ԵԾ-ականները խնդիր ունեն առնվազն բարոյականության հետ

Zaruhi Postanjyan

Երևան քաղաքի ավագանու ԵԾ խմբակցությունն առաջարկում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի ետնամասում տեղադրել Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան: Նախագիծը կքննարկվի Երևանի ավագանու մարտի 19-ին կայանալիք նիստում:

Առաջին հայացքից թվում է՝ տեղին, ինչ-որ տեղ ուշացած նախաձեռնություն է, որովհետև արյունոտ իրադարձություններից անցել է մի ամբողջ տաս տարի, և մայրաքաղաքում չկա գոնե մեկ հուշարձան, որը կարժևորի Մարտի 1-ի զոհերի հիշատակը:

Սակայն արտաքին տպավորությունն ի դերև է լինում, երբ ծանոթանում ենք Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախագծի «Քաղաքական հիմնավորում» բաժնին, որտեղից այնպիսի տպավորություն է ձևավորվում, թե Մարտի 1-ի իրադարձությունների հիմնական պատասխանատուն 1996-ին Վազգեն Սարգսյանի կողմից արված մի հայտարարություն է, որի իմաստն այն էր, թե այդ օրերի ընդդիմությանը իշխանություն վստահել չի կարելի, եթե նույնիսկ վերջինս ստացած լինի 100% քվե: Վազգեն Սարգսյանն այդ միտքն արտահայտել է 1996-ի նախագահական ընտրություններից հետո, երբ Վազգեն Մանուկյանի կողմնակիցները գրոհեցին խորհրդարանի շենքըպատանդառելով ԱԺ նախագահին և նրա տեղակալին: Քսան տարվա վաղեմության իրադարձություններին թերևս իմաստ չունի անդրադառնալ, սակայն առնվազն զավեշտալի է, որ Զարուհի Փոստանջյանը Մարտի 1-ը, այսպես ասած, «գաղափարապես» կապում է Վազգեն Սարգսյանի համատեքստից կտրված արտահայտության, Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 1996-ի ընտրությունների հետ: Խնդիրը բազմաշերտ է բարոյական, քաղաքական բաղադրիչներով: Վերջին մեկ ամսվա մեջ «Երկիր Ծիրանի» խմբակցությունն արդեն երկրորդ նախաձեռնությունն է ներկայացնում Վազգեն Սարգսյանի հիշատակի դեմ:

Սկզբում առաջարկում էին վերանվանել նրա անունը կրող փողոցի մի հատվածը, հիմա Մարտի 1-ն են կապում Վազգենի անվան հետթեկուզև անուղղակիորեն: Նախաձեռնության հեղինակները խնդիր ունեն առնվազն բարոյականության հետ, մյուս կողմից նրանք, կամա թե ակամա, նույնանում են Ռոբերտ Քոչարյանի և նրա արյունոտ ռեժիմի հետ. Երրորդ հանրապետության և նրա վերջին թելը հանդիսացող Վազգեն Սարգսյանի դեմ հաշվեհարդար տեսել է հենց Քոչարյանը, իսկ ԵԾ-ն շարունակում է կիսատ գործըկռիվ տալով զոհված Սպարապետի հիշատակի դեմ: Մեծ հաշվով Մարտի 1-ը Հոկտեմբերի 27-ի շարունակությունն է:

Ի՞նչ կապի ունի Մարտի 1-ը, զոհերի հուշարձանը Վազգեն Սարգսյանի, 96-ի ընտրությունների հետ: Ինչո՞ւ է Զարուհի Փոստանջյանը Մարտի 1-ի սլաքները` դրա կազմակերպիչ Քոչարյանից արհեստականորեն ուղղում մահացած Վազգեն Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի ուղղությամբ: Ինչպե՞ս չմտածես, որ ԵԾ-ի հետևում բացի Սերժ Սարգսյանից երևում են նաև Ռոբերտ Քոչարյանի «ականջները», ով թերևս մտավախություն ունի, որ մոտ ապագայում կարող է իսկապես հարցաքննվել Մարտի 1-ի գործով:

Արդյո՞ք պատահական է, որ այսօր Մարտի 1-ի հարցով Քոչարյանի «անմեղության» թեմայով հայտարարություն է տարածել երկրորդ նախագահի գրասենյակը, իսկ Զարուհի Փոստանջյանը զուգահեռաբար գտել է Մարտի 1-ի նոր «մեղավորի»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20