Հայաստանի պատրաստ լինելն ու դիմադրունակությունն է նաև, որ Ադրբեջանին զրկելու է պատերազմի միջազգային լեգիտիմությունից

- in Կարծիք
Tank

Ադրբեջանը սկսել է հերթական լայնամասշտաբ զորավարժությունը, որին մասնակցում է երկու տասնյակ հազարից ավելի անձնակազմ, մի քանի հազար և հարյուր միավոր տեխնիկայի տեսակներ, հրթիռներ: Զորավարժություններին փորձարկվելու է լեռնային պայմաններում մարտական գործողությունների իրականացումը:

Ադրբեջանի հերթական լայնամասշտաբ զորավարժությունը, անկասկած, Հայաստանում հերթական անգամ կտա հնարավոր պատերազմի անխուսափելիության մասին գնահատականների և հայտարարությունների առիթ, որոնք կհնչեն շռայլորեն: Եթե, իհարկե, այդ հայտարարությունները հնչում են աքսիոմատիկ այն ճշմարտության հիմքով, որ խաղաղության համար պետք է պատրաստ լինել պատերազմի, ապա դրանք իհարկե կարող են լինել հասկանալիության ու ռացիոնալության դաշտում:

Պարզ պետք է լինի, թերևս մեկընդմիշտ, դուր գա դա մեզ թե ոչ, ուզենք թե ոչ, երազել ենք հենց այդպիսի խաղաղության մասին թե այլ, մեկ է, Ադրեջանն իր որակներով, մտածողությամբ և ագրեսիվությամբ այլ ելք չի թողնում, քան մշտապես պատերազմի պատրաստ լինելու գնով զսպել այդ պատերազմը, և Ադրբեջանին թույլ չտալ վայրկյան իսկ մտածելու, որ կարող է պատերազմով լուծել որևէ հարց: Ընդ որում, հենց սրանից է կախված նաև միջազգային հանրության վերաբերմունքը, այն իմաստով, որ հենց Հայաստանի պատրաստ լինելն ու դիմադրունակությունն է նաև, որ Ադրբեջանին զրկելու է պատերազմի միջազգային լեգիտիմությունից: Սակայն պատերազմի մասին խոսակցությունները Հայաստանում շատ հաճախ ունենում են պարզապես բանդագուշանքի կամ խուճապահարության դրսևորումներ, թեև փորձ է արվում դրանք մատուցել իբրև քաղաքագիտական և փորձագիտական գնահատականներ:

Դա արդեն հարված է Հայաստանի ազգային անվտանգությանը, որովհետև, մեծ հաշվով, նաև այդ հաշվարկները, հայաստանյան այդ արձագանքների մասով ունեցած ակնկալիքներն են ադրբեջանական վարժանքների հիմքում, Հայաստանում սնուցել խուճապային, անկումային, անելանելիության և պատերազմի դատապարտվածության տրամադրություններ, և այդպիսով ջլատել որևէ կառուցողական և պաշտպանական էներգիա: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանի հաշվարկը նաև հենց այն է, որ Հայաստանը զսպման մեխանիզմով խաղաղություն ապահովելու ռեժիմից անցնի խուճապի և, վաղ թե ուշ, պատերազմի դատապարտվածության ռեժիմի, որը ապակառուցողական և քայքայող ռեժիմ է: Ադրբեջանի այդ ակնկալիքները չարդարացնելը Հայաստանի համար ռազմավարական խնդիր է:

Պատերազմն անխուսափելի չէ, այն կախված է նրանից, թե որքան արագ կզարգանա Հայաստանը, որքան պաշտպանունակ կլինի անվտանգության առումով, ռազմական ոլորտի առումով, և որքան զարգացման ունակ կլինի տնտեսության, տեխնոլոգիաների, մարդկային ստեղծագործական ներուժի, այլ ոլորտների և դրանցում քաղաքացիական դրսևորման ազատության առումով: Դա կարող է և պետք է լինի մեր պատասխանն ադրբեջանական ագրեսիվությանը, դա է մեզանից սպասում ու ակնկալում նաև աշխարհը, դա է խաղաղության տեխնոլոգիան, խոշոր հաշվով, ամբողջ աշխարհում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20