Erdoghan

«Համաձայն իրավապաշտպան ակտիվիստների փոխանցած տեղեկությունների՝ թուրք զինվորները գնդակահարում են փախստականներին: Միևնույն ժամանակ ԵՄ երկրները Թուրքիային միլիոններ են փոխանցում վերջինիս սահմանները սպառազինությամբ ապահովելու համար: Այդ փաստը ԵՄ երկրներին հանցակից է դարձնում»,- պնդում է Der Spiegel-ի լրագրող Մաքսիմիլիան Փոփը:

Հեղինակի խոսքերով՝ Թուրքիան, որ ավելի շատ փախստական է ընդունել, քան որևէ այլ երկիր կամ ԵՄ բոլոր երկրները միասին վերցված, եվրոպացիների ճնշման ներքո փակել է Սիրիայի հետ սահմանը: Սիրիան վերածվել է բանտի: Քաղաքացիական պատերազմից փախչել ցանկացող խաղաղ բնակիչը ստիպված է կյանքը վտանգի ենթարկել:

Մի քանի փախստականներ միմյանցից անկախ պատմել են լրատվականին, որ Թուրքիա փախչելու ժամանակ թուրք զինվորները կրակ են բացել իրենց ուղղությամբ: Նման դեպքերի մասին տեղեկություն է տարածել նաև Human Rights Watch-ը:

Սրա հետ մեկտեղ Der Spiegel-ի լրագրողները European Investigative Collaborations բժշկական ցանցի իրենց գործընկերների հետ միասին պարզել են, որ ԵՄ-ն Թուրքիային ավելի քան 80 մլն եվրո է փոխանցել վերջինիս սահմանները զինելու համար: Այսպես՝ Բրյուսելը թուրքական Otokar ընկերությանը գաղտնի 35,6 մլն եվրո է փոխանցել Cobra 2 ռազմական ավտոմեքենաների ստեղծման համար, որոնք այժմ կիրառվում են նաև թուրք-սիրիական սահմանին:

«Փախստականների հանդեպ իրականացվող հանցագործություններում եվրոպացիները ոչ միայն լուռ դիտորդներ են հանդիսանում, այլ նաև հանցակիցներ»,- ընդգծում է հեղինակը: