Հայաստանի 20 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

- in Ընտրություններ
Elections 2017

Այսօր՝ մարտի 11-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի թվով 19 համայնքներում, և ավագանու անդամի արտահերթ ընտրություն` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում:

Նշված 20 համայնքներից 4-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և 10 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 31 քաղաքացիներից 12-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 19 թեկնածուներից 8-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 9-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության և 2-ը` Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից:

ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 14 համայնքներից 12-ում քվեարկվելու է 1-ական թեկնածու, իսկ Նորամարգ և Դեբետ համայնքներում քվեարկվելու են համապատասխանաբար 3 և 4 թեկնածու:

Ավագանու անդամի գրանցված 146 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 8 թեկնածու: Ավագանու անդամի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 138 թեկնածուներից 75-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 62-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության և 1 թեկնածու՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության կողմից: Ավագանու անդամի 138 թեկնածուներից 15-ը իգական սեռի ներկայացուցիչներ են:

Մարտի 11-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները լուսաբանելու համար ԿԸՀ-ում գրանցվել է 8 լրատվամիջոց` «Շանթ» հեռուստաընկերություն, «Արմնյուզ» հեռուստաընկերություն, «Արմենպրես» լրատվական գործակալություն, «Արմենիա» հեռուստաընկերություն, «Կենտրոն» հեռուստաընկերություն, «Հրապարակ» օրաթերթ, «Առավոտ» օրաթերթ, «Հետք» ինտերնետային պարբերական:

Spread the love