ՀՀԿ կոալիցիոն գործընկերոջ գնահատականն իրավիճակին

- in Հրապարակ
HYD Serzh

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադառնալով վարչապետության չհավակնելու մասին Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությանն ու դրան հակառակ՝ իրականում հավակնելու տպավորությանը, հայտարարել է, թե մարդը պետք է լինի խոսքի տերը.

«Բնական է, որ ցանկացած մարդ պետք է իր խոսքի տերը լինի, եթե իր խոսքի տերը չէ, ուրեմն ինքն ընդհանրապես անելիք չունի հասարակության մեջ: Իր խոսքը պահելը մարդու ամենակարևոր բարոյական արժեքն է, շատ պիտի մտածես, թե ինչ ասես»: Նա ասել է, որ ամեն մարդ ունի իր բարոյականությունը:

ՀՀԿ կոալիցիոն գործընկերոջ գնահատականն իրավիճակին՝ անկախ, իհարկե, անմիջականորեն Սերժ Սարգսյանին ուղղված լինել-չլինելուց, բավականին խոսուն է, և բավականին նշմարելի է ակնարկը ապրիլից առաջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ: ՀՅԴ-ն կարծես թե դժգոհ է վարչապետության հարցում Սերժ Սարգսյանի թեկնածության տարբերակից, թեև թվում էր, որ պետք է լիներ հակառակը՝ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու որոշումով պետք է որ դրական տրամադրեր ՀՅԴ-ին իր հետագա կարգավիճակի հարցում:

Մյուս կողմից՝ իրավիճակն այստեղ բավականին խրթին է, և բանը գուցե նույնիսկ Սերժ Սարգսյանը չէ, այլ իրավիճակը, որում նա կարող է դառնալ կամ առաջադրվել վարչապետի պաշտոնին: ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն օրերս հայտարարում էր, նույնը կրկնել է նաև այսօր, որ Սերժ Սարգսյանը, անկախ իր հավակնություններից կամ ցանկություններից, շարքային կուսակցական է և պետք է ենթարկվի կուսակցության որոշմանը:

ՀՅԴ դիրքորոշման հարցում տվյալ դեպքում թերևս առանցքային է հենց այդ պահը, թե Սերժ Սարգսյանի վարչապետությունն իշխանական ինչ բազայի վրա է կառուցվում, որովհետև եթե բազան ՀՀԿ ներկայիս մեծամասնությունն է, եթե անգամ զուտ ֆորմալ առումով է մեծամասնության կամքը կամ որոշումը դառնում առաջադրման հիմք՝ ի հեճուկս 2014-ի հայտարարության, ապա սա ինքնին արդեն ցուցիչ է: Ի վերջո, պետք է նկատի առնել այն, որ ՀՀԿ մեծամասնությունը, մեղմ ասած, ամենևին կողմ չէր ՀՅԴ-ի հետ կոալիցիային և չէր հասկանում, թե ինչու պետք է հսկայական փողեր ծախսվեն ռեյտինգային ընտրակարգով բացարձակ մեծամասնություն կազմելու համար, իսկ հետո այդ մեծամասնությունը առանց էական անհրաժեշտության կիսվի ՀՅԴ-ի հետ:

Ըստ այդմ, առաջանում է խնդիր, թե 2018-ի ապրիլի հարցը լուծելուց հետո Սերժ Սարգսյանն ինչքանով մոտիվացված կլինի ՀՅԴ-ի հետ կոալիցիոն պայմանավորվածություններին հավատարիմ մնալուն, քանի որ այդ պայմանավորվածությունները ՀՀԿ մեծամասնության մոտ ըստ ամենայնի փաստարկել է հենց 2018-ի ապրիլը սահուն անցկացնելու անհրաժեշտությամբ:

Այլ կերպ ասած՝ ՀՅԴ-ին ոչ այնքան մտահոգում է Սերժ Սարգսյանի վարչապետությունը և 2014 թվականի խոսքի տերը լինելը, որքան 2016-17 թվականների կոալիցիոն պայմանավորվածությունների խոսքի տերը լինելու հանգամանքը:

Spread the love