Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այցով Գյումրի է ուղևորվել Երևանի երկաթուղային կայարանից՝ Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր ЭП2Д էլեկտրագնացքով։

Ինքնին հասկանալի է, որ Կարապետյանի Գյումրի մեկնելու առիթը հենց նոր ЭП2Д էլեկտրագնացքն է, որը վերջերս է ձեռք բերվել ռուսական «Տրանսմաշխոլդինգ» արտադրող ընկերությունից: Մարտի 4-ից նոր էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ-կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների, օրը 2 անգամ: Երթևեկության տևողությունը կազմում է 1 ժամ 59 րոպե:

ՓաստորենԿարապետյանը դարձել է նոր էլեկտրագնացքի առաջին ուղևորը: Կարեն Կարապետյանի այսօրվա ոչ ստանդարտ ուղևորությունը խորհրդանշական է հատկապես, երբ հաջորդում է երկրի չորրորդ նախագահի ընտրությանը:

Պետական համակարգում հայտնվել է հանրային սպասումների թարմ սուբյեկտնոր առաքելությամբ, անհամեմատ ավելի ընդարձակ միջազգային կապերով: Կարեն Կարապետյանը թերևս համարում է, որ որ իր «քաղաքական» գնացքն արդեն մեկնել է և այդ իմաստով Գյումրի նրա այսօրվա այցն իրապես խորհրդանշական է: Գյումրին հատուկ դեր է ունեցել Կարեն Կարապետյանի գործունեության մեջ` իհարկե, խոստումների մակարդակում. նա թերևս ամիսն առնվազն երկու անգամ այցելել է հանրապետության երկրորդ քաղաք, խոսել է հավակնոտ ծրագրերի մասին: Եթե դրանց անգամ չնչին մասն իրականություն դառնար, ապա Գյումրին այսօր միանգամայն այլ դիմագիծ կունենար և չէր շարունակի նույնանալ աղետի գոտու, անհուսության, աղքատության և հետամնացության հետ:

Անցած տարեվերջին Գագիկ Ծառուկյանի ընդամենը մեկ այցը Գյումրի բացահայտեց Կարապետյանի ծրագրերի եթերականությունը, վիրտուալությունը, որի ստվերից դուրս եկավ հերթական «մեսիայի» գալստյանը անհամբեր սպասող անպաշտպան գյումրեցին: Այսօր հարմարավետ գնացքը Կարապետյանին իր կոմֆորտ կաբինետից տեղափոխեց աղետի գոտու կարգավիճակին ամուր կառչած Գյումրի` խտացնելով, ամփոփելով նրա վարչապետության արդյունքը, տխուր հետևանքը:

Կարեն Կարապետյանի վարչապետությունը, նրա քաղաքականությունը անցած մեկ և կես տարիներին կառուցված են եղել գեղեցիկ կարգախոսների, մասնագիտական պատկերավոր արտահայտությունների, արտաքին էֆեկտի և ֆոնի, տնտեսության հռչակագրային, ոչ իրական աճի վրա, որի ստվերում իրական Հայաստանն է` իր ավելի աղքատացած ու անօգնական ժողովրդով, անհուսալիորեն կոռումպացված և 10-15 օլիգարխի կողմից մեջ-մեջ արված տնտեսությամբ:

Կարեն Կարապետյանն ակնհայտորեն հեռանում է վարչապետի պաշտոնից և նրա գնացքն այսօր նրան հասցրեց այն հանգրվանին, որը նրա չիրականացված խոստումների, «օդային» տնտեսական աճի լավագույն դրսևորումն է:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •