Կառավարությունն ընդլայնում է պաշտոնյաներին փոխկապակցված անձանց ցանկը

- in Պաշտոնական
Vache Gabrielyan

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նախագծով և հարակից նախագծերի փաթեթով ընդլայնվել է պաշտոնյաներին փոխկապակցված անձանց ցանկը:

Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը

տեղեկացրեց, որ ընդլայնվել է պաշտոնյաներին փոխկապակցված անձանց ցանկը: «Դրանք են պաշտոնը զբաղեցնող անձի կամ նրա ամուսնու զավակը (այդ թվում՝ որդեգրված), ծնողը (այդ թվում՝ որդեգրողը), քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը, մորաքույրը, հորաքույրը, հորեղբայրը, մորեղբայրը, քրոջ և եղբոր զավակները, պաշտոն զբաղեցնող անձի մորաքրոջ, հորեղբոր, մորեղբոր զավակները: Բոլորը կարող են հասկացվել փոխկապակցված անձանց տրամաբանության տակ»,- նշեց Գաբրիելյանը:

Նա ընդգծեց, որ նրանք հայտարարագիր չեն ներկայացնում, սակայն համարվում են փոխկապակցված անձ: «Երբ շահերի բախման տեսանկյունից քննարկում է գնում, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նրանց գործառնությունները կարող է դիտարկել այդ տրամաբանությամբ»,- ասաց փոխվարչապետը:

Նա հավելեց, որ հստակեցվել են նաև նվերներ ստանալու դրույթները: «Խիստ կանոնակարգվել է բոլոր պաշտոնական պարագաներում նվերներ ստանալը, ինչպես նաև համապատասխանորեն սահմանափակումներ են դրվել դրանց վրա, և կարգ պետք է մշակվի, որով ցանկացած այդպիսի նվեր պետք է հաշվառվի և հանձնվի: Հաշվառման դրույթը օրենքին համապատասխան պետք է իրականացվի»,- պարզաբանեց Վաչե Գաբրիելյանը:

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխման նախարար Վաչե Գաբրիելյանն իր իսկ կողմից ղեկավարվող նախարարության լուծարման գործընթացին վերաբերվում է նորմալ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետը եւ հիմնավորեց, որ Հայաստանին անհրաժեշտ են բարեփոխումներ:

«Եթե նախարարությունը չկա, դա չի նշանակում, որ գործառույթը վերանում է: Ինտեգրումը կարելի է անել այլ միջոցներով, մասնավորապես, փոխվարչապետի ինստիտուտի միջոցով՝ առանց նախարարության, վարչապետի աշխատակազմի միջոցով կհամակարգվեն»,- պարզաբանեց փոխվարչապետը:

Spread the love