Հայաստանը  դատարկվում է: Մարդիկ հեռանում են երկրից

Migracia

Վերջին տարիներին համեմատաբար ավելի շատ են նրանք, ովքեր հեռանում են՝ վաճառելով «ունեցած-չունեցածը»: Գնում են անվերադարձ: Շատացել են ոչ վաղ անցյալի բարձրաստիճան պաշտոնյա, ֆինանսական մեծ կարողությունների տիրապետող հեռացողները, որոնք դեռ երեկ իշխանության մեջ էին կամ նրա կողքին:

Ստեղծվել է երկրի անվտանգության առումով ռիսկային իրավիճակ, մինչդեռ իշխող ուժը ներկայացնողները իրականությունը խեղաթյուրելով, բոլորովին այլ հարթություն տեղափոխելով՝ մատնացույց են անում աշխարհի շարժը և փորձում հայաստանյան արտագաղթը ներկայացնել այդ ծիրում:

«Ժողովրդագրական տեսակետից բոլոր երկրների շարժը դիտարկելիս  կտեսնեք, որ արտագաղթ ասածը շատ երկրներին է հատուկ, եթե նույնիսկ վերցնենք Մերձբալթյան երկրները, որոնք եվրոպական թեքում ունեն, այնտեղ էլ է արտագաղթը շատ մեծ։ Լեհաստանի պես երկիրը, որը զարգացման շատ լավ ճանապարհ է ընտրել, արտագաղթը էսօր շատ-շատ է, գնում են զարգացած երկրներ՝ Գերմանիա, Անգլիա, Ամերիկա։ Հայաստանում արտագաղթը մի քանի պատճառներով է, կապված է նաև պատերազմի հետ»։ Այդպիսին է ՀՀԿ-ի մեկնաբանությունը հայաստանյան արտագաղթի պատճառների վերաբերյալ:

Բնականաբար, պատերազմի գործոնով պայմանավորված՝ Հայաստանից  հեռացողները շատ են: Թերևս ավելի շատ են  վերոնշյալ «մի քանի պատճառներով» հեռացողները, որոնք չքննարկենք, բայց նշենք, որ բոլորն պատճառներն էլ սուբյեկտիվ են ու պայմանավորված իշխող ուժի գործողություններով: Քանի որ Հայաստանում «կյանքը» գերկենտրոնացել է մայրաքաղաք Երևանում, հասարակության կողմից խորությամբ չի ընկալվում հեռավոր լեռնային ու սահմանամերձ գյուղական բնակավայրերի իրական վիճակը: Մինչդեռ երկիրը, նրա սահմանները պահողը, նրա անվտանգությունն ապահովողը գյուղն է, հատկապես սահմանամերձ:

Հայաստանի Հանրապետության կենտրոնում՝ սրտում գտնվող  Էջմիածնի տարածաշրջանի Արագած գյուղի մշտական բնակչությունը 4200 է, առկա՝ տվյալ պահին ապրող  բնակչությունը՝ 2600: Պաշտոնապես «մշտական» ներկայացվող բնակչության  հազիվ 61-62%-ը: Արագածը Երևանից 20 կմ հեռավորության վրա է, և սրան վերաբերող  «թվաբանությունից» կարելի է պատկերացում կազմել մայրաքաղաքից հարյուրավոր կմ հեռու գտնվող սահմանամերձ գյուղերի իրական վիճակի մասին: Որքան էլ Ազգային վիճակագրության ծառայությունը իր «սկզբունքայնությամբ» փորձում է ծուռ հայելիներում ներկայացնել  բնակչությանը վերաբերող վիճակագրությունը, միևնույն է, սահմանամերձ  տարածաշրջաններում արդեն այն վիճակն է, որ կոծկելը պարզապես անհնարին է:

Ներկայացվող աղյուսակում, որ կազմվել է պաշտոնական վիճակագրության հիման վրա,  դիտարկել ենք Ադրբեջանին սահմանակից հայաստանյան ընդամենը երեք մարզերի՝ Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի  գյուղական բնակչության «շարժը»՝ սկսած 2000թ.-ից:

 

2000 2008 2012 2014 2016 2017
ՀՀ մշտականբնակչությունը 3.803.4 3.230.1 3. 274.3 3.017.1 2.998.6 2.986.1
Երևանիբնակչությունը 1248.2 1107.8 1127.3 1068.3 1073.7 1075.8
ՀՀ գյուղականբնակչությունը 1267.7 1160.7 1178.3 1103.0 1091.6 1084.7
Սյունիք 48.7 49.1 49.4 46.3 45.4 45.0
Սիսիան 16.6 16.6 15.1 14.9 14.8
Գորիս 21.5 21.7 20.9 20.6 20.4
Ղափան 8.4 8.6 8.0 7.7 7.6
Մեղրի 2.6 2.5 2.3 2.2 2.2
Տավուշ 93.8 81.6 82.0 73.7 72.6 72.0
Իջևան 28.2 28.9 27 27.0 27.1
Նոյեմբերյան 24.1 24.2 21.8 21.5 21.3
Տավուշ 22.9 22.4 18.8 18.1 17.7
 
Վայոց ձոր 40.8 36.5 36.7 33.5 33.1 32.7
Եղեգնաձոր 27.7 27.8 25.7 25.5 25.1
Վայք 8.8 8.9 7.8 7.6 7.6

 

Համաձայն աղյուսակի տվյալների՝ բնակչության շարժի հետ կապված իրավիճակը բավականին կտրուկ փոխվում է սկսած 2012թ.-ից: Ահավասիկ. 2012-2017թթ.-ին հանրապետության բնակչության թիվը նվազել է 9%-ով: Ընդհանուր գյուղական բնակչության թիվը նվազել է  4.6%-ով, մինչդեռ Սյունիքի գյուղական բնակչությունը նվազել է 9%-ով, Տավուշինը՝ գրեթե 13%-ով, Վայց ձորինը՝ գրեթե 11%-ով:

