Երդմնակալությունը հնարավոր է ԱԺ բակում անեն. Արմեն Սարգսյանի «սիրտը կախ է»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած արդեն իսկ հասկանալի է, որ Հայաստանի նորընտիր նախագահը չի ունենալու նախկինների լիազորությունները, գործող իշխանությունը «հոգ» է տարել այդ մասին, բայց անգամ մանրուքների մեջ չեն ուզում ընդունել նրա պաշտոնի կարևորությունը։

Մենք տեղեկացանք, որ թեև քննարկվում է Օպերայի դահլիճում երդմնակալության հանդիսավոր արարողությունը կազմակերպելու հարցը, սակայն հանրապետականները դրան էլ են դեմ, քանզի նախկին երկու նախագահները հենց Օպերայում են երդվել։

Ըստ նոր օրենսդրության՝ ՀՀ նախագահի երդմնակալության տեղի ու ժամի մասին որոշումն ընդունում է ԱԺ նախագահը։ Արմեն Սարգսյանը, ըստ տեղեկությունների, ի սկզբանե զգուշացրել է, որ ինքը շատ հյուրեր է ունենալու, հատկապես՝ արտերկրից, մեծ հանդիսություն է կազմակերպվելու, որի համար ԱԺ դահլիճը հարմար չէ, նախընտրելի է Օպերան կամ Մատենադարանը, սակայն ՀՀԿ-ականներն սկսել են համոզել, որ եթե հյուրերը շատ են լինելու, ապա կարող են ԱԺ բակն օգտագործել՝ երդմնակալությունը կազմակերպել բացօթյա։

Իսկ կընդունվի՞ իրավական ակտ կամ օրենք այն մասին, թե ում նկարը պետք է կախվի պետական հիմնարկներում՝ իբրև պետության խորհրդանիշի, ԱԺ պետաիրավականի անդամ Ռուստամ Մախմուդյանը պատասխանեց․ «Այս պահին չկա նման իրավական փաստաթուղթ, կլինի, թե ոչ, ես չեմ կարող ասել»։ Հիշեցնենք, որ, այնուամենայնիվ, ըստ Սահմանադրության, պետության գլուխը համարվում է նախագահը»:

Spread the love