Մարտի 1-ի ողբերգությունն օգտագործելու անհրաժեշտությունը

- in Կեղտոտ լվացք
AJ

Խորհրդարանը մերժեց «Ելք» խմբակցության հայտարարության նախագիծը, որ վերաբերում էր Մարտի 1-2-ի իրադարձություններին: Այդ մերժումն ամենևին անսպասելի չէր, թեև ՀՀԿ-ն դեռևս նախորդ քառօրյային կողմ էր քվեարկել հայտարարության նախագիծը օրակարգ ընդգրկելուն և քննարկելուն, ինչն, իհարկե, անսպասելի էր:

Դրանից հետո երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հանկարծ որոշեց երկար լռությունը խախտել և անդրադառնալ Քոչարյանին հարցաքննելու Նիկոլ Փաշինյանի միջնորդությանը, թեև տողատակում Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը ակնարկ էր Սերժ Սարգսյանին և խորհրդարանին: Այդ առումով ինտրիգն այն չէր՝ կընդունվի՞ Մարտի 1-ի հայտարարությունը, թե՞ ոչ, այլ այն՝ թե ինչպիսի բովանդակությամբ քննարկում կլինի խորհրդարանում և ինչպես կպատասխանի ՀՀԿ-ն, ըստ էության, հենց Ռոբերտ Քոչարյանի արձագանքին:

Այդ իմաստով, ինտրիգ չստացվեց, քննարկումն անցավ գրեթե անաղմուկ, լրահոսում այն գրեթե չզբաղեցրեց որևէ նշանակալի տեղ և տարածություն: Այլ կերպ ասած՝ Մարտի 1-ի տասներորդ տարելիցին, իսկ իրականում թերևս ներիշխանական վերադասավորումների մարտ-ապրիլյան փուլին ընդառաջ կտրուկ ակտիվացած Մարտի 1-ի ողբերգության թեման դարձյալ կոնսերվացվեց: Իշխանության տարբեր թևեր, տարբեր խմբեր միմյանց հասցեին մի քանի բազմիմաստ ակնարկներից և կրակոցներից հետո թերևս, այսպես ասած, համոզվեցին, որ Մարտի 1-ի հարցում իրավիճակը ընդհանուր առմամբ շարունակում է մնալ կանխատեսելիության շրջանում, և հարցը կոնսերվացվեց:

Որքա՞ն ժամանակի համար, սա, իհարկե, հարց է, որի պատասխանը դժվար է ասել: Հարցի այս մակարդակի ապասառեցումը պայմանավորված կլինի թերևս ներիշխանական խնդիրների նոր փուլով, եթե իհարկե, առաջանա այդ հարցերում Մարտի 1-ի ողբերգությունն օգտագործելու անհրաժեշտությունը: Եթե ոչ, ապա հարցը կոնսերվացված կմա երկար ժամանակ, հանրությունը ժամանակ առ ժամանակ իր մասով կհիշի այն կամ ավելի շուտ կհարգի անմեղ զոհերի հիշատակը, սակայն դա չի դառնա ներքաղաքական հարթության վրա քննարկումների առարկա, եթե դրան հակված չլինի իշխանությունը:

Իսկ ինչ կլինի շատ ավելի հետո, երբ Սերժ Սարգսյանը իշխանությունն իր փորձի հետ միասին փոխանցած կլինի «երիտասարդ լիդերներին»: Ինչպես կփոխանցվի նրանց Մարտի 1-ը:

Spread the love