Դեղատոմսը դուրս է գրվում 2 օրինակից․ մեկը մնում է դեղատանը և պահվում առնվազն 6 ամիս

- in Առողջություն
Aroxjapahutyun

ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի Դեղերի շրջանառության վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Մելիքսեթյանը նշել է, որ դեղերի մեծ մասն առանց բժշկի նշանակման և հսկողության կիրառելու դեպքում կարող է պացիենտին և նույնիսկ հասարակությանը մեծ վնաս հասցնել։

-Պարոն Մելիքսեթյան բավական երկար ժամանակ է հասարակությունը քննարկում է դեղատոմսերի հարցը, ի վերջո դեղատոմսերիդուրս գրման կարգի վերաբերյալ որոշումը կասեցվե՞ց, թե ոչ։

Ոչ, կառավարության 2017թ․ նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշումը գործում է։ Պարզապես 2018թ․ մարտի 6-ին կառավարության N 225-Ն որոշմամբ (https://www.e-gov.am/gov-decrees/item/30027/) N 1402-Ն որոշումը մասնակի կասեցվել է, ինչը նշանակում է, որ ոչ թե կարգը չի գործելու, այլ պարզապես սահմանվում է ժամանակացույց, որով վերջինիս պահանջները գործելու են 3 փուլով, ընդ որում փետրվարի 28-ից այն պարտադիր է թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող և անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող և հակավարակային (hակաբակտերիային դեղեր, hակասնկային դեղեր, hակամիկոբակտերիային դեղեր, hակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղերի համար։

-Իսկ որո՞նք են սահմանված դեղատոմսիձևերը և ինչի՞ համար է նախատեսվածյուրաքանչյուրը։

-Վերոնշյալ կարգով սահմանված է դեղատոմսերի 4 ձևանմուշ։ Այս կարգով դեղատոմսի նոր ձև է սահմանվել՝ բազմակի օգտագործման դեղատոմսը, որը ուժի մեջ է 6 ամիս և բաղկացած է Ա և Բ հատվածներից։ Վերջինս հնարավորություն է տալիս քրոնիկ հիվանդներին մաս առ մաս գնել իրենց դեղը, անհրաժեշտության դեպքում՝ նաև «հատիկով»։

-Բավականին «թեժ» քննարկում է ընթանում նաև այն հարցի վերաբերյալ, թե որտեղի՞ց ենբժիշկները ձեռք բերում դեղատոմսերը։ Կպարզաբանե՞ք այս հարցը:

Միայն թմրամիջոց պարունակող դեղերի համար դեղատոմսերը, որոնք ունեն հատուկ պաշտպանիչ «ջրային նշան», բուժհաստատություններին տրամադրվում են առողջապահության նախարարության կողմից։ Մնացած 3-ը բուժհաստատությունները և բժիշկներն իրենք են տպագրում՝ ըստ սահմանված ձևանմուշի։

-Այդ դեպքում, ո՞ր բժիշկները կարող են դուրսգրել դեղատոմս։

-Դեղատոմս կարող են դուրս գրել բոլոր բուժող բժիշկները, ատամնաբույժները ովքեր ունեն բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունք և գործում են բժշկական հաստատության կազմում կամ որպես անհատ ձեռներեց։ Շտապօգնության բժիշկները, օրինակ, չեն կարող դուրս գրել դեղատոմս։

-Ինչո՞ւ են որոշ դեղեր դուրս գրվումդեղատոմսովինչպես ծանոթանալ դրանցցանկին։

Դեղերի մեծ մասն առանց բժշկի նշանակման և հսկողության կիրառելու դեպքում կարող է պացիենտին և նույնիսկ հասարակությանը մեծ վնաս հասցնել։ Այս առումով ամբողջ աշխարհում հատկապես ուշադրության կենտրոնում են հակավարակային դեղերը, որոնց անհիմն և սխալ կիրառումը պարզապես կարող է բժշկությանը անզոր դարձնել տարբեր վարակների դեմ պայքարի գործընթացում։ Ուստի դեղատոմսերի կիրառումը միտված է հասարակությանը պաշտպանելու այդ ռիսկերից։ Դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկը՝ ըստ խմբերի կարող եք գտնել այս հղումով http://moh.am/#1/1033: Ի դեպ, դեղի «դեղատոմսով» լինել կամ չլինելը ոչ թե սահմանվում է այս ցանկերով, այլ որոշվում է դեղի պետական գրանցման գործընթացի ժամանակ և գրանցումից հետո ֆիքսվում է ազգային գրանցամանտյանում։ Այս ցանկերը պարզապես քաղված են այդ գրանցամատյանից։ Նշյալ հղումով կարող եք ծանոթանալ նաև առանց դեղատոմսի դուրս գրվող դեղերի ցանկին, որն ընդգրկում է 1000-ից ավելի դեղեր՝ ցավազրկողներ, ջերմիջեցնողներ, մրսածության դեղեր, վիտամիններ, տեղային կիրառման միջոցներ և այլն։

-Խնդրում եմ ասեք նաև, թե ինչպե՞ս ենտնտեսավարողները իրազեկվումդեղատոմսերի դուրս գրման այս կարգին և դրանից բխող պատժամիջոցներին։

-Ինչպես բժիշկների, այնպես էլ դեղատների շրջանում առողջապահության նախարարության կողմից պարբերաբար կատարվել են իրազեկման աշխատանքներ պաշտոնական հաղորդագրությունների, տեսահոլովակների, բրիֆինգների տեսքով։ Այժմ Առողջապահական տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հանրապետության ողջ տարածքում կատարվում են դեղատնային այցեր, որի արդյունքում կատարվում են բացատրական և իրազեկման աշխատանքներ։

-Արդյո՞ք կանխվում են կեղծ դեղատոմսերիդուրսգրումն ու իրացումըինչպես նաևդեղատոմսով դուսրգրվող դեղերի իրացումնառանց սահմանված դեղատոմսի։

-Առողջապահական տեսչական մարմինը կոչ է անում բժիշկներին, դեղագետներին և քաղաքացիներին զերծ մնալ կեղծարարությունից, քանի որ դեղատոմսը կարևոր բժշկական փաստաթուղթ է։ Բացի այդ, նոր կարգը նախատեսել է մի շարք գործիքներ, որոնք թույլ են տալու վերահսկել այս գործընթացը, կանխել խախտումները, իսկ հայտնաբերելու դեպքում՝ պարզել խախտման աղբյուրը և համապատաասխան պատժամիջոցներ կիրառել։ Մասնավորապես, դեղատոմսը պետք է վավերացված լինի բժշկի  ստորագրությամբ, առանձին դեպքերում, նաև բուժհաստատության կողմից։ Դեղատոմսի նշանակումները պետք է բժշկի կողմից նույնությամբ արտացոլվեն պացիենտի ամբուլատոր բժշկական քարտում կամ հիվանդության պատմագրում, իսկ վերջիններիս համարն էլ նշվում է դեղատոմսի վրա։ Դեղատոմսը դուրս է գրվում 2 օրինակից, որից մեկը մնում է դեղատանը և պահվում առնվազն 6 ամիս։

Ի դեպ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով սահմանված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով դեղատոմսով բաց թողնվող դեղերի առանց դեղատոմսի իրացման և ՀՀ օրենսդրությամբ չնախատեսված ձևաթղթերի վրա լրացման, դուրս գրման և իրացման համար։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20