ԱՆ-ը հանձնարարել է բացահայտել դեղատների առջև դեղատոմսեր գրելու և վաճառելու դեպքերը

- in Առողջություն
Aroxjapahutyun

ՀՀ նախարարությունը հանձնարարական է տվել՝ բացահայտելու դեղատների առջև դեղատոմսեր գրելու և վաճառելու դեպքերը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

«Ես տեղեկացել եմ այն մասին, որ նման երևույթ է տեղի ունենում: Դա ինձ համար շատ ցավալի է: Մենք առավոտից հանձնարարություն ենք տվել վեր հանելու այդ դեպքերը: Ուզում ենք հասկանալ, թե որտեղ են տեղի ունենում դրանք, և ովքեր են հեղինակները»,-ասաց փոխնախարարն ու հավելեց, որ հայտնաբերելու դեպքում համապատասխան ընթացք կտան հարցին:

Նման դեպքերի վերաբերյալ ահազանգեր այս պահի դրությամբ նախարարությունը չի ստացել:

Խաչատրյանի խոսքով՝ մի քանի աշխատակիցներ ողջ օրն աշխատում են՝ վերահսկելու և հստակ հասկանալու, թե համակարգում ինչ է տեղի ունենում, ինչ խնդիրներ են առաջանում: Սակայն կան խնդիրներ, որոնք լուծման անհրաժեշտություն ունեն: Եվ իրենք դրանց լուծում կտան օպերատիվ կերպով:

Հայաստանում մարտի 1-ից մեկնարկել է դեղերի դեղատոմսով բաց թողնման գործընթացն ըստ ժամանակացույցի։

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացնում է, թե ում կողմից և ինչպես են լրացվում ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված դեղատոմսերը։

1. Թմրամիջոցներ պարունակող դեղերի դուրս գրման դեղատոմս N 1

Նշանակվում և լրացվում է բուժող բժշկի կողմից` անկախ մասնագիտությունից:

Թմրամիջոցներ պարունակող դեղերի դեղատոմսը ստորագրվում է դեղը նշանակող բժշկի կողմից, որը հաստատվում է բժշկական հաստատության տնօրենի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ տնօրենի տեղակալի կողմից՝ ստորագրությամբ և տվյալ բժշկական հաստատության կնիքով (առկայության դեպքում):

2. Հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դուրս գրման դեղատոմս N 2

Հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դեղատոմսը ստորագրվում է դեղը նշանակող բժշկի կողմից, որը հաստատվում է բժշկական հաստատության տնօրենի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ տնօրենի տեղակալի կողմից՝ ստորագրությամբ և տվյալ բժշկական հաստատության կնիքով (առկայության դեպքում):

3. Մեկանգամյա օգտագործման դեղատոմս N 3

Դեղատոմսը լրացվում և դուրս է գրվում բուժող բժշկի կողմից: Դեղատոմսը հաստատվում է բժշկի ստորագրությամբ: Մեկանգամյա օգտագործման դեղատոմսի դրոշմակնիքով հաստատում չի պահանջվում:

4. Բազմակի օգտագործման, այդ թվում` անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի դուրս գրման դեղատոմս N 4

Դեղատոմսը լրացվում և դուրս է գրվում բուժող բժշկի կողմից: Դեղատոմսը հաստատվում է բժշկի ստորագրությամբ: Բազմակի օգտագործման դեղատոմսի դրոշմակնիքով հաստատում չի պահանջվում:

Բժշկի կողմից N 3 և N 4 դեղատոմսերով անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի դուրս գրման դեպքում դրանք հաստատվում են բժշկական հաստատության տնօրենի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ տնօրենի տեղակալի կողմից՝ ստորագրությամբ և տվյալ բժշկական հաստատության կնիքով (առկայության դեպքում):

Բոլոր դեղատոմսերը բուժող բժիշկներին տրամադրվում է բժշկական կազմակերպությունների ադմինիստրացիայի կողմից։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...