Երրորդը կլինի թերևս Հրայր Թովմասյանը

Hrayr Tovmasyan

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուի համար առաջադրել է ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանին, որն օրերս հրաժարական տվեց պատգամավորությունից՝ ՍԴ անդամ ընտրվելու համար, հետո նախագահ Գագիկ Հարությունյանին փոխարինելու հեռանկարով:

Հարությունյանը, հիշեցնենք, գլխավորելու է նորաստեղծ Բարձրագույն դատական խորհուրդը:

Հրայր Թովմասյանի առաջադրումը ՍԴ նախագահի պաշտոնին այդպիսով ամենևին անսպասելի կամ անակնկալ չէր: Թովմասյանը համարվում է նոր Սահմանադրության և կառավարման ու ընտրական նոր մոդելի, այսպես ասած, կնքահայրը, և նա, փաստորեն, ստանում է իր վաստակի բավականին բարձր գնահատական և հատուցում:

ՍԴ նախագահի պաշտոնը չլինելով գործադիր կամ օրենսդիր առօրյա պատասխանատվության պաշտոն, միևնույն ժամանակ, ըստ էության, չափազանց կարևոր և առանցքային բարձրագույն պաշտոններից մեկն է Հայաստանում: Մյուս կողմից՝ այս պաշտոնը, այս կարգավիճակը տարիներ շարունակ դիտարկվել է ընդամենը իշխանության վերարտադրության և կենսագործունեության անխափանությունն ապահովող կնիք, որը դրվել է բոլոր համապետական ընտրությունների, բոլոր առանցքային հարցերի վրա: Այլ կերպ ասած՝ Սահմանադրական դատարանն ընկալվել է ոչ թե իբրև անկախ բարձրագույն դատական ատյան Հայաստանում, այլ գործադիր իշխնությանը սպասարկող կառույցներից մեկը:

Այդ տեսանկյունից, դե յուրե լինելով բարձր ատյանի նախագահ՝ Հրայր Թովմասյանը դե ֆակտո լինելու է իշխանությանը սպասարկող կառույցներից մեկի ղեկավար: Սակայն այստեղ, իհարկե, խնդիրը հետաքրքիր է մեկ այլ տեսանկյունից: Այն, որ իշխանություն-հասարակություն հարաբերության մասով Հրայր Թովմասյանը սկզբունքորեն չի փոխելու ոչինչ, կասկածից վեր է՝ նա հո չի եկել իշխանափոխության նպաստելու: Բայց Թովմասյանն անկասկած «էլիտայափոխության» դրսևորում է: Մի պրոցես, որ փորձում է սահուն իրականացնել Սերժ Սարգսյանը, և այստեղ արդեն ակնհայտ է, որ Հարությունյանին Թովմասյանով փոխարինելը զուտ մեխանիկական փոփոխություն չէ:

Սերժ Սարգսյանը կարիք ունի իշխանության մեջ նոր հակակշիռների, որոնք հնարավորինս քիչ են սերտաճած բիզնեսի և իշխանության սերտաճման վրա գիրացած օլիգարխիային և դրանից կազմված տարբեր բևեռներին, այդ թվում՝ նաև ռուսաստանահայ կապիտալին: Կարեն Կարապետյանին վարչապետ չթողնելու պարագայում անգամ Սերժ Սարգսյանն ունենալու է այդ կապիտալի խնդիրը, քանի որ առաջիկա տարիներին հազիվ թե գտնվի Հայաստանում հիմնական ներդրումային «ոռոգումն» ապահովելու ներուժ պարունակող այլ աղբյուր, քան ռուսաստանահայ կապիտալը: Հետևաբար Սարգսյանին պետք է ձևավորել հակակշիռներ, իսկ տեղական կապիտալը չի կարող լինել լիարժեք այդպիսին, քանի որ այդուհանդերձ, չնայած նաև շահերի բախմանը, կան առանցքային միավորող գործոններ թե՛ համատեղ անցյալի, թե՛ նաև ընտանեկան-ազգակցական, քավոր-սանիկական, խնամիական կապերի տեսքով:

Ըստ այդմ՝ Սարգսյանին անհրաժեշտ են հնարավորինս «օտար» միավորներ՝ թե՛ տարիքային, թե՛ միջավայրային, թե՛ այսպես ասած, գործարքային առումներով: Նա արդեն իսկ ձևավորել է այդպիսի երկու հակակշիռ՝ նախագահ Արմեն Սարգսյան և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան: Երրորդը կլինի թերևս Հրայր Թովմասյանը, և այստեղ արդեն նրա կարգավիճակը դառնում է հետաքրքիր, որովհետև Սահմանադրական դատարանն, ըստ ամենայնի, կդառնա յուրօրինակ մամլիչ կամ սուր, որ կախված է հայաստանյան և ռուսաստանահայ խոշոր կապիտալի կրողների գլխին:

Խնդիրն այն է, որ հնարավոր չէ ընթացիկ այդ գործառույթները թողնել զուտ իրավապահ համակարգի վրա, քանի որ այստեղ լծակները ծայրահեղ իրավիճակների համար են, ոչ թե ընթացիկ: Եվ դրանք էֆեկտիվ են հենց այդ ծրագրային ապահովմամբ: Դրանց ընթացիկ կիրառության դեպքում հավանական են դառնում համակարգային խնդիրներ, և այդ իսկ պատճառով Սարգսյանը ձևավորում է ընթացիկ քաղաքական հակակշիռների լայն համակարգ:

Spread the love