ՀՅԴ-ն մշակել է հետապրիլյան զարգացումների մի քանի սցենար, ընդհուպ` կոալիցիան լքելը

HYD Serzh

ՀՅԴ-ն ինչ-որ իմաստով սպեցիֆիկ կառույց է և իր ինստիտուցիոնալ բազմաշերտության շնորհիվ կարողանում է ավելի ճկուն արձագանքել տեղի ունեցող իրադարձություններին:

Օրինակ` ՀՅԴ-ն պաշտոնապես մաս է կազմում կառավարությանը և կուսակցական ղեկավար մարմինների մակարդակով աջակցում է կաբինետին, սակայն ավելի ազատ հարթության վրա գործող կուսակցության տնտեսական հանձնախումբը պարբերաբար հրապարակում է վերլուծականներ, որտեղ կառավարության քաղաքականությունը քննադատվում է ավելի կոշտ ձևակերպումներով, քան նույնիսկ ընդդիմադիր հանրահավաքներում հնչածները:

Ավելի հետաքրքիր է ՀՅԴ դիրքավորումը Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության հարցում: Արմեն Ռուստամյանը թերևս առաջինն էր, որը խորհրդարանական ընտրություններից հետո կարծիք հայտնեց, որ Սերժ Սարգսյանի ապագա վարչապետությունը քաղաքականապես մոտիվացված է: Այդ օրերին ապագա վարչապետի թեման ՀՀԿ գործիչների համար նույնիսկ տաբու էր: Հիմա պաշտոնական կուսակցական մարմինների մակարդակով ՀՅԴ-ն նույնպես դրականորեն է արձագանքում Սարգսյանի վարչապետության հեռանկարին, սակայն կուսակցական այլ` ոչ պակաս ազդեցիկ ինստիտուտների միջոցով, որոշակի վերապահումներ է հայտնում, անգամ տպավորություն է ստեղծում, թե տարանջատվում է գործող նախագահից: Սա, իհարկե, փորձարկված մարտավարություն է, ինչի շնորհիվ համակարգային տրանսֆորմացիայի գործընթացում ՀՅԴ-ն փորձում է բարձրացնել իր գինը:

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը կասկածի տակ է դրել Սերժ Սարգսյանի անփոխարինելիության թեզը, ընդ որում նաև ԼՂ խնդրում, ըստ էության` հակադրվելով ՀՀԿ պաշտոնական տեսակետին:

«Խնդիրն այն է, որ խորհրդարանում կա մեծամասնություն, որը Հանրապետական կուսացությունն է, և ինքն է առաջադրելու վարչապետի թեկնածու: Շատ հավանական է, որ այդ թեկնածուն Սերժ Սարգսյանը լինի: Այնպես չէ, որ եթե խորհրդարանում Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն չլիներ, էլի պետք է Սերժ Սարգսյանը լիներ, այդ վիճակը չէ: Այն, որ այսօր արցախյան բանակցային գործընթացի տեղեկատվությանը հիմնականում ինքն է տիրապետում, դա փաստ է, սակայն դա չի նշանակում, որ այդ հանգամանքն անպայման օգուտ կբերի»,- ասել է նա: Կիրո Մանոյանը բացատրել է, այսինքն՝ Սերժ Սարգսյանը՝ որպես կերպար, կարող էր ոչինչ էլ չիմանալ, բայց լավ բանակցող լիներ: Մանոյանը, որը ՀՅԴ կուսակցական աստիճանակարգում առանցքային կարգավիճակ ունի, փաստորեն ակնարկում է, որ խնդիրը ոչ այնքան Սարգսյանի որակներն են, այլ այն հանգամանքը, որ նրա կուսակցությունը մեծամասնություն է: Նույնիսկ տպավորություն է ստեղծվում, որ Մանոյանը տողատակով քննադատում է ՀՀԿ-ին ամեն գնով մեծամասնություն ունենալու համար: Սակայն ավելի էական է այն հանգամանքը, որ Կիրո Մանոյանն ակնարկում է, թե ԼՂ հարցում Սերժ Սարգսյանն այնքան էլ արդյունավետ կամ լավ բանակցող չէ` չնայած այն հանգամանքին, որ ամենից տեղեկացվածն է կարգավորման գործընթացից:

ԼՂ խնդիրը, անվտանգության և պաշտպանության ոլորտները ՀՀԿ-ն համարում է Սերժ Սարգսյանի «ուժեղ» կողմը, գլոբալ առումով` հենց Արցախի խնդրով է գործող իշխանությունը, այսպես կոչված, գաղափարապես մոտիվացնում իր գոյությունը, նույնիսկ ընտրությունների կեղծումը, անարդյունավետ կառավարումը, կոռուպցիան: Տարիներ շարունակ իրականացվել է այն հետևողական քարոզչությունը, թե պետք է հանդուրժել ՀՀԿ իշխանությունը, որովհետև այն ապահովում է Հայաստանի և Արցախի անվտանգությունը: Իհարկե, մեծ հաշվով, սա քարոզչական բլեֆ է, ինչն ապացուցվեց թեկուզև Քառօրյա պատերազմի ժամանակ, սակայն այն որոշակի ազդեցություն թողել է հանրային գիտակցության, տրամադրությունների վրա:

Կիրո Մանոյանը փաստորեն հարվածում է ոչ միայն Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության մոտիվներին, այլ, գլոբալ առումով, գործող իշխանությունների քաղաքական հիմքերին: Այս հանգամանքը հուշում է, որ ՀՅԴ-ն մշակել է հետապրիլյան զարգացումների մի քանի սցենար, ընդհուպ` կոալիցիան լքելը, եթե նոր կառավարության ձևավորման գործընթացում կուսակցության ակնկալիքները չբավարարվեն: Թերևս նման սցենարի չբացառումն է պատճառը, որ ՀՅԴ Հայաստանի նոր Գերագույն մարմնի կազմը ամբողջովին «բեռնաթափված» է այն կուսակցականներից, որոնց անուններն ասոցացվում են Սերժ Սարգսյանի իշխանության հետ:

Ակնհայտ է, որ ապրիլյան զարգացումների հիմնական ինտրիգները տեղի են ունենում ոչ թե իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում, այլ ներիշխանական հարաբերություններում:

Spread the love