Հակասանիտարական վիճակ. Չարենցի փողոցի բնակիչները ավագանու հաջորդ նիստին կոյուղաջուր են տանելու քաղաքապետին

Taron Margaryan

Կենտրոն վարչական շրջանի Չարենցի երկրորդ նրբանցքի բնակիչները տարիներ շարունակ ապրում են գարշահոտության մեջ։ Երկար տարիներ նրբանցքի 11 տների տակով, բակերով հոսում են հարակից տների կոյուղաջրերը։ Ամբողջ տարածքում գարշահոտություն է, հակահիգիենիկ, հակասանիտարական վիճակ։

«Քանի տարի է՝  բողոքում ենք, դիմումներ ենք գրում թաղապետին, քաղաքապետին, այլ պաշտոնյաների, բայց ոչ մի օգուտ։ Մեզ ասում են, որ էդ տարածքը իրենց կարգավորման տիրույթում չէ, չեն կարող ոչինչ անել, բայց մենք էլ ենք մարդ»,- դժգոհեցին բնակիչները։

Նրանց խոսքով՝ հենց ընտրություններ են լինում, թաղապետարանից, քաղաքապետարանից գալիս չափագրումներ են անում, խոստանում, որ շատ արագ խնդրին լուծում կտան, բայց իրականում ոչ մի արդյունք։ Արդեն քանի տարի է՝ նույն պատկերն է։

Բնակիչների նոր նորոգած բնակարաններից գարշահոտություն էր փչում, պատերը բորբոսած էին, կոյուղաջրերը, ներծծվելով պատերի մեջ, փլուզման վտանգ են առաջացրել գրեթե բոլոր բնակարաններում։

Բնակիչներից մեկը պատմեց, որ անցած տարի, երբ տեսել են, որ պատը փլվելու ենթակա է, ԱԻՆ են զանգահարել, բայց այս դեպքում էլ խնդրին լուծում չի տրվել։ «Բայց չի փլվել, չէ՞»,- պատասխանել են ԱԻՆ-ից։

Ինչ վերաբերում է տարածքի հակահիգիենիկ վիճակին, ապա բնակիչների խոսքով՝ պարբերաբար իրենց երեխաները սուր աղիքային ինֆեկցիայով հայտնվում են հիվանդանոցում, քանի որ դուրս են գալիս բակ, փողոց՝ խաղալու, իսկ այնտեղ բաց տարածքով կոյուղաջուրը հոսում է։ «Տարածքը երբեմն մաքրվում է  միայն ուժեղ անձրևների ժամանակ, երբ ջուրը մաքրում-տանում է կեղտերը, իսկ մնացած օրերին սարսափելի վիճակ է։ Ամռանը սարսափելի է։ Ամաչում ենք, երբ մեր տները մարդ է գալիս։ Որ բարեկամները զանգում են և ասում, թե հյուր են գալիս, ամոթից չգիտենք ինչպես մերժել։ Ասում ենք՝ տանը չենք, քանի որ տնից սարսափելի հոտ է գալիս, ո՞նց հյուր հրավիրենք»,- ասացին բնակիչները։

Նրանք բազմիցս փորձել են վաճառել իրենց տները և հեռանալ, սակայն ապարդյուն։ Անգամ ամենացածր գնով չեն կարողանում վաճառել, քանի որ ով լսում է հասցեն՝ միանգամից հրաժարվում է։ «Էդ Նուբարաշենի կեղտաջուրը մինչև չբերեցին, մռութներին չհասցրեցին, խնդիրը չլուծվեց։ Հիմա մենք որ գնանք ավագանու նիստին, մի 3 լիտրանոցով էլ մենք կտանենք։ Թող մի հատ էլ էստեղի հոտը զգան, գուցե էս անգամ մեր խնդիրն էլ լուծվի»։

Spread the love