Թբիլիսիի հայկական թատրոնի թատերախումբը Երևանում կներկայացնի «Օրը անձրևոտ» բեմադրությունը

- in Մշակույթ

Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան դրամատիկական թատրոնը «Օրը անձրևոտ» ներկայացմամբ հանդես կգա Երևանում: Թատերասերներն այն դիտելու հնարավորություն կունենան մարտի 13-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

Կայանալիք ներկայացման և այլ հարցերի շուրջ մարտի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, ով նաև այդ պիեսի հեղինակն է:

«Սա իմ ութերորդ պիեսն է: Ստեղծագործություններիցս մեկը Հայաստանում բեմադրել է հայտնի ռեժիսոր Վահե Շահվերդյանը»,-նշեց գեղարվեստական ղեկավարը:

Նա շեշտեց, որ իրենց թատերախումբը բաղկացած է երիտասարդ և պրոֆեսիոնալ դերասաններից:

Թատրոնը, շենքի վերակառուցման աշխատանքների պատճառով, յոթ տարի շարունակ բեմադրությունները ցուցադրում է Թբիլիսիի այլ թատրոններում:

«Թատրոնը չի դադարեցրել իր գործունեությունը: Թատրոնի շենքը չի գործել, իսկ թատերախումբն ակտիվ է եղել` տարվա ընթացքում տարբեր թատրոններում խաղալով հիսուն ներկայացում: Այն մասնակցել է արտերկրում իրականացվող թատերական փառատոնների»,-շեշտեց Բայանդուրյանը:

Արմեն Բայանդուրյանն ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը տարվա ընթացքում 15 մլն դրամ է տրամադրում թատերախմբին` տարբեր թատրոններում հանդես գալու վարձ վճարելու համար:

Նրա հավաստմամբիրենց խաղացանկը բազմազան է. ներառված են ինչպես հայ դասականների Հակոբ Պարոնյանի, Գաբրիել Սունդուկյանի, այնպես էլ ժամանակակից դրամատուրգների՝ Գուրգեն Խանջյանի, Կարինե Խոդիկյանի, Արմեն Բայանդուրյանի պիեսները:

Spread the love