Ճգնաժամը հենց համակարգի մեջ է

- in Կեղտոտ լվացք
Mishik

Կառավարման ներկայիս մոդելը, ավելի շուտ՝ ապրիլի 9-ից ներդրվող մոդելը ավելի շուտ ճգնաժամայի՞ն, թե՞ հակաճգնաժամային մոդել է իշխող համակարգի համար, որը գտնվում է տնտեսական և քաղաքական բարդ խնդիրների ու ռեսուրսների սպառման հանգուցային մի կետում և ունի էֆեկտիվության բարձրացման սուր խնդիր: Գնահատականներն այդ մասով տարբեր են, հակադիր:

Կա տեսակետ, որ նոր մոդելը ճգնաժամահեն է՝ ի տարբերություն ուժեղ նախագահի բրգաձև մոդելի, քանի որ ներկայումս որքան էլ ուժեղ է վարչապետը, այդուհանդերձ դե յուրե իշխանության մասով առաջնային լծակները խորհրդարանի ձեռքին են:

Իրավիճակը այս տեսանկյունից իսկապես հակասական է, և շատ դժվար է գնահատել զուտ մոդելի միտվածությունը: Մյուս կողմից՝ ճգնաժամը ըստ էության հենց համակարգի մեջ է, դրա բնույթի, հետևաբար մոդելն ինքնին կարող է կամ նպաստել դրա դրսևորման արտահայտչականությանը, կամ քողարկել այն, այսպես ասած՝ կատարել խլացուցիչի դեր:

Մի կողմ թողնելով այն, որ Սերժ Սարգսյանը մոդելի փոփոխության գնացել է իր իշխանությունը երկարաձգելու համար, համարժեքությունը թերևս պահանջում է արձանագրել, որ թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Հայաստանում որևէ մեկը անկարող էին զուտ այդ մի շարժառիթով լուծել կառավարման մոդելի փոփոխության հարց, որովհետև Հայաստանն ի վերջո անմարդաբնակ կղզի չէ Խաղաղ օվկիանոսի որևէ հատվածում, այլ աշխարհաքաղաքական միավոր, դե յուրե և դե ֆակտո սուբյեկտ, որի վրա և որի շուրջ խաչվում են միջազգային գերհզոր սուբյեկտների շահեր: Հետևաբար այն, ինչ կատարվում է Հայաստանում, կամա թե ակամա, ուղղակի թե անուղղակի չի կարող չպարունակել «արտաքին հաշվետվության» որոշակի աստիճան, չափաբաժին:

Ըստ այդմ՝ Հայաստանի իշխանությունն ունի միջազգային կենտրոնների համար կանխատեսելիության խնդիր: Այդ խնդրի նվազագույն իսկ լուծում չունենալու պարագայում Հայաստանի հարցում կարող են կայացվել սկզբունքային որոշումներ, որոնք կպարունակեն կոնսենսուս անգամ ներկայումս հակադրության բարձր աստիճանի մեջ գտնվող բևեռների՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Նրանք կարող են ունենալ Հայաստանի վերաբերյալ, Հայաստանի իշխանության, քաղաքական կուրսի, աշխարհաքաղաքական վեկտորի վերաբերյալ տարբեր մոտեցումներ, կարող են ունենալ տարբեր պատկերացումներ և շահերի բախում, սակայն մի բանում նրանք թերևս չեն կարող չունենալ ընդհանուր հայտարար՝ Հայաստանի իշխանության կանխատեսելիություն, առնվազն միջնաժամկետ:

Ըստ այդմ՝ արդեն ներքին դաշտում որոշումների ու մեխանիզմների ձևավորման գործընթացում իշխանությունը չի կարող հաշվի չառնել այդ հանգամանքը և ըստ այդմ որոշումների վերջնական կայացման գործընթացում առաջնորդվել առանց դրանց վերաբերյալ արտաքին գնահատականների և վերաբերմունքի:

Հայաստանի իշխանությանը հնարավոր է մեղադրել ամեն ինչում, բայց ոչ ուժային կենտրոններին «տհաճ անակնկալներ» մատուցելու արկածախնդիր անխոհեմության մեջ: Ըստ այդմ՝ եթե անգամ Հայաստանում գործ ունենք ոչ թե առկա ներքին համակարգային ճգնաժամը ավելի արդյունավետ կառավարելու, իրավիճակի համար անձնական պատասխանատվությունը նախագահի վրայից իշխանական հնարավորինս ավելի շատ տարածքներում ուղղակիորեն ներդնելու բազմակենտրոն մոդելի հետ, այլ ճգնաժամահեն մեխանիզմի, ապա այս դեպքում թերևս ճգնաժամահենությունն առերևույթ է, իսկ խորքում պետությունը պարզապես մտնում է «կառավարելի սահմանադրական քաոսի» փուլ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20