Ինքնաձիգով հարվածել են, ուսադիրներս պոկել. Օսիպյանն առաջին անգամ մանրամասներ է պատմում իրեն պատանդ պահելու մասին

- in Մամուլ
Valeri Osipyan

Երեւանի փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանը ՊՊԾ գնդի գրավումից հետո առաջին անգամ «ՀԺ»-ի հետ զրույցում անդրադառնում է ՊՊԾ գնդի տարածքում պատանդառության մանրամասներին եւ իր անձի հետ կապված «Սասնա ծռեր» խմբի հայտարարություններին:

Պատճառը երեկ դատարանում հրապարկված «Սասնա ծռեր» խմբի մուտքային եւ ելքային հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներն էր:

Մասնավորապես երեկ մեղադրող դատախազները հրապարակեցին «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի խոսակցությունը ոմն Գնելի հետ, որտեղ Պետրոսյանն ասում է. «Օսիպյանը, չես պատկերացնի, կուռկուռի ձագ ա դառել, գիտե՞ս հետս ոնց ա խոսում»: Ապա Գնելը հետաքրքրվում է. «Չի ասո՞ւմ՝ ստիպված էի, հրաման էի կատարում», ինչին ի պատասխան Աշոտ Պետրոսյանը նշում է. «Արդարանում ա անընդհատ, ծեծել եմ, չափալախել եմ, պագոնները պոկել ջեբս եմ դրել, փախնում էր, հազիվ եմ բռնել: Առաջին օրը համարյա լացում էր, ընգել էր հետեւիցս, խնդրում էր, որ տամ, տվեցի պագոնները, պաշտոնը վերականգնեցի»,- հեռախոսային խոսակցությունում ասում է Աշոտ Պետրոսյանը:

«ՀԺ»-ի հետ զրուցում Օսիպյանը հերքեց Աշոտ Պետրոսյանի կողմից արված հայտարարություններն իրեն ծեծելու, չափալախելու վերաբերյալ: «Այն, որ մեջքիս հետեւից մի քանի հոգով ինքնաձիգով հարվածել են, այդպես է, այն, որ Աշոտ Պետրոսյանը պոկել է իմ ուսադիրները, նույնպես այդպես է, իսկ մնացածը իրականությանը չեն համապատասխանում: Աշոտ Պետրոսյանն է ինձ երկու օր խնդրել, որպեսզի ես վերցնեմ ուսադիրներս եւ ամրացնեմ վերնաշապիկիս: Այդ ինչպե՞ս եւ որտե՞ղից էի ես փախնելու, մի փոքր սենյակի՞ց, որտեղ 8 պատանդ կար եւ բոլորս՝ ձեռնաշղթաներով: Իսկ Աշոտ Պետրոսյանի այլ խնդրանքների եւ մնացածի մասին կասեմ դատարանում»,- եզրափակեց Երեւանի փոխոստիկանապետը»:

Spread the love