Արդյո՞ք այս կայունությունը հիմք է տալիս ենթադրելու, որ ունենալու ենք խաղաղ տարածաշրջան

- in Կեղտոտ լվացք
Putin Aliev

Երբ Հայաստանի, նրա հարևանների և տարածաշրջանում ակտիվ դերակատարություն ունեցող գերտերությունների կայունության հիմքում որպես չափանիշ դնում ենք ներքաղաքական զարգացումները, ստացվում է բավականին հետաքրքիր և ուշագրավ պատկեր. երկրներից որևէ մեկում առաջիկա հնգամյակում իշխանափոխություն չի սպասվում:

Արդեն քչերն են կասկածում, որ Հայաստանի վարչապետ դառնալու է Սերժ Սարգսյանը, իսկ Իլհամ Ալիևը հաղթանակ է տանելու ապրիլի 11-ի նախագահական ընտրություններում: Քիչ հավանական է, որ հաջորդ տարվա նախագահական ընտրություններում իշխանությունը հանձնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ֆորս-մաժորային իրավիճակներ չեն սպասվում նաև հարևան Իրանում և Վրաստանում: Գերմանիայում Անգելա Մերկելը նոր է ձևավորել հերթական «մեծ կոալիցիան», Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահներ Էմանուել Մակրոնը և Դոնալդ Թրամփը հաստատ ձգտելու են նախագահության երկրորդ շրջանին: Ռուսաստանում՝ փաստացի, իսկ Չինաստանում սահմանադրորեն հավերժացվում է գործող նախագահների իշխանությունը:

Արդյո՞ք այս կայունությունը հիմք է տալիս ենթադրելու, որ ունենալու ենք խաղաղ տարածաշրջան՝ հակամարտությունների կարգավորման հեռանկարով կամ անվտանգության միասնական համակարգի ձևավորման տեսլականով: Իհարկե՝ ոչ: Օրինակ՝ ԼՂ հակամարտության պարագայում համոզվել ենք, որ վերարտադրվող իշխանությունները, մեղմ ասած, կենսունակ չեն խաղաղության հաստատման գործընթացն առաջ տանելու հարցում, և կարելի է ենթադրել, որ ներքաղաքական կայունությունը հանգեցնելու է կոնֆլիկտի ստատուս -քվոյի, այսպես կոչված, ինստիտուցիոնալացմանը: Քանի Պուտինն իշխանության ղեկին է, գործնականում անհնար է պատկերացնել, որ Մոսկվան կհրաժարվի կայսերական ծրագրերից, հետևաբար առաջիկա տարիներին կարգավորման հեռանկար չունեն նաև վրաց-ռուսական հարաբերությունները:

Այս ամենի հանրագումարում անհանգիստ ու անկայուն է մնալու նաև տարածաշրջանը. Վրաստանն իր փրկությունը գտնելու է եվրաատլանտյան ինտեգրացիայի մեջ, ԼՂ հակամարտությունը Հայաստանի ու Ադրբեջանի ձեռքերն ու ոտքերը «կապելու» է Մոսկվայի հետ: Հետևաբար անիրական է առաջիկա տարիների կտրվածքով խոսել տարածաշրջանային անվտանգության միասնական համակարգի ձևավորման հեռանկարի մասին:

Մեր տարածաշրջանի և նրանով հետաքրքրված երկրների իշխանությունները գուցե չեն փոխվելու, բայց արագ տեմպերով փոխվում է աշխարհը, ընդ որում՝ մեծանում է անկանխատեսելիության գործոնը: Լիբերալ- դեմոկրատական աշխարհակարգը՝ արժեքների և նորմերի միասնական կանոններով, փլուզվում է, տարածաշրջանների համար ծավալվելու է դաժան և անզիջում պայքար, այսպես կոչված, բազմաբևեռ աշխարհի տարբեր կենտրոնների միջև:

Մեր տարածաշրջանի երկրներում իշխանությունների կայունությունն այս պարագայում նույնիսկ ռիսկեր է ծնում, որովհետև փոփոխությունները, որպես կանոն, իրենց մեջ զարգացման ռեսուրս են պարունակում՝ հնարավորություն ընձեռելով ավելի հեշտ ադապտացվել գլոբալ փոփոխություններին:

Spread the love