Իշխանությունն ինքն է քաղաքական, բանավեճային մշակույթի ձևավորման աղբյուրը

- in Կարծիք
Vigen Sargsyan

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել «Ռազմինֆո» կայքինհանգամանալից անդրադառնալով բանակին առնչվող խնդիրների լայն շրջանակի, զինված ուժերի արդիականացման և բարեփոխման ծրագրերին, մասնավորապես «Ազգ-բանակ» հայեցակարգին:

Վիգեն Սարգսյանն ասել է, թե բարեփոխումների կարևոր նպատակն է բանակն ավելի թափանցիկ, ավելի հասկանալի դարձնել մեր հասարակության համար, ամրապնդել բանակ-հասարակություն կապը և բանակի վրա ծախսվող ռեսուրսը հասանելի և օգտավետ դարձնել նաև մեր հասարակության առավել լայն շերտի համար։ Ինքնին հասկանալի է, որ Վիգեն Սարգսյանն առաջին հերթին ակնարկում է պետական միջոցների արդյունավետ օգտագործման, կոռուպցիոն ռիսկերի վերացման կամ գոնե նվազեցման անհրաժեշտությունը: Ամբողջ խնդիրն այն է, որ գեղեցիկ և հավակնոտ անուններով ծրագրերը, անգամ բարի ցանկությունները բավարար չեն, որպեսզի զինված ուժերը ձերբազատվեն համակարգային թերություններից: Նույնիսկ տեսականորեն հնարավոր չէ պատկերացնել, որ պետական համակարգի տոտալ կոռումպացվածության պարագայում հնարավոր է բանակը դարձնել «օազիս»: «Ազգ-բանակ» հայեցակարգը կոչված պետք է լինի ոչ թե պետական և հանրային հարաբերություններում միլիտարիստական բաղադրիչի ուժեղացմանը, այլ այնպիսի նշաձողի սահմանմանը, որ պաշտպանությունն ու անվտանգությունը դառնան իշխանության գործունեության նպատակը, իսկ բանակը դառնա այն շարժիչ ուժը, որը նպաստում է տնտեսության զարգացմանը, ինչու ոչ` հասարակական հարաբերությունների առողջացմանը:

Այդ ընկալումն է, որ բացակայում է բանակային բարեփոխումներում, դրանց հանրային ընկալումներում: Տեսականորեն բարեփոխումները գուցե իսկապես միտված են բանակի թափանցիկությանը, սակայն գործնականում ռեֆորմները կոսմետիկ, ֆոնային բնույթ ունեն: Մի կողմից«Ազգ-բանակ» հայեցակարգը իր տարբեր բաղադրիչներով, ժամանակային առումով զուգահեռվեց և ասոցացվեց համակարգային տրանսֆորմացիայի գործընթացի հետ, մյուս կողմից` հանրային ընկալումը դա նույնացրեց «1000 դրամի» վիճահարույց նախաձեռնության, ուսանողների տարկետումը վերացնելու օրենսդրական փաթեթի հետ: Եթե անգամ օրենսդրական այս կարգավորումներն անհրաժեշտություն են, ինչը, ի դեպ, չհիմնավորվեց խորհրդարանական քննարկումների ժամանակ, բանակային ռեֆորմները չէր կարելի սկսել այնպիսի նախաձեռնություններով, որոնք ոչ թե կոնսոլիդացնում, այլ պառակտում են հասարակությանը:

«Անշուշտ, ափսոսում եմ, որ քաղաքական տարաձայնությունները, կամ խնդիրների լուծման շուրջ պատկերացումների բազմազանությունը երբեմն ագրեսիվ և ոչ պատշաճ պահվածքի պատճառ են դառնում։

Առհասարակ, ափսոսում եմ, որ մեր հասարակության մեջ հանրային դիսկուրսի լուրջ հետընթաց է նկատվում, և երբ մեկս մյուսի հետ համաձայն չենք, անմիջապես պիտակավորում և վիրավորում ենք միմիանց»,- արդարացիորեն նկատել է պաշտպանության նախարարը, սակայն դարձյալ գործ ունենք ոչ պատճառների վերհանման, այլ հետևանքների, ըստ էության, փորձագիտական արձանագրման հետ։ Հանրային դիսկուրսը քաղաքական, սոցիալական հարաբերությունների կարևոր դրսևորում է և այն չի կարող առաջընթաց ապրել, երբ իշխանությունը ձևավորվում է հասարակության լյումպենացման (10000 դրամանոց ընտրություններ) գնով, իսկ «Ազգ-բանակի» առաջին նախաձեռնությունը դառնում է աղքատ քաղաքացու գրպանը մտնելու (1000 դրամի նախաձեռնություն) նոր հնար:

Երբ հաշված ամիսների ընթացքում պաշտպանության նախարարը դառնում է քաղաքական հակադրության սուբյեկտմի դեպքում, կոշտ պոլեմիկայի մեջ մտնելով ընդդիմության հետ, մյուս դեպքում բուհերը վերածելով «կազարմայի», դժվար է պատկերացնել ռացիոնալ բանավեճ` հասարակական կամ քաղաքական համաձայնությունների վերջաբանով:

Իշխանությունն ինքն է քաղաքական, բանավեճային մշակույթի ձևավորման աղբյուրը և, եթե «վերևները» հասարակության լոյալությունն ապահովում են մահակի կամ քսակի միջոցով, ապա «Ազգ-բանակը» դառնում է բուտաֆորիա, որի ստվերում մշակվում են հասարակության հարստահարման և լյումպենացման «արդյունավետ» մեխանիզմներ:

«Ազգ-բանակը» պետք է դառնա պետական համակարգի արդիականացման շարժիչ` օլիգոպոլ համակարգի գեղեցիկ փաթեթավորման վերածվելու փոխարեն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20