Երևանից` Անկարայում Պուտինի ոտքի տակի հողը ամրացնելու համար

Erdoghan Putin

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի երկու պատվիրակությունների հաջորդական այցերը Հայաստան դիտարկվեցին ամենատարբեր շարժառիթների և լույսի ներքո, և արձանագրվեց, որ դրանք ունեին առնվազն մեկ միավորող գիծ՝ Ռուսաստանը հետևություններ է արել ապրիլյան քառօրյայից և քայլեր կատարել Հայաստանին ռազմական կարողությունների բարձրացման ուղղությամբ, տալով նորագույն սպառազինություն:

Այս մեսիջները ևս արժանացան տարբեր գնահատականների, դիտարկվեցին դրանց տարբեր մոտիվացիաներ, տողատակեր: Ըստ էության, հայ-ռուսական հարաբերությունների տիրույթից դուրս, Ռուսաստանի երկու պատվիրակությունների հայաստանյան հռետորաբանությունը դե ֆակտո զգուշացում էր նաև Ադրբեջանին, հատկապես այն գնահատականների համատեքստում, թե Ալիևը կարող է նախընտրական շրջանն օգտագործել սադրանքների համար, իր շուրջն ընտրազանգված մոբիլիզացնելու նպատակով: Սակայն, դրանից բացի, խնդիրը նաև հետընտրական տիրույթում է, քանի որ այն բանից հետո, երբ Ալիևը հերթական նախագահական ընտրությունը հոկտեմբերից տեղափոխեց ապրիլ՝ արտահերթի, հնչեցին գնահատականներ, որ նա պարզապես արագացնում է իրադարձությունները և ձեռքերն ազատում է, հետագայում իրավիճակը լարելու և ռազմական գործողությունների գնալու համար:

Այդ տեսանկյունից, Երևանում ռուսական պատվիրակությունների հնչեցրած հայտարարությունները բավական հստակ մեսիջ էին պարունակում Ադրբեջանի համար, որ իրավիճակը լարելու փորձերը կառաջացնեն Ռուսաստանի դժգոհությունը և պետք չէ գնալ այդօրինակ արկածախնդրության: Իհարկե, բուն հասցեատերը թերևս ոչ թե Բաքուն, այլ գուցե Թուրքիան, առանց որի աջակցության Ադրբեջանը հազիվ թե համարձակվի լարել իրավիճակը: Իսկ Անկարայի համար դա կարող է լինել Ռուսաստանի վրա ճնշում բանեցնելու միջոց, քանի որ թուրք-ռուսական հարաբերությունները զարգանում են ըստ էության «ոխերիմ բարեկամության» սկզբունքով:

Ի դեպ, ապրիլի 4-ին Պուտինը պատրաստվում է այցելել Անկարա և հետաքրքիր են մեսիջները դրանից առաջ: Դրանք ըստ երևույթին հենց Պուտինի այցին ուղեկցող մեսիջներ էին Երևանից, Անկարայում Պուտինի ոտքի տակի հողը ամրացնելու համար: Ըստ այդմ իհարկե հարց է առաջանում, թե որքա՞ն ժամանակի համար է Մոսկվան Երևանից սաստել Բաքվին՝ մինչև Անկարայի հետ ապրիլի 4-ին ինչ-որ բան պայմանավորվե՞լը, որից հետո Մոսկվան կարող է այսպես ասած մոռանալ իր հայտարարությունների մասին, թե՞ այդուհանդերձ Ռուսաստանի համար խնդիրը ավելի երկարաժամկետ է, քանի որ Կրեմլը անշուշտ պատկերացնում է, որ ադրբեջանական ևս մեկ սադրանքն այլևս չի մնա կարճատև պատերազմի շրջանակում, իսկ երկարատևի պարագայում Ռուսաստանը կկանգնի թե ընդհանրապես նոր պատերազմի, թե դրան հենց հայկական կողմից ներգրավվելու անխուսափելիության առաջ, ինչն այս պահին Մոսկվայի համար շահեկան չէ, քանի որ զգալիորեն կարգելափակի Ադրբեջանի հետ աշխատանքի հնարավորությունը: Իսկ Մոսկվան դա չի ուզում և Ադրբեջանին էլ ակնարկում է, որ դա Բաքվին էլ պետք չէ:

Spread the love