Ատոմակայանը Հայաստանի համար նաև անվտանգության խնդիր է

Թուրքիայի փոխվարչապետը հայտարարել է, որ ապրիլի սկզբին սպասվում է ՌԴ նախագահ Պուտինի այցը Թուրքիա, որտեղ նա Էրդողանի հետ կմասնակցի Աքքույու ատոմակայանի հիմնարկեքի արարողությանը: Աքքույու ատոմակայանը ռուս-թուրքական նախագիծ է, որը կարժենա 20 միլիարդ դոլար և նախատեսվում է չորս էներգաբլոկի կառուցում: Առաջինը նախատեսվում է շահագործման հանձնել 2023 թվականին:

Հայաստանը Ռուսաստանին ներկայացրել է անհամեմատ առավել էժան ատոմակայանի կառուցման նախագիծ, որը ընդհանուր առմամբ գնահատվում էր մոտ 5-6 միլիարդ դոլար, սակայն ռուսական կողմը հայտարարեց, թե պատրաստ է ֆինանսավորել դրա միայն 20 տոկոսը: Սակայն առանձնահատուկը այն էր, որ դրանով հանդերձ, Ռոսատոմը վերցրեց ատոմակայանի կառուցման իրավունքի այսպես ասած ամբողջ փաթեթը:

Հասկանալի է, որ ոչ մի լուրջ սուբյեկտ Հայաստանին չի տա միլիարդավոր դոլարներ այն դեպքում, երբ ատոմակայանի շինարարության իրավունքը արդեն պատկանում է այլ ընկերության: Չի բացառվում, որ հենց այդ հանգամանքն էր նաև պատճառը, որ ըստ էության թղթի վրա մնաց դեռևս 2011 թվականին Երևանում Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի արած հայտարարությունը, որ Փարիզը կուսումնասիրի հայկական նոր ատոմակայանի շինարարության մեջ ներգրավվելու հնարավորությունը: Որևէ այլ կոնկրետ հայտարարություն հայկական նոր ատոմակայանի կառուցման ուղղությամբ որևէ այլ սուբյեկտ չի արել:

Հայաստանի նոր ատոմակայանի մասին Սերժ Սարգսյանը հռչակել է 2008 թվականի հոկտեմբերին, իր ուղերձում: Նա հայտարարեց, որ սկսում են ատոմակայանի շինարարություն: Դա երեք մեգանախագծերից մեկն էր: Երեքից որևէ մեկը ներկայումս կես քայլ անգամ չի մոտեցել իրականությանը, այդ թվում ատոմակայանը: Ավելին, ներկայումս Հայաստանը ռուսական վարկով փորձում է երկարաձգել գործող ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2026 թվական: Ռուսաստանը Թուրքիայի հետ համատեղ մտադիր է 2023-ին հանձնել թուրքական առաջին ատոմակայանի առաջին էներգաբլոկը, իսկ ահա Հայաստանին ընդամենը օգնում է գործող ատոմակայանը երկարաձգել մինչև 2026 թվական:

2008 թվականից մինչև 2018 թվական նոր ատոմակայանի շինարարության ուղղությամբ ոչ միայն չի արվել ոչինչ, այլ ըստ էության ունենք իրականություն, երբ Մոսկվան «թաթը» դրել է հայկական նոր ատոմակայանի հեռանկարի վրա, իսկ յուս ձեռքով ատոմակայան է կառուցում Թուրքիայում: Ի՞նչ է փոխվելու առաջիկա ութ տարում, եթե անցնող տասը տարում ըստ էության չի փոխվել ոչինչ: Մինչդեռ հայկական գործող ատոմակայանը առաձգական չէ և այն պարզապես մաշվում, հնանում է ֆիզիկապես և անհնար է այն ավերջ շահագործելը:

Իսկ ատոմակայանը Հայաստանի համար ունի ոչ միայն էներգետիկ անկախության առանցքային նշանակություն և իմաստ: Ատոմակայանը Հայաստանի համար նաև անվտանգության խնդիր է, ռազմա-քաղաքական գործոն, որից զրկվելը կարող է էապես նվազեցնել Հայաստանի կշիռը թե տարածաշրջանում, թե համաշխարհային քարտեզի վրա:

Spread the love