Վերջին 5 տարիների ընթացքում (2012-2016թթ. դեկտեմբերի 31) միայն Սիսիանի տարածաշրջանի գյուղերից հեռացել է ավելի քան 1800 մարդ, նույնն է թե՝ տարածաշրջանում երկու գյուղ դատարկվել  է: Գորիսում գյուղական բնակչության թիվը նվազել է 1300 մարդով: Դարձյալ՝  երկու գյուղ: Կապանի գյուղերից հեռացել է 1000 մարդ: Մեղրիի գյուղական բնակչությունը նվազել է 12%-ով կամ 300 մարդով: Այս շրջանում կա 11 գյուղ՝ 2500 ընդհանուր բնակչությամբ: Միջին հաշվով մեկ գյուղի բնակչությունը  կազմում է շուրջ  220 մարդ: Համաձայն պաշտոնական տվյալների՝  4-5 տարում 300-ը հեռացել են:

Տավուշի մարզի Տավուշի տարածաշրջանում գյուղական բնակչությունը նվազել է ավելի քան 21%-ով, Նոյեմբերյանի տարածաշրջանում՝ 12%-ով: Վայքում՝ 15%-ով: Տավուշի մարզի Տավուշի տարածաշրջանում կա 17 գյուղական բնակավայր՝ 22.4 ընդհանուր բնակչությամբ: Միջին հաշվով 1300 բնակիչ՝ մեկ գյուղում: Վերջին տարիներին այստեղից 4700 գյուղացի է հեռացել, որ հավասար է   երեքուկես գյուղի դատարկվելու:

Սակայն ներկայացվողը, որ, ինչպես նշվեց, պաշտոնական վիճակագրություն է, «ծուռ» թվաբանություն է:  Իրական վիճակը բոլորովին էլ դա չէ,  քանի որ աղյուսակում բերված թվերը, ինչպես արդեն նշվեց, վերաբերում են գրանցված բնակչությանը: Մինչդեռ  այդ տարածաշրջաններում առկա, իրականում ապրող բնակչության թիվը բոլորովին այլ է ու շատ ավելի «վտանգավոր»:

2011թ.-ին  մարդահամարի տվյալներով՝ Սյունիքի մարզի գյուղական առկա բնակչությունը կազմել է 39269 մարդ, Տավուշինը՝  66360 մարդ, Վայոց ձորինը՝ 30825 մարդ: Փաստորեն 2012թ.-ին Սյունիքի մշտական-գրանցված բնակչությունը ցույց է տրվում 49.4 հազար, մինչդեռ ապրող բնակչության թիվը կազմում է  ավելի քան 10 հազարով պակաս՝ 39.26 հազար: Ավելի վատ է պատկերը  Տավուշի և Վայոց ձորի դեպքում: Տավուշում ցույց տրվող և իրականում ապրող թվերի տարբերությունը 2012թ. կազմում էր ավելի քան 16 հազար մարդ, Վայոց ձորում՝ 6 հազար: Այս պարագայում, եթե իրավիճակին նայում ենք ռեալ ապրողների և ոչ թե գրանցվածների տեսանկյունից, ապա ստացվում է, որ 2012-2016թթ.-ներին հեռացածներից հետո այս տարածաշրջաններում ստացվում է հետևյալ պատկերը. Սյունիքում 2017թ. հունվարի 1-ի տվյալներով՝ փաստացի  34.800 գյուղական բնակչություն կար, Վայոց ձորում՝ 26.8 հազար, Տավուշում՝ 56 հազար:

Վերոնշյալ երեք մարզերի գյուղական բնակչությունը կազմում է հանրապետության ընդհանուր բնակչության 5.5%-ից պակաս, մինչդեռ միայն 2015-2016թթ. այս մարզերի գյուղական բնակավայրերից հեռացել է արտագաղթող ընդհանուր բնակչության ավելի քան 11%-ը: Նշենք, որ վերջին թվերը վերաբերում են 2017թ. հունվարի 1-ին, և վերջին 15 ամիսների ցուցանիշները ներառված չեն հաշվարկներում:

Համայնքների խոշորացումը, վերջին քաղաքական զարգացումները էլ ավելի են արագացնելու մարդկանց՝ այս բնակավայրերից հեռանալը, ինչն էլ լրացուցիչ խթան կլինի, որ   2040թ.-ին այս մարզերի գյուղերի տարածքներից շատերը լիովին դատարկվեն, որոշներում էլ սահմանը պահող զինվորական փոքր գումարտակներ կունենանք և ոչ ավելին: Սա իմ տեսակետը չէ: Այդ տեսակետը հայտնել է փոխվարչապետ Արմեն Գևորգյանը դեռ տարիներ առաջ,   երբ արված դիտողությանը, թե՝ սահմանամերձ, սահմանը պահող գյուղերը դատարկվում են, կառավարությունն էլ միջոցներ չի ձեռնարկում, վերջինս պատասխանեց. «Նախ՝ գյուղացին չի, այլ զինվորն է պահում սահմանը, և երկրորդ՝ ինչ միլիոնավոր դոլարներ դնենք 10-20 տուն ունեցող գյուղը պահելու համար, դրանից բազմապատիկ պակասը կդնենք, մի փոքր ջոկատ կպահենք, և հարցերը կլուծվեն»:

Միանշանակ է, որ դա Արմեն Գևորգյանի անձնական տեսակետը չէ, դա իրականացվող քաղաքականությունն է, որի համար երկիրը շատ թանկ է վճարելու:

Spread the love