Ինչպես է հայ զինվորը փրկել ԱՄՆ ապագա սենատորի կյանքը

zinvor

«Կյանքիս փրկության համար պարտական եմ հայ զինվորին»: Այս բառերով է սկսել իր ելույթը Միացյալ Նահանգների նախկին սենատոր Մարկ Քըրքը, ում ուրբաթ օրը Վաշինգտոնում գտնվող Հայաստանի խորհրդարանականները պարգևատրել են Ազգային Ժողովի պատվո մեդալով, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Տարիներ առաջ Հայաստան ժամանելով դեռևս որպես ԱՄՆ-ի Կոնգրեսի շարքային աշխատակից Մարկ Քըրքը այցելել էր սահմանագիծ՝ իրավիճակին ծանոթանալու նպատակով, սակայն, եթե ապագա սենատորի կողքին չլիներ հայ զինվորը՝ այդ այցը կարող էր վերջինը դառնալ։

«Մենք խրամատում էինք, Թարթառի մոտակայքում, նայում էինք ադրբեջանական դիրքերի վրա: Ես սխալմամբ գլուխս բարձրացրեցի և հենց այդ պահին օձիքիս վրա զգացի հայ զինվորի ձեռքը, որն ինձ հետ քաշեց: Անմիջապես այն տեղով, որտեղ մեկ վայրկյան առաջ գլուխս էր, անցավ ադրբեջանական գնդակը:

Հայ զինվորն իմ կյանքը փրկեց, իսկ ինձ համար դաս եղավ, որ չի կարելի գլուխը բարձրացնել խրամատից»,– պատմել է նա:

Այդ այցելությունից սենատորը ևս մեկ դաս է քաղել, նշում է նա: Հայ ժողովրդի նկատմամբ պատմությունն անարդար էր և անհրաժեշտ է վերականգնել պատմական արդարությունը, առաջին հերթին ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Ո՞վ է հիշում հայերին, կրկնում է սենատոր Քրքը Ադոլֆ Հիտլերի սարսափելի հարցը. «Ո՞վ է հիշում հայերին՝ ե՛ս եմ հիշում հայերին, և մեզանից ոչ ոք չպետք է մոռանա Հայոց ցեղասպանությունը, չպետք է մոռանա հայ ժողովրդին՝ հրաշալի, արարիչ ժողովրդին»:

Սենատորի պաշտոնին Մարք Քըրքի հայանպաստ աշխատանքի ծավալն աննախադեպ էր, նշում են ԱՄՆ-ի հայ համայնքի կարևորագույն կազմակերպությունների՝ Ամերիկայի հայկական համագումարի ու Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչներ Բրայըն Արդունին ու Արամ Համբարյանը: ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն էլ Հայաստանի անունից է շնորհակալություն հայտնում. «Դուք ձեր ուրույն տեղն եք գրավել մեր սրտերում, մենք էլ հույս ունենք, Հայաստանը ձեր սրտում իր տեղն ունի»:

Պատվո մեդալը փոխանցելիս Ազգային Ժողովի փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը նշել է է, որ տարիներ առաջ հետևելով Մարկ Քըրքի գործունեությանը չէր պատկերացնում, որ հենց ինքն է հանձնելու մեդալը. «Ես նույնիսկ չէի կարող երազել, որ պատիվ կունենամ այս մեդալով պարգևատրել հարգարժան սենատորին»:

Տեղեկանալով, որ Արփինե Հովհաննիսյանը ներկայացնում է Հայաստանի խորհրդարանում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունը, սենատոր Քըրքը, ով ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության անդամ է, անմիջապես կատակում է՝ «Եթե ԱՄՆ-ում իրադարձությունները վատ ընթանան և Դոնալդ Թրամփի հանրապետական վարչակազմը ձախողվի, մենք՝ ԱՄՆ-ի հանրապետականներս, հավանաբար Հայաստան կտեղափոխվենք՝ ապաստան խնդրելու»:

Spread the love