ՀԱՊԿ դիրքորոշումներն ավելի շատ ոչ թե փարատում են Հայաստանի մտահոգությունները, այլ …

- in Կեղտոտ լվացք
HAPK

«ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական անվտանգության հիմնական սպառնալիքները» թեմայով Մոսկվա-Երևան-Աստանա-Բիշքեկ-Մինսկ տեսակամուրջի ժամանակ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը մի քանի անգամ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը կամ Արցախը ՀԱՊԿ անդամ երկիր չէ, և կազմակերպությունը Ստեփանակերտին ռազմական օգնություն չի ցուցաբերի:

Սիդորովի հայտարարությունը շաբլոն է և դրանում, ըստ էության, որևէ նոր կամ արտառոց միտք չկա: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ ռուսաստանցի գեներալների նմանօրինակ հաճախակի դարձած հայտարարությունները խիստ որոշակի հակահայկական բնույթ են ստանում: Քաղաքականության մեջ հայտարարությունները չեն կարող ընկալվել համատեքստից, կոնկրետ իրավիճակից ու հանգամանքներից դուրս:

Ինքնին հասկանալի է, որ ՀԱՊԿ-ն Արցախի հանդեպ իրավական պարտավորություններ չունի, սակայն եթե այդ փաստն անընդհատ շեշտադրվում է Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարումներն արդարացնելու ֆոնին, դա ընկալվում է պատերազմի ուղղակի քարտ-բլանշ Բաքվին, ընդ որումՀայաստանի ֆորմալ դաշնակիցների կողմից: Անդրադառնալով Ադրբեջանին Ռուսաստանի կողմից սպառազինության վաճառքի թեմային՝ Անատոլի Սիդորովը նշել է, որ եթե Ադրբեջանը Ռուսաստանից զենք չգնի, ապա կգնի այլ երկրից: «Բայց կարծում եմ, որ Ռուսաստանի ղեկավարությունը հենց այնպես չի ընդունում այդ որոշումները: Գիտեմ, որ այս հարցը շատ ցավոտ է ընկալվում Հայաստանում, բայց պետք է հասկանալ, որ այստեղ դրված նպատակին, մեկ է, Ադրբեջանը հասնելու է: Դրա համար պետք չէ Ռուսաստանի այս քայլն այդքան հիվանդագին ընդունել: Հատկապես որ Ռուսաստանի Դաշնությունն այդ հարցում օգնում է նաև Հայաստանին»,- ասել է նա: Գեներալի այս պատասխանի մեջ թաքնված է ռուսական քաղաքականության, քարոզչության ամենամեծ կեղծիքներից մեկը, ընդ որում բազմաշերտ ու խորքային:

Բանն այն է, որ կան զենքեր, որ Ադրբեջանը կարող է և գնում է բացառապես Մոսկվայից և այս առումովՌուսաստանն անգնահատելի գործընկեր է Ադրբեջանի համար: Մյուս կողմից արտառոց է, որ Ռուսաստանը սպառազինում է իր դաշնակցի հակառակորդինըստ էության, հեղինակազրկելով ՀԱՊԿ-ն, գետնին հավասարեցնելով նրա քաղաքական հեղինակությունը. հենց այս հանգամանքն առաջին հերթին պետք է մտահոգեր ՀԱՊԿ շտաբի պետին: Նման բան, օրինակ, անկարելի է պատկերացնել ՆԱՏՕ-ում: Եվ վերջապես ամենակարևորը Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անդամ է և նրա առաքելությունը պետք է լինի հակամարտության կողմերին ոչ թե սպառազինություն մատակարարելը, այլ` խաղաղ կարգավորման ծրագիր առաջարկելը: Այդպես են վարվում ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությունը, մեծ հաշվով, դատապարտված է, երբ միջնորդներից մեկը հանդես է գալիս փաստացի պատերազմի հրձիգի դիրքերից:

ՀԱՊԿ-ը քաղաքական, իրավական պարտավորություններ ունի Հայաստանի հանդեպ և պարտավոր էր համարժեք ու օպերատիվ արձագանքելԵրևանը գրավելու մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը: Մինչդեռ Անատոլի Սիդորովը ընդամենը նշել է, որ պետք է հույս ունենալ, թե կան կազմակերպություններ, մարմիններ, որոնք թույլ չեն տա, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններն այնքան լարվեն, որ «միմյանցից մայրաքաղաքներ խլեն»: Չեզոք, ոչինչ չասող մի հայտարարություն, որի նույնիսկ տողատակում ակնարկ անգամ չկա դաշնակից Հայաստանին պաշտպանելու պատրաստակամության մասին: Գուցե Ալիևի նպատակներից մեկը հենց դա է` նման հայտարարություններով անուղղակիորեն ճշտել, թե Մոսկվան կամ ՀԱՊԿ-ն ինչպես կարձագանքեն պատերազմի հնարավոր սանձազերծմանը: Դժվար չէ նկատել, որ ՀԱՊԿ դիրքորոշումներն ավելի շատ ոչ թե փարատում են Հայաստանի մտահոգությունները, այլ քաջալերում են Ադրբեջանի ռազմատենչությունը:

Spread the love