Առեղծվածային դեպք Տավուշի մարզում. ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի

diak

Այսօր՝ մարտի 12-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Բագրատաշենի մաքսակետի հարևանությամբ գտվող «Вкусные блюда» ռեստորանային համալիրի մոտ՝ ճամփեզրին, տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Բագրատաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հակոբ Խաչատրյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության և նույն վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնի խումբը՝ մարզի քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանի և Նոյեմբերյանի քննչական բաժնի պետ Արման Բուդաղյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի և դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև դատական բժիշկը, ով զննելով դին, հայտնեց, որ ըստ տեղեկությունների, մարմնի վրա կան վնասվածքներ և կոտրվածքներ։

Փաստի առթիվ քննչական բաժնի քննիչ Արտակ Մամյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ մահացածի ինքնությունը, մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Տեղի ունեցածը սպանություն է, թե վրաերթ, պարզվում է։

Spread the love