Չկա գրեթե օր, և չկա գրեթե մի ՀՀԿ-ական, որը հրապարակայնորեն չի նսեմացնում նրա պետական կառավարչական որակները, հայտարարելով, որ Կարապետյանը չունի բավարար պատրաստվածություն արտաքին քաղաքականության, Արցախի, անվտանգության խնդիրներում: Իհարկե այստեղ հնչում է գրեթե պարզ ճշմարտությունը և խնդիրը, անշուշտ, դա չէ:

Խնդիրն այն է, որ այն հնչում է և, փաստորեն, Կարեն Կարապետյանը վարչապետության մեկուկես տարիների ընթացքում ըստ էության ստանում է երկու գնահատական: Բանն այն է, որ ինչքան էլ Հայաստանում վարչապետն առավելապես կենտրոնացած է տնտեսական հարցերի վրա, այդուհանդերձ, Հայաստանը կիսանախագահական պետություն է և, հետևաբար, վարչապետը միայն տնտեսվար չէ, այլ նաև քաղաքական ֆիգուր:

Ավելին, վարչապետը կատարում է արտասահմանյան այցեր, պաշտոնական հյուրեր ընդունում արտերկրից, իսկ այդ ամենը քաղաքականություն է, առաջին հերթին: Եվ եթե մեկուկես տարի անց հայտարարվում է, որ նա չունի բավարար պատրաստվածություն, ապա դա այլ բան չէ, քան նրա քաղաքական անընդունակության մասին հայտարարությունները: Ու հաշվի առնելով նաև այն, թե ինչի համար են հնչում դրանք՝ Սերժ Սարգսյանի վարչապետական առաջադրումը հիմնավորելու, ակնառու է դառնում, որ Կարապետյանին հրապարակավ արժեզրկում են Սերժ Սարգսյանի համար: Եվ այստեղ առաջանում է մի պարզ հարց՝ երբ Կարեն Կարապետյանը մեկուկես տարի առաջ Սերժ Սարգսյանի հետ հանգամանալից ու մանրամասն զրույցների արդյունքում համաձայնեց լինել Հայաստանի վարչապետ, այդ ժամանակ պայմանավորվածությունների շրջանակում խոսվե՞լ է ներկայիս իրավիճակի մասին, Կարեն Կարապետյանը ենթադրել կամ պատկերացրե՞լ է, որ կգա 2018-ի մարտը և կսկսվի ապրիլի համար նրա նսեմացումը, և, ըստ էության, որոշակի դեպքերում նույնիսկ նվաստացումը: Կարապետյանի մտքով դա չի՞ անցել, որ կարող է լինել նման իրավիճակ, թե՞ Կարապետյանը համաձայնել է այդ իրավիճակին՝ հանուն Սերժ Սարգսյանի:

Համենայնդեպս, նրա ներկայիս պահվածքը կամ լռությունը ստանում է կամ խորհրդավորություն, կամ պարզապես վերածում է ինքնախարազանման, որովհետև եթե Կարապետյանը անգամ չէր սպասում նման շրջադարձ, և Սերժ Սարգսյանը խախտել է պայմանավորվածությունը, ապա այդ դեպքում լռությունը դառնում է առավել անհասկանալի:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •