Հրապարակվեցին զինված խմբի պարագլխի «կոնսպիրատիվ» հեռախոսազրույցները

- in Իրավունք
Banda

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն  վարչական շրջանի տարածքում գտնվող մասնաշենքում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվեց Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական քննությունը՝ ըստ մեղադրանքի՝ «ՀՀ իշխանությունը յուրացնելու, զավթելու նպատակով ստեղծված հանցավոր համագործակցության» 20 անդամների՝ Արթուր Վարդանյանի,Վահան Շիրխանյանի, Անտոն Դիկրան Թոթոնջյանի, Գառնիկ Մարգարյանի, Վլադիմիր Առաքելյանի, Խաչիկ Ավետիսյանի, Ավետիս Բարեյանի, Վաղինակ Ստեփանյանի, Արթուր Եղիազարյանի, Վահագն Սալնազարյանի, Արման Հայրապետյանի, Էդվարդ Ներսիսյանի, Հարություն Սարիբեկյանի, Արա Պողոսյանի, Տիգրան Բոյաջյանի, Գևորգ Ջնդոյանի, Արկադի Մարդոյանի, Ասյա Մկրտչյանի, Մարինե Կաթանյանի, Նելլի Մինասյանի վերաբերյալ:

Դատական այս նիստը երկար չտևեց: Զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի շահերի պաշտպան, փաստաբան Սիրուշ Աղվանյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը վատ է, տաքությունը հետզհետե ավելի ու ավելի է բարձրանում, նա անկարող է նիստին ներկա գտնվել:

Նախագահողն առաջարկեց շտապօգնություն հրավիրել, Արթուր Վարդանյանն ասաց, որ շտապօգնություն արդեն հրավիրվել է:

Նիստից հետո պաշտպան Սիրուշ Աղվանյանը Արթուր Վարդանյանի առողջական վիճակի վերաբերյալ լրագրողների հարցերին պատասխանելով՝ հայտարարեց. «Արթուր Վարդանյանի առողջական վիճակը 2017 թվականի հուլիսից սկսած՝ վատանում է: Նա մինչև այսօր թույլ չէր տալիս դրա մասին խոսել, բայց արդեն ի վիճակի չէ նստել դատական նիստին… Նրան հետազոտությունների ենթարկել են, բայց մենք չենք վստահում տրված եզրակացություններին… Համալիր գործողություններ են պետք… Օրինակ այսօր նա բողոքում էր լյարդի ցավից, ասում էր, թե «ցավը տալիս է թոքերին»… Հուլիսի կեսերից Արթուր Վարդանյանի ջերմությունը տատանվում է 37-38 աստիճանների միջև… Նրան քաղաքացիական հիվանդանոց չեն տեղափոխել, դատապարտյալների հիվանդանոցում է եղել, հետազոտության համար մասնագետներ են հրավիրվել, բայց կատարված հետազոտությունները բավարար չեն… Եթե նշանակված բուժումը արդյունք տար, այսօր նա այս վիճակում չէր լինի…»:

Այս դատական նիստում դատարանը հասցրեց հետազոտել ընդամենը մի քանի գաղտնալսված հեռախոսազրույց՝ Արթուր Վարդանյանի ու այլ անձանց միջև:

Գյումրեցի վարորդ Հակոբ Հակոբյանի հետ մի քանի խոսակցություններ հրապարակվեցին: Հակոբ Հակոբյանը խմբի անդամներին տաքսի ծառայություն է մատուցել, բացի այդ՝ զենք-զինամթերք է հայթայթել ու վաճառել Արթուր Վարդանյանին: Իր այդ արարքի համար նա արդեն իսկ դատապարտվել է:

Արթուր Վարդանյանը Հակոբ Հակոբյանի հետ շարունակում էր խոսել «ջան-ջիգյարով», դիմելով՝ «ուստ ջան», «ջիգյարդ ուտեմ», «մեռնեմ քեզ, դու իմ համար ուրիշ ես» արտահայտություններով, որոնք այնքան շեշտված էր ասում, որ ամբողջ խոսակցության մեջ հատկապես դրանք էին լսվում դատարանի դահլիճում:

Մի խոսակցության մեջ, նկատի ունենալով մեկ այլ անձի կողմից առաջարկված «ժանգոտ» զենքերն ու այլ զինատեսակները, Արթուր Վարդանյանը «կոնսպիրացիայի» լեզվով պատմում է զենք-զինամթերք ձեռք բերելու ժամանակ մեկ այլ անձի հետ իր սակարկությունների մասին. «Փուչիկները 25 հազար դրամ նստավ վրես… Էն բաների մի հատն էլ ժանգոտված էր, ասի՝ հետ տար… Ասի՝ ուստեն բերել ա 90-ով, բայց թափ-թազա, յաշիկով ա բերել, ոչ թե՝ ժանգոտված, նա էլ թե՝ շան տղա ըլնեմ, իմը չի…»:

Արթուր Վարդանյանը Հակոբ Հակոբյանի որդուն զինծառայության հարցում ինչ-որ աջակցություն էր խոստացել, խոսակցություններից մեկի ժամանակ Հակոբ Հակոբյանին Արթուր Վարդանյանն ասում է. «Քու էրեխու վրով 90 տոկոսով էլած բան ա… Տես՝  100 տոկոս չեմ ասում, չնայած՝ էլած բան ա… Հարց չկա…»:

Մեկ այլ խոսակցության մեջ Արթուր Վարդանյանը հանձնարարել է Վահագն Սալնազարյանին՝ ինչ-որ «ֆիդայի տղա Յուրայի» «Նոյեմբերյան» տանել: «Նոյեմբերյանում» գտնվող Յուրայի հետ Արթուր Վարդանյանը խոսում է Վաղինակ Ստեփանյանի հետ վարած հեռախոսազրույցի ժամանակ՝ խնդրելով հեռախոսը փոխանցել Յուրային: Յուրան էլ Արթուրի՝ զգույշ լինելու հորդորին պատասխանում է. «Դու գիտես իմ զգուշավորության սահմանը, ես սաղին զգուշացրել եմ…»:

Նիստի ավարտին Արթուր Վարդանյանի շահերի պաշտպան, փաստաբան Սիրուշ Աղվանյանը լրագրողների հետ զրույցում՝ հրապարակված անհստակ հեռախոսազրույցների որոշակի արտահայտություններ մեկնաբանելուվերաբերյալ հարցերին պատասխանելով՝ ասաց, թե հրապարակված հեռախոսազրույցների վերաբերյալ ոչ մի մեկնաբանություն ո՛չ ինքը, ո՛չ իր պաշտպանյալ Արթուր Վարդանյանը չեն կատարի: «Դրանք մեղադրանքի կողմի ապացույցներն են… Շատ բաներ մեզ համար էլ հստակ չեն»,- ասաց Սիրուշ Աղվանյանը:

Դատական նիստը կարճ ընթացք ունեցավ ու հետաձգվեց՝ ամբաստանյալ Արթուր Վարդանյանի վատառողջության պատճառով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...