Դպրոցական ծրագրերի «միլիտարիզացումը» բացահայտում է իշխանությունների աշխարհահայացքային սահմանափակությունը

- in Կրթություն
Levon Mkrtchyan

Կառավարությունը դպրոցականների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարություն է մշակել․ e-draft.am կայքում հրապարակվել է կառավարության որոշման նախագիծը, որում նշում է, որ ռազմավարության նպատակներից է զինվորականի մասնագիտության հանդեպ գրավչության մեծացումը, ազգային արժեքների, հայրենիքը թշնամուց պաշտպանելու գիտակցումը և այլն։

Նախագիծը ներկայացրել է կրթության և գիտության նախարարությունը։ Կառավարությունում ասում են, որ ռազմահայրենասիրական դաստիարակությունը տանում է ազգային արժեքների և համամարդկային մշակութային արժեքների համադրմանը: Իհարկե, պարզ չէ, թե այս գեղեցիկ կամ խուճուճ ձևակերպմումն ինչ կապ ունի կրթության որակի, պետության տեսլականի հետ:

Ավելինակնհայտ է, որ նման ռազմավարություններ ներդրվում են ագրեսիվ գաղափարախոսություն ունեցող ավտորիտար երկրների կրթական համակարգերում: Նման երկրներում կրթական համակարգը ծառայում է ոչ թե իր բուն առաքելությանը, այլ օֆիցիոզ գաղափարախոսության շուրջ հասարակության կոնսոլիդացիային բացառելու համար այլակարծության որևէ դրսևորում, ազատության հարթակների ստեղծման հնարավորությունը:

ԿԳՆ ներկայացրած ռազմավարությունը դատապարտելի է, առաջին հերթին, քաղաքական առումով:

Հայրենասիրական դրսևորումները պետական քննարկումների, որոշումների, ռազմավարության քննարկման առարկա չեն, դրանք հրապարակային չեն կարող լինել: Չի կարելի անհատական պատկերացումների, զգացմունքի մասին կառավարության որոշումներ ընդունել: Հայրենասիրությունը հոգևոր, բարոյական կատեգորիա է ու անթույլատրելի է դրա ֆորմալացումը պետական ձևակերպումներով, հատկապես` կրթության ոլորտում:

Մյուս կողմիցպետության կրթական քաղաքականության հիմքում ապագայի տեսլականն է, կրթության որակի բարձրացման շնորհիվ ռազմավարական խնդիրներ լուծելու հրամայականը: Դպրոցական ծրագրերի «միլիտարիզացումը» բացահայտում է իշխանությունների աշխարհահայացքային սահմանափակությունը, զարգացման ծրագրի բացակայությունը: Կրթական համակարգը դպրոցականներին պետք է տա խոր գիտելիքներ, քաղաքացիական գիտակցություն, ինչի շնորհիվ երկիրն ունենա մրցունակ մասնագետներ, ընդ որում ոչ միայն երկրի ներսում, այլև դրա սահմաններից դուրս: Երկրի ապագա քաղաքացիներին պետք է նախապատրաստել ոչ թե այսպես կոչված խրամատային կյանքի, այլ գլոբալ աշխարհի չափանիշներին համապատասխան:

Ինչքան այսօրվա դպրոցականը, ուսանողը զերծ լինեն տարբեր «իզմերի» արհեստական ազդեցությունից, այնքան նրանց մասնագիտական որակները ներդաշնակ կլինեն քաղաքացիական գիտակցության հետ: Ժամանակակից պետությունները հիմնվում են ոչ թե արհեստածին ազգային գաղափարախոսությունների, այլ կրթության որակի, քաղաքացիականության վրա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20