ETM

Gallup հետազոտական կենտրոնը վերջերս իր ավանդական հարցումն է անցկացրել՝ պարզելու Եվրասիական տնտեսական միության տարածքում ապրող մարդկանց վերաբերմունքն այդ կառույցի արդյունավետության վերաբերյալ: ԵՏՄ բնակիչներն ընդհանուր հաշվով դրական են գնահատել միության գոյությունը: Հարցվածների 30%-ի կարծիքով՝ միությունը «շահավետ» է, 22%-ի համոզմամբ՝ «վնասակար»:

Ինտեգրացիոն տրամադրություններն ավանդաբար գերիշխող են Կենտրոնական Ասիայի երկրներում, ինչը մասամբ պայմանավորված է դրանցում արմատավորված քաղաքական մշակույթով, երբ հասարակությունները, որպես կանոն, չեն վիճարկում իշխանությունների որոշումները: Մյուս կողմից՝ խիստ օրինաչափ է, որ, օրինակ, Ղրղըզստանում հարցվածների 57%-ի համոզմամբ՝ ԵՏՄ-ն օգուտ է տվել իրենց երկրին, որովհետև Կենտրոնական Ասիայի տնտեսապես թույլ և հետամնաց այս պետությունը եվրասիականացման շնորհիվ հասավ նրան, որ Ռուսաստանը «ջրեց» իր պետական պարտքը:

Կամ երբ բելառուսների 51%-ը ողջունում է ԵՏՄ-ի գոյությունը, դա ունի, այսպես կոչված, քաղաքակրթական հիմք. բելառուսների մեծամասնությունն իրեն նույնացնում է ռուսների հետ:

Փորձագիտական շրջանակներում տարակուսանք է հարուցել այն փաստը, որ Ռուսաստանում դրական և բացասական գնահատականների թիվը գրեթե հավասար է համապատասխանաբար՝ 25 և 24%-ի: Սա, այդպես կոչված, կայսերական մտածողության տիպիկ դրսևորում է, երբ մետրոպոլիայում համարում են, որ ծայրագավառներն ապրում են իրենց հաշվին:

Հիմա գանք հայաստանյան պատկերին, որը ուշագրավ և բազմաշերտ վերլուծությունների առիթ է տալիս:

Հայաստանում հարցվածների 42%-ն է դրական գնահատում ԵՏՄ-ն, 17%-ը՝ բացասական, 30%-ը կարծիք չունի: Ըստ Gallup-ի՝ Հայաստանում լուրջ տեղաշարժ է դեպի դրական գնահատական: 2015-ին անդամակցումը ԵԱՏՄ-ին դրական է գնահատել հարցվածների 20%-ը, հիմա՝ 42, ինչը, փաստորեն, նշանակում է դրական գնահատականի ավելի քան 100%-ով աճ:

Այս ցուցանիշը մի փոքր տարօրինակ է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ԵՏՄ-ն Հայաստանին առայժմ միայն թանկացումներ է բերել, իսկ խորհրդարանական ընդդիմությունը նույնիսկ հանդես է եկել ԵՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը չեղարկող նախաձեռնությամբ: Մյուս կողմից՝ Հայաստանի հասարակությունը թերևս համակերպվել է այն իրականության հետ, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում և արտաքին քաղաքականության մեջ ստատուս քվոն տեսանելի ապագայում չի փոխվելու, և փորձում է ադապտացվել այդ իրականությանը: Սա, ըստ էության, իշխանության և հասարակության 2017-ի ապրիլի 2-ի կոնսենսուսի տրամաբանության շրջանակներում է:

Մյուս կողմից՝ սոցիոլոգիական հարցման թվերը բացահայտում են նաև պոզիտիվ և նեգատիվ գործոնների կոնտրաստը: Թերևս պարադոքսալ հնչի, սակայն ԵՏՄ-ի հանդեպ Հայաստանում դրական վերաբերմունքի շեշտակի աճը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ հասարակությունը Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո գուցե իսկապես հավատում է իշխանությունների հռչակած «և, և»-ի քաղաքականությանը՝ հատկապես, որ հրապարակի վրա չկան արտաքին քաղաքական այլընտրանքային կոնցեպցիաներ:

Իհարկե, հարցումը բացահայտում է նաև քաղաքական համակարգի իռացիոնալիզմը. հանրային ընկալման մեջ որևէ քաղաքական ուժ չի նույնանում եվրաինտեգրման հետ, ինչի հետևանքով հասարակությունը պետք է կա՛մ համակերպվի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, կա՛մ էլ հայտնվի պասիվ դիտորդի կարգավիճակում:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •