայն ուզում էր վախեցնել…

Գեղամը հայտնել է, թե զղջում է կատարածի համար, խնդրել է մեղմ վարվել:

Տուժող ճանաչված զոքանչն ասել է, թե բողոքում է փեսայի դեմ, ուզում է, որ նա ենթարկվի պատասխանատվության:

Դատարանը Գեղամ Բ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 4-րդ մասով, դատապարտել է 6 ամիս ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառել, սահմանել է 1 տարի փորձաշրջան:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20