Մարտի 8-ը նույնիսկ սովետական տարիներին, այսպես ասած, «ապագաղափարայնացվել» էր

axjik

Մարտի 8-ի հետքերը տանում են հեռավոր 1857 թ.-ի մարտի 8, երբ Նյու Յորքում տեղի ունեցավ մանածագործների «դատարկ կաթսաների» երթը: Իհարկե, ոչ բոլորն են այսօրվա տոնը կապում հեռավոր այդ իրադարձության հետ:

Պաշտոնական վարկածով՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կանանց կոչով Նյու Յորքում 1908 թվականի մարտի 8-ին կայացել է ցույց` կանանց իրավահավասարության համար։ Այդ օրը ավելի քան 15 000 կանայք շրջել են ողջ քաղաքով՝ պահանջելով կրճատել աշխատանքային օրը և տղամարդկանց հետ հավասարաչափ աշխատավարձ ստանալ։ Բացի այդ, առաջ է քաշվել կանանց՝ ընտրություններին մասնակցելու իրավունք ունենալու պահանջները։ 1909 թվականին Ամերիկայի Սոցիալիստական կուսակցությունը հայտարարել է կանանց ազգային օր, որը նշվել է մինչև 1913 թվականի փետրվարի վերջին կիրակի օրը։ Բայց 1909 թվականին այն համընկել է փետրվարի 28-ին։ Ավելի ուշ՝ 1910 թվականին, ԱՄՆ-ի պատգամավորուհիները ժամանել են Կոպենհագեն՝ երկրորդ միջազգային կոնֆերանսին, որտեղ հանդիպել են կոմունիստ Կլարա Ցետկինի հետ։ Կլարա Ցետկինը 1910 թվականի օգոստոսի 27-ին՝ կանանց միջազգային երկրորդ կոնֆերանսին, որը անցկացվում էր Կոպենհագենում, սահմանել է Կանանց միջազգային օր։

Ահա, հակիրճ մոտավորապես այսպիսին է Մարտի 8-ի տոնի պատմությունը: Երկու իրադարձություններից որն էլ համարենք Մարտի 8-ի «ծննդյան վկայական»՝ ակնհայտ է, որ այսօրվա տոնը կուսական վիճակում ունեցել է ընդգծված քաղաքական, սոցիալական, նույնիսկ դասակարգային բնույթ: Եվ ամենևին պատահական չէ, որ Մարտի 8-ը դասվել է, այսպես կոչված, «գաղափարական» տոների շարքին և անցյալում պետականորեն նշվել է ԽՍՀՄ-ում և սոցիալիստական ճամբարի երկրներում, իսկ այսօր՝ Ռուսաստանում և հետխորհրդային մի քանի պետություններում, այդ թվում՝ Հայաստանում:

Կոմունիստական իշխանության տապալումից հետո Երրորդ հանրապետության առաջին իշխանությունները Մարտի 8-ը փոխարինեցին ապրիլի 7-ի Մայրության և Գեղեցկության տոնով, որի հումանիստական, հոգևոր առաքելությունը չի վիճարկվում աշխարհի որևէ քաղաքակիրթ երկրում: Սակայն Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության քաղաքական, բարոյական հեղինակությունը բավարար չեղավ տասնամյակների ընթացքում հասարակության գիտակցության մեջ արմատավորված կարծրատիպերը կոտրելու համար, մանավանդ, որ Ապրիլի 7-ն իր շուրջ չկարողացավ ստեղծել ավանդույթների, ասոցիացիաների կայուն համակարգ:

Մյուս կողմից՝ քաղաքական և տնտեսական ռեֆորմների կասեցումը շատ արագ հեղինակազրկեց նոր իշխանություններին՝ հասարակության մեջ ծնելով նոստալգիկ տրամադրություններ սովետական ամեն ինչի, այդ թվում՝ տոների հանդեպ: Մարտի 8-ը չէր էլ ջնջվել հասարակության գիտակցությունից և շատ արագ վերականգնվեց պետական տոնացույցում: Իհարկե, Մարտի 8-ը նույնիսկ սովետական տարիներին, այսպես ասած, «ապագաղափարայնացվել» էր մեր հասարակության կողմից և իրապես վերածվել տոնի՝ գարնան գալուստը խորհրդանշող մի իրադարձության, երբ բոլորս արժևորում ենք մեր մայրերին, քույրերին, կանանց, աղջիկներին, ընկերուհիներին և գործընկերուհիներին:

Մենք միանում ենք բյուր շնորհավորանքներին՝ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին մաղթելով առողջություն, երջանկություն՝ գաղափարական «իզմերից» ու կարծրատիպերից դուրս: Միևնույն ժամանակ ակնկալում ենք, որ Մարտի 8-ը, տոնականությունից զատ, պետք է դառնա այն առիթը, որն իշխանությունների համար ազդակ կդառնա՝ օրենսդրական և կիրառական քաղաքականության մակարդակում կնոջը, ընտանիքին, մայրությունը խրախուսելու, պաշտպանելու համար՝ դրանք համարելով գերակա ուղղություններ սոցիալական քաղաքականության համատեքստում:

Spread the love