Եթե ժողովրդի կամարտահայտությունը լինի, դա կավարտվի իշխանափոխությամբ

- in Հասարակություն
nikol-pashinyan

Այսօր ԱԺ-ում լրագրողները ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանից հետաքրքվեց, թե ի՞նչ հետևություններ է արել Մարտի 1-ից, և ունի իր համար ճանապարհային քարտեզ , թե ի՞նչ է անելու, պատգամավորը պատասխանեց.

«Ես ասում եմ, որ եթե կլինի ժողովրդի այնպիսի կամարտահայտություն, որը եղել է 2008 թվականի փետրվարին, ես ինձ համարում եմ երաշխավորը, որ դա կավարտվի իշխանափոխությամբ։ Այսինքն ես շատ պարզ բան եմ ասում, ո՞վ է իշխանության տերը ՀՀ-ում՝ Ժողովուրդն է իշխանության տերը։ Եթե մենք, օրինակ, որոշումների կայացման արդյունքում կունենանք այնպիսի հրապարակ, որը մեզ թույլ կտա ասել, որ դա պատվիրակված հրապարակ է Հայաստանի ժողովրդի կողմից, ես ինձ համարում եմ երաշխավորը, որ դա կավարտվի իշխանափոխությամբ։ Եթե կպարզվի, որ այս խնդիրը չի հուզում ՀՀ քաղաքացիներին, ես ասել եմ, մենք ստիպված կլինենք արձանագրել, այդ ստատուս քվոն», պատասխանեց Փաշինյանը։

«Ես կարծում եմ, որ մեր դերը տվյալ դեպքում պրոբլեմը արձանագրելն է, իսկ պրոբլեմը Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետն է և նրա 2014 թվականի ապրիլի 10-ի հայտարարության հետ հակասությունը։ Մեր խնդիրը պրոբլեմը արձանագրելն է, եւ ժողովրդին պրոբլեմի լուծման նկատմամբ դիրքորոշում արտահայտելու հնարավորություն տալն է։ Կա ճանապարհային քարտեզի նախագիծ՝ գրավոր, որը քննարկվում է ԵԼՔ դաշինքում, և ոչ միայն ԵԼՔ դաշինքում, քննարկվում է նաեւ կուսակցություններում առանձին վերցված»,-շարունակեց ԵԼՔ խմբակցության ղեկավարը։

Օրենսդրական փոփոխություններն ու Հանրապետական կուսակցության անդամների հայտարարությունները հուշում են, որ Սերժ Սարգսյանի թեկնածությունն է առաջադրվելու ՀՀ վարչապետի պաշտոնում:

Դիտարկմանը, թե մի անգամ ինքը հայտարարել է, որ իշխանափոխության համար մեկ շաբաթն էլ է բավարար,  Փաշինյանն ասաց.« Ես ասել եմ, այն ժամանակ, երբ ես կհայտարարեմ, որ սկսվում է Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու գործընթաց, այդ գործընթացը պետք է իրականացվի մեկ շաբաթում, տվյալ դեպքում, երբ ապրիլի 9-16-ն ընկած ժամանակահատվածում Սերժ Սարգսյանն իշխանությունից հեռացած է լինելու: Այսինքն, ապրիլի 9-16-ը Սերժ Սարգսյանը ՀՀ պետական կառավարման համակարգում ոչ մի պաշտոն չի ունենալու, այսինքն` առնվազն այդ ժամանակահատվածում:

Spread the